Կենդանաբանական այգին, իր գործունեության հիմքում դնելով կենսաբազմազանության պահպանման խորհուրդը, այսօր՝ Շրջակա միջավայրի օրը, որը Հայաստանում նշվում է որպես Բնապահպանի օր, նախաձեռնել էր բնապահպանական միջոցառում:
Կենդանաբանական այգում իրենց տաղավարներով հանդես էին գալիս բնապահպանական ՀԿ-ներ, առևտրային կազմակերպություններ։ Ներկա էին Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղի (NABU) ներկայացուցիչները, Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող Solaron կազմակերպությունը։
Կենդանաբանական այգում իրենց աշխատանքների ցուցադրությամբ հանդես եկան Այնթապի Բյուզանդ Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտները․ ձեռագործ աշխատանքները պատրաստված էին թափոններից՝ պոլիէթիլենից, պլաստիկից և այլն։ Խորհրդանշական է, որ աշխատանքներում պատկերված էին Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված կենդանիները։
Solaron ընկերության ներկայացուցիչ Միլենա Չատինյանի խոսքով, իրենք միացել են բնապահպանի օրվան նվիրված միջոցառմանը, քանի որ ընկերությունը կարևորում է էկոլոգիապես մաքուր էներգիայի արտադրությունը և նախաձեռնությանը մասնակցում են «Միացիր Արևին, որ չանջատվի մոլորակը» կարգախոսով։
Կարդացեք նաև
Երևանի կենդանաբանական այգու մամուլի պատասխանատու Լիանա Բրյանը նշեց, որ միջոցառման խորհուրդը «կանաչ», պատասխանատու ապրելակերպի գաղափարի տարածումն է և կենդանաբանական այգին ստանձնել է այդ առաքելությունը։
Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ