Այսօր կայացել է «100 տուն Արցախում» ծրագրի մեկնարկը: Մամուլի ասուլիսի ընթացքում Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշել է՝ մեկնարկում է մեծ և կարևոր նախագիծ, որի նպատակը Ասկերանի շրջանում նոր բնակավայրի կառուցումն է ՝ Արցախից տեղահանված ընտանիքներին նոր տներով ապահովելու նպատակով։
Շինարարության ամբողջ ընթացքը նաեւ կցուցադրվի Հանրային հեռուստաընկերությամբ՝ որպես բաց հաշվետվություն՝ ցույց տալու համար նախագծի ամբողջ ընթացքն ու ապահովելու դրա թափանցիկությունը։ Բացի հեռուստատեսային նախագծից, Հանրայինը ստանձնել է նաեւ նոր բնակավայրում առաջին տան կառուցումը, որին կհատկացվի կիրականացվի նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական գովազդից գոյացած շահույթի մի մասը։
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը շնորհակալություն է հայտնել գաղափարի համար և նշել, որ Արցախի կառավարությունը մեծ սիրով համագործակցում է նախագծի շրջանակում տարածքի ընտրության, հողահատկացման և ենթակառուցվածքների հարցում: Սոցապ նախարարությունը հանձնառություն է ստանձնել գտնել այն շահառուներին, որոնք կստանան բնակարանները: Ընտրվելու են այն բազմազավակ ընտանիքները, որոնք ցանկություն են հայտնել ապրել Ասկերանի շրջանում: Նախարարը նշել է, որ նախաձեռնությունը դրական ազդեցություն կունենա նաեւ տարածքի հարեւանությամբ գտնվող գյուղի բնակիչների կյանքի վրա, քանի որ բացի տներից, այստեղ կավելանան նաեւ նոր ենթակառուցվածքներ, օրինակ մանկապարտեզ եւ մշակութային ակումբ։
«Ապրելու Արցախ» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Մեսրոպ Առաքելյանն իր խոսքում նշել է, որ նախաձեռնության համար նախ պետք է շնորհակալություն հայտնել հենց արցախցիներին, որոնք պատերազմից հետո կարողացել են իրենց տոկունությամբ վերականգնվել ու պատրաստ են ապրեցնել իրենց հայրենիքը։ Արդեն գործում է նախաձեռնության կայքը՝ www.apreluartsakh.am, որի միջոցով հանգանակություն կարող են կատարել ինչպես ընկերություններն, այնպես էլ անհատները։ Ծրագրի բազմաթիվ համախոհներ արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել կատարելու առաջին ներդրումները։
Կարդացեք նաև
Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել արդեն այս ամսվա վերջին, իսկ տարեվերջին՝ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում, նոր բնակավայր կտեղափոխվեն ընտանիքների մի մասը։ Ի դեպ, ընտանիքներն ու բոլոր ցանկացողները նույնպես կարող են մասնակցել շինարարական աշխատանքներին ու իրենց ներդրումն ունենալ բնակավայրի կառուցման գործում։
Հանրայինի գործադիր տնօրենը հույս է հայտնել, որ նվիրատվությունները շղթայական բնույթ կկրեն, անհատներն ու կազմակերպությունները կհետեւեն միմյանց օրինակին։
Նվիրաբերել կարելի է www.apreluartsakh.am կայքում։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ