Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը խոստովանեց՝ իր նոր կետը չէր երաշխավորում «կատաստրոֆա եւ աղետից» խուսափում, բաց ինքը պատրաստ էր ամենածանր պայմաններն ընդունել

Հունիս 05,2021 16:48

Ադրբեջանը մերժել է կարգավորման բոլոր առաջարկները, քանի որ տեսել է, թե Հայաստանում ինչ է տեղի ունեցել եւ հասկացել է, որ տասը տարի հետո Հայաստանն ավելի խոցելի է դառնալու. այսօր Աբովյան քաղաքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Արցախի հարցի կարգավորման գործընթացին:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2016-ի հունվարին տեղի է ունեցել մի բան, որը առանցքային է. «Միջնորդները Հայաստանին ներկայացնում են առաջարկ, որը, ըստ էության պահանջ է, որ Հայաստանը պետք է հրաժարվի ԼՂՀ միջանկյալ կարգավիճակից»:

Ըստ նրա, 2016-ի հունվարի 23 կամ 24-ին միջնորդները պահանջ են ներկայացում Հայաստանին`վերջնականապես հրաժարվել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու որեւէ տարբերակից: Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ իր բոլոր ասածները փաստաթղթային հիմնավորումներ ունեն եւ եթե պետք լինի` դրանք կհրապարակվեն, բայց հիմա չի կարող հրապարակել: Միջնորդների առաջարկից երկու ամիս անց տեղի է ունենում ապրիլյան քառօրյա պատերազմը, քանի որ Հայաստանը չի ընդունում առաջարկը: Իսկ պատերազմի արդյունքում բանակցային սեղանին հայտնվում է նոր փաստաթուղթ, որտեղ Արցախի միջանկյալ կարգավիճակի մասին արդեն խոսք չկա. «Բանակցությունները շարունակվում են այդ տրամաբանության մեջ: Մինչեւ այդ կետը, մի նրբություն է տեղի ունենում բանակցային գործընթացում, որ Լաչինի եւ Քելբաջարի` Ադրբեջանին վերադարձնելու հարցը ինչ-որ ձեւով կապված է լինում Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հետ»:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ հայկական կողմը մեծ ջանքեր էր գործադրում, որպեսզի Արցախի միջանկյալ կարգավիճակի հարցը վերադարձնի բանակցային գործընթաց եւ գնում էր զիջումների եւ այդ ընթացքում գաղափար է առաջարկվում, որ Քարվաճառն ու Լաչինը հայկական կողմը հանձնում է, բայց Ադրբեջանը չի ստանում այն իրավաբանորեն: Այսինքն, այդ երկու շրջանը իրավաբանորեն մնում են ԵԱՀԿ-ի հսկողության ներքո, բայց ադրբեջանցիները հնարավորություն են ստանում այնտեղ բնակվելու, ինչի փոխարեն Արցախին տրվում է միջանկյալ կարգավիճակ: Բայց Ադրբեջանն է հրաժարվում որեւէ կարգավիճակի հարց քննարկելուց:

«Արդյունքում, ստացվում է յոթ շրջանների անվերապահ վերադարձ`առանց որեւէ կարգավիճակի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ ասպարեզ է բերվում նաեւ Ղարաբաղից դուրս եկած 40 հազար ադրբեջանցիների վերադարձի հարցը: Ըստ նրա, արդյունքում, 2018-ին բանակցային գործընթացը հասել էր մի հանգրվանի, երբ Սերժ Սարգսյանն էլ ապրիլին, ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ բանակցային գործընթացը կանգնած է, քանի որ Ադրբեջանի ակնկալիքները չեն բավարարվում: Վկայակոչելով նույն շրջանում Սերժ Սարգսյանի մի քանի հայտարարություններ ևս, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այս վիճակում են իրենք ընդունել Արցախի հարցը` հավելելով, որ կարգավիճակի մասին ենթադրյալ համաժողովրդական հանրաքվեին պետք է մասնակցեին ոչ միայն այդ 40 հազարը, այլ Ադրբեջանը կարող էր ասել, որ նրանց երեխաներն էլ պիտի մասնակցեին, իսկ նրանք, ակնհայտորեն ավելի շատ են, քան Արցախում բնակվող հայերը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, սա էր պատճառը, որ ինքը հայտարարեց, որ նոր կետից են սկսելու, որովհետեւ բանակցությունները մտել էին փակուղի, «ձեր թողած կետը կատաստրոֆա եւ աղետ էր»: Նա նաեւ խոստովանեց, որ իր նոր կետը չէր երաշխավորում «կատաստրոֆա եւ աղետից» խուսափում, բաց ինքը պատրաստ էր ամենածանր պայմաններն ընդունել` «հանուն խաղաղության, հանուն մեր երիտասարդների կյանքի»: Ըստ նրա, մենք կա’մ պետք է ընդունեինք Ադրբեջանի պահանջները կա’մ պետք է պատերազմ լիներ: Նա բացատրեց` գործել է բանաձեւ, որ ինչին հայկական կողմը համաձայնվել է, Ադրբեջանն ավելի է ուզել եւ այդ բանաձեւը դրվել է 1998-99 թվականներին:

Ապա Նիկոլ Փաշինյանը ցուցանիշներ հրապարակեց, որ 2019-ից, ըստ միջազգային կառույցների գնահատականների Հայաստանը սկսում էր զարգանալ եւ Ադրբեջանը պատերազմ սկսեց, քանի որ Հայաստանը զարգանալով առավել ուժեղանալու էր։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930