Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը կհամագործակցի հեղափոխությանը հավատարիմ ուժերի հետ. Լեւոն Շիրինյան

Հունիս 05,2021 22:09

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» առաջին հանրահավաքը Երեւանի Հյուսիսային պողոտայում այսօր մեկնարկեց 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով:

«44-օրյա պատերազմում տեսանք ողջ անվտանգային համակարգի «հմայքը»: Մենք անցյալ վերադառնալ այլեւս չենք կարող, ինչպես եւ չենք կարող թույլ տալ նաեւ ռեւանշ»,- իր ելույթում ասաց դաշինքի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող, Հանրային խորհրդի նախկին նախագահ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Նա նկատեց, որ անվտանգային խնդիրները «ստվերի» նման մեզ ուղեկցում են ՀՀ սահմանային բոլոր հատվածներով, որ «պատերազմից թուլացած ենք այնքան, որ թշնամին սահմանային որոշ հատվածներում ներխուժել ու փորձում է ապացուցել, որ մենք ձախողված ու պարտված պետություն ենք»:

Այս խնդիրներն, ըստ նրա,  չլուծելու եւ ապագա տեղափոխելու իրավունքը չունենք, ձախողումը մեր ուղեկիցը դարձնելու իրավունքը չունենք, «պատերազմում ևս մի սերունդ մատաղ անելու իրավունքը չունենք»: Ունենք պարտականություն` հայրենիքի ամբողջականությունն ու անձեռնմխելիությունն ապահովելու, օր առաջ գերիներին վերադարձնելու, ստեղծելու անվտանգային եւ պաշտպանական այնպիսի համակարգ, որը թշնամու համար անմատչելի կլինի, ստեղծելու երկիր, որտեղ կրթությունն ու գիտությունը բոլոր ոլորտների զարգացման ակունքն է: Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ իրենց թիմն ունակ է այս ամենը անելու:

Դաշինքի ցուցակի առաջին եռյակում տեղ զբաղեցնող փաստաբան Սեդա Սաֆարյանն էլ ասաց. «Ես հիմա էլ գիտեմ, որ շատ- շատերի համար  ես դառը կորիզ եմ եւ իրենք կուզեն ինձ հետ ինչ-որ մի բան անել: Բայց նաեւ գիտեմ, որ ժողովուրդն ինձ սիրում է, եւ այդ սերը թույլ չի տալիս մարդկանց, որ անօրինական քայլեր անեն: Բայց ասեմ, որ իրենք այդքան էլ համարձակ մարդիկ չեն. ես իրենց տեսել եմ դատարանի դահլիճում, ես իրենց տեսել եմ խոսքով, իրենց մտավոր կարողություններով, տեսել եմ տասնյակի հասնող պաշտպաններով: Եթե մարդը ուժեղ լինի, թույլ չի տա, որ տասնյակի հասնող պաշտպաններ լինեն իր կողքը եւ նրանց իրավունք տա, որ խոսեն: Այնպես որ, դուք համարձակ այս ընտրությանը գնալու եք եւ արդարությունը վերականգնելու եք ձեր քվեով: Իմ ժողովուրդը կարող է ամեն մարդու տեղ ցույց տալ: Ես դրան հավատում եմ»:

Դաշինքի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող  քաղաքագետ Լեւոն Շիրինյանը հայտարարեց, որ հանրահավաքին մասնակցում են աշխարհի տարբեր քաղաքներից ժամանած հայեր, ինչը խոսում է այն մասին, որ դաշինքը փորձելու է հայության հավաքական ուժը, որպես ցանցային պետություն, ծառայեցնել պետականությանը եւ ժողովրդի վերածննդին: Դաշինքը նա բնութագրեց բազմաբեւեռ, հայամետ, որի գործունեությունը լինելու է հայաստանակենտրոն: Վստահեցրեց, որ դաշինքը արժեքների վրա է հիմնված եւ բացառապես քաղաքական դաշինք է:

«Սա ռոմանտիկների դաշինք է` աշխարհայացքի մեջ, սա պրագմատիկների դաշինք է`քաղաքական իրականության մեջ»,- ասաց նա` հավելելով, որ այդ պատճառով էլ այն «գողապետերին» հարազատ չէ, նրանց ուղեղի համար անընկալելի է:

«Վիճակը շատ ծանր է, դժվար է լինելու, բայց որ լինելու է, հաստատ լինելու է»,- դաշինքի դավանանքը փոխանցեց Լեւոն Շիրինյանը` հավաստիացնելով, որ իրենք չեն խաբելու. «Բացարձակապես մերժում ենք գողապետությունը, համագործակցությունը եւ այն շանտաժն ու տարածվող լուրերը, թե գողապետության «Հայաստան» դաշինքը հաղթելու է: Չի հաղթելու: Խորհրդարանում «Հայաստան» դաշինքը տեղ կունենա այն ժամանակ, երբ քավարանով կանցնի եւ իր բոլոր մեղքերը կընդունի, կողոպուտը կվերադարձնի»:

Դաշինքը խորհրդարանի ներսում եւ դրսում կհամագործակցի բոլոր այն ուժերի հետ, որոնք եղել եւ մնում են հեղափոխության իդեալներին հավատարիմ, «եթե կոալիցիայի օբյեկտիվ կարիքը լինի», իրենք կոալիցիա կազմելու են նոր իշխանության հետ: Հակառակ պարագայում`այլընտրանքային ուժ կդառնան. «Հեղափոխություն եղել է,  սայթաքել է, այն մեծ արդյունքներ չի գրանցել, բայց տվել է մեր ժողովրդին առավելագույնը`ազատության գիտակցություն»:

Նա հավատացնում է, որ այս ընտրություններում փողը մեծ դեր չի խաղալու, բայց ադմինիստրատիվ ռեսուրսը դեր է խաղալու, ուստի բոլոր համայնքապետերին զգուշացրեց`չհամարձակվեն նախկինների հետ համագործակցել: Հայաստանի գլխավոր հարստությունը Շիրինյանը համարում է հանքահումքային ընդերքը. «Այնպես որ, Հայաստանի վերջին զավակն էլ մնա, Սյունիքը մնալու է Հայաստանին: Այստեղ բազար չի կարող լինել»: Բիզնեսի աշխարհին կոչ է անում չվախենալ`ընդերքը պետականացնելու իրենց ծրագրից, քանզի «51+49» բանաձեւն են կիրառելու, ինչը փոխշահավետ է թե բիզնեսին, թե պետությանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930