Միջազգային հանրապետական հաստատության (IRI)՝ շուրջ 1500 քաղաքացու շրջանում ապրիլ-մայիսին անցկացված հարցումների համաձայն Հայաստանի բնակչությանը մտահոգող առանցքային խնդիրներն են ռազմագերիների վերադարձը, քաղաքական կայունության վերականգնումն ու գործազրկության նվազումը, «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշում է IRI եվրասիական տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Սթեֆեն Նիքսը:
Նրա կարծիքով կարևոր է նաև չորրորդ գործոնը, որը վերաբերում է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման հարցում առկա հոռետեսական տրամադրություններին:
Հարցման համաձայն՝ գալիք ընտրություններում ակնկալվում է մասնակցության բարձր ցուցանիշ: Հարցվողների ճնշող մեծամասնությունը՝ 72 տոկոսը, անպայման կամ ամենայն հավանականությամբ կմասնակցի գալիք ընտրություններին:
«Դա ապշեցուցիչ թիվ է` հաշվի առնելով այն ամենն, ինչը տեղի է ունեցել Հայաստանում այս կարճ ժամանակահատվածում: Դա ևս մեկ ցուցանիշ է, որ մարդիկ հավատում են ժողովրդավարությանը, ցանկանում են, որ այն գործի: Մենք դա դիտարկում ենք որպես ցուցանիշ»,- շեշտում է Նիքսը:
Կարդացեք նաև
Հարցման արդյունքների համաձայն՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխող քաղաքական ուժի վարկանիշը վերջին ամիսների ընթացքում անկում է ապրել 7 տոկոսով: Այսօր «Քաղաքացիական պայմանագրի/Իմ քայլի» օգտին պատրաստ են քվեարկել հարցման մասնակիցների 26 տոկոսը: Երկու ամիս առաջ այդ թիվը կազմում էր 33 տոկոս։
Սթեֆան Նիքսը մատնացույց է անում քաղաքական մյուս ուժերի օգտին քվեարկելու պատրաստակամության ցածր թվերը. ըստ հարցման արդյունքների՝ նրանցից յուրաքանչյուրի օգտին պատրաստ են քվեարկել հարցման մասնակիցների մեկական տոկոս, իսկ ընտրողների 55 տոկոսը կամ մեծամասնությունը հրաժարվել կամ դժվարացել է պատասխանել, թե քաղաքական որ ուժին է պատրաստվում տալ իր քվեն:
«Դա մեծ թիվ է, սակայն մենք դա վերագրում ենք այն փաստին, որ վերջին երեք-չորս ամիսների ընթացքում երկրում առկա էին շատ խնդիրներ, ուստի, միգուցե, մարդիկ չեն ցանկանում բացահայտել իրենց ընտրությունը»,- ասում է Սթեֆան Նիքսը:
Դրա հետ մեկտեղ, սակայն, իշխող քաղաքական ուժի երեք գործիչներ՝ Նիկոլ Փաշինյանը (45%), Արարատ Միրզոյանը (40%) և Տիգրան Ավինյանը (30%) արժանացել են հարցման մասնակիցների միանշանակ կամ որոշակի դրական գնահատականների, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին միանշանակ դրական գնահատական է տվել հարցման մասնակիցների 16 տոկոսը: Սթեֆան Նիքսը նման ցուցանիշը որակում է չափազանց բարձր վարկանիշ: Քաղաքական մի շարք այլ գործիչների դրական վարկանիշը, ըստ հարցման, կազմում է Գագիկ Ծառուկյան՝ 25%, Էդմոն Մարուքյան՝ 23%, Ռոբերտ Քոչարյան՝ 20%, Լևոն Տեր-Պետրոսյան՝ 11%, Սերժ Սարգսյան՝ 10%:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում