Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրանք սովորական ընտրություններ չեն, սա մեզ համար պատերազմի շարունակությունն է». Թաթուլ Մանասերյան

Հունիս 05,2021 19:29

«Սրանք սովորական ընտրություններ չեն, սա մեզ համար պատերազմի շարունակությունն է, որում մենք մտել ենք կամավոր, որոնցից պետք է շիտակ դուրս գանք»,- այսօր կազմակերպված քննարկման ժամանակ կարծիք հայտնեց «Արկադի Տեր-Թադեւոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Թաթուլ Մանասերյանը:

«Գոնե այն հարցում, որ մենք գտել ենք, ճանաչել ենք, թե մեզ խանգարողն ով է, ինչն է, և այս հարցում մենք պետք է միաբան լինենք և առաջարկներով խնդիր լուծել: Չենք կարող թույլ տալ, որ ինչպես երեկ Արարատի մարզում էր, լինի այդպիսի աղետ, ես ուզում եմ այդ մարդկանց հարցնել, որ դուք կարուստ չունե՞ք, ուրիշի զավա՞կն է զոհվել»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:

Խորհուրդը եւ «Genesis Արմենիա» կազմակերպությունն այսօր նախաձեռնել էին կլոր սեղան-քննարկում`վեր հանելու այն սպառնալիքները եւ լուծումները, որոնք կան այսօր մեր պետության եւ պետականության առջեւ:

«Բոլորիս նպատակը մեկն է՝ ունենալ անվտանգ եւ հզոր երկիր եւ փորձել ուղղել մեր ողնաշարը՝ հնարավորինս քիչ կորուստներով: Բոլորս ունենք տարաձայնություններ, բայց սա այն հարթակն է, որտեղ բոլորս պետք է փորձենք ընդհանուր եզրեր գտնել իրար հետ, քանի որ կյանքը շարունակվում է եւ յուրաքանչյուր օր հապաղելը նշանակում է մսխել հայկական պետության դիվանագիտական, անվտանգային, ռազմական, քաղաքական իմունիտետը»,- ասաց «Genesis Արմենիա» կազմակերպության համակարգող Աբրահամ Գասպարյանը:

Քննարկման օրակարգային հարցերն էին`ինչպե՞ս կանխել իշխանությունների վերարտադրությունը եւ ապագա Հայաստանի ու Արցախի կառուցման գործում իրենց մասնակցությունը բերելու հավակնություն ունեցող ուժերի հետ համատեղ սկզբունքային մոտեցումների եւ չափորոշիչների հստակեցումը: Քննարկմանը մասնակցում էին ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Հրավերը չէին ընդունել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, ՀԱԿ եւ «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի անդամները:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի դիտարկմամբ, հասարակությունը չափազանց բեւեռացված եւ պառակտված է. «Քաղաքական դաշտը չկայացած է, եկեք ընդունենք՝ 26 ուժեր կան, որոնք մասնակցում են ընտրություններին: Բոլորիս մտքի մեջ կա հզոր երկիր կառուցելու տեսլականը, բայց առանց հզոր հասարակության մենք չենք կարող խոսել հզոր երկրի մասին»: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը անդրադարձավ Երևանում երեկ անցկացված գինու փառատոնին. «Մենք խայտառակ պարտություն ենք կրել, բայց Երևանում կազմակերպվում է գինու փառատոն ու հայ երիտասարդները այդ գինու տոնն են ըմբոշխնում. սա հիվանդ ժողովրդի դրսևորում է: 10-15 տարիների ընթացքում կաթիլ-կաթիլ ներարկեցին մեր ժողովրդի մեջ»:

Քննարկման արդյունքում ընդունվեց հայտարարություն. «Ընդհանրացնելով հնչած դիտարկումները, հաշվի առնելով հասարակության և պետության առջև ծառացած լրջագույն անվտանգային սպառնալիքներն ու մարտահրավերները, դրանց դիմագրավման անհրաժեշտությունը, այդ հարցում գործող իշխանության անկարողությունը, նկատի ունենալով նախընտրական շրջանում հասարակության պառակտման մտահոգիչ միտումները, ատելության խոսքի շարունակական տարածումը, անհրաժեշտ ենք համարում՝

– բացառել հասարակության բաժանարար գծերի ընդգծումն ու պառակտիչ խոսույթի ծավալումը նախընտրական և հետընտրական ցնցումներից խուսափելու նպատակով,

– նախընտրական քարոզարշավը կազմակերպել՝ հիմք ընդունելով ազգային-պետական շահերն ու գերակայությունները, ազգային համերաշխության ու հասարակական միասնականության
անհրաժեշտությունը,

– անթույլատրելի են ատելության խոսքն ու դրա քարոզը,

– ընտրական գործընթացների նկատմամբ սահմանել հասարակական վերահսկողություն և սոց-քաղաքական, տնտեսական, անվտանգային իրողությունների՝ հնարավորինս օբյեկտիվ ու ճշմարտացի ներկայացում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930