«Իմ ընտանիքի դեմ ամենաքստմնելի արշավն է սկսվել»,- Աբովյանում այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Էդ մարդու (Ռոբերտ Քոչարյանի-Ն. Գ) ընտանիքի անդամն ասում է՝ քվեարկել Փաշինյանի օգտին նշանակում է քվեարկել Ալիեւի օգտին: Ես հարց եմ տալիս՝ Քոչարյանի տղեն որտե՞ղ է եղել պատերազմի ընթացքում: Թող հետաքննություն սկսվի, որտեղ է եղել իմ տղան պատերազմի ընթացքում: Ինձ իրականում չեն ներում էդ բանը: Ո՞նց: Քո տղեն պիտի բանակ ուղարկեիր`ծառայի՞, առաջնագծում լինի՞: Չշփոթես, մեզ բոլորիս, ի՞նչ ես անում»:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր ընտանիքի նկատմամբ մեծ եւ քստմնելի արշավ է սկսվել. «Պատերազմը սկսվում է, որոշ էլիտար ներկայացուցիչներ ինձ բերում տեսանյութ են ցույց տալիս, որը վերջերս հրապարակվեց, թե Ստեփանակերտից ինչ մեծ ավտոմեքենաների հոսք է: Ես իմ կնոջն ուղարկում եմ Ստեփանակերտ: Ասում եմ` դու գնա Ստեփանակերտ, ի ցույց այն բանի, որ ճիշտ ուղղությունը այստեղից այնտեղ է: Իմ կինը գնում է, ռմբակոծվող քաղաքում… մի հատ իդիոտ ով կա, ասում է` Աննա Հակոբյանը ժուչոկներ է դրել զորամասերում, որ հակառակորդը թիրախը ճիշտ վերցնի: Պիտի ընտանիքիս անդամներին ուղարկեի Կանարյան կղզիներ, չէ՞…»:
Նա հայտարարեց, որ «մի հատ մեծանուն ջոկատի» հրամանատարներ «բռնվել» են Հադրութի գրավման օպերացիային աջակցելու հարցում:
Կարդացեք նաև
«Տղայիս հասցեին ինչ ասես ասել են: Մի հիմար ասում է՝ 1200 զինվոր է զոհվել, որ Աշոտին էվակուացնեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Այդ ընթացքում դահլիճում հնչում էին «Վե՛րջ թավիշին» կոչեր: «Իմ տղայի հետ կողք-կողքի, ուս-ուսի խրամատում գտնվող տղան զոհվել է: Էդ տղան զոհվել է, Աշոտին բան չի եղել: Ես կարո՞ղ էի որոշել, որ ականի պայթյունից Աշոտն անվտանգ մնա՞: Ես հայտարարում եմ, որ Սարդարապատ է, կինս կամավորական ջոկատ է կազմում, Սիսիանում մարտական պատրաստություն են անցնում եւ գնում Գորիսի խրամատներում կանգնում են: Ի՞նչն է էստեղ վատ, դավաճանությո՞ւն է, էլի պիտի սալոններում մնայի՞ն, որ ճիշտ լիներ»,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը` բացատրելով, որ Աննա Հակոբյանի ջոկատի անունն «Էրատո» է եղել ոչ թե իբրեւ պարտության սիմվոլ եւ պետականության ավարտ, այլ իբրեւ հաղթանակի եւ հարատեւության նշան:
«Ոհմակի նման, ամենաքստմնելի, իմ ընտանիքի անդամների մասին ինչ ասես ասում են, որովհետեւ իրենք են էդպիսին, էդպես խոսողի ընտանիքի կուլտուրան է երեւի այդպիսին: Իրենք ուզում են մեզ կաշկանդեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ դավադրությունների չի հավատում, բայց փաստեր կան, որոնք տարօրինակ են. «Ես մայիսի 11-ին հայտարարում եմ, որ ԱԺ-ն լուծարվում է, եւ հաջորդ օրը Սյունիքի ու Գեղարքունիքի դեպքերն են լինում: Ակնհայտ է, որ կան դրսի ուժեր, որոնք ուզում են գրել մեր ընտրությունների արդյունքները: Սա շատ վտանգավոր վիճակ է, մենք պետք է շատ զգոն, շատ պինդ ու միասնական լինենք: Այն մարդիկ, որ ասում են`«Նիկոլի օգտին քվեարկել`նշանակում է Ալիեւի օգտին քվեարկել», ես դրա հիման վրա ասում եմ, այո, կան ուժեր, որոնք ուզում են ընտրությունների արդյունքներ ստանան»:
Դահլիճից տեսակետեր հնչեցին, որ «նրանք կկեղծեն»: Նիկոլ Փաշինյանը հակադարձեց`«ղալլաթ կանեն» եւ հավաստիացրեց, որ ինչպես ՀՀ քաղաքացին քվեարկի, այդպես էլ արտացոլվելու են ընտրությունների արդյունքները: Դահլիճից նաեւ ընտրակաշառքի մասին հայտարարություններ հնչեցին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց`«եթե բաժանում են, ապա ձերբակալություններ կլինեն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ