Ըստ Նիկոլ Փաշինյանի, նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը երկու տարվա ընթացքում գնացել է Ադրբեջանի ակնկալիքների ամբողջական բավարարման` նախ Լեռնային Ղարաբաղին դուրս թողնելով բանակցային գործընթացից, ապա բանակցելով Մեղրիի տարբերակը եւ ԵԱՀԿ ստամբուլյան գագաթնաժողովում համաձայնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:
Այսօր Աբովյան քաղաքում անդրադառնալով Արցախի հարցի բանակցային գործընթացի մի շրջանին՝ Նիկոլ Փաշինյանը փորձեց ապացուցել, որ այսօր Արցախի եւ ՀՀ տարածքների շուրջ զարգացումները սկսվել են դեռ 1999 թվականին եւ որ Շուշին միշտ եղել է բանակցային թեմա, մինչդեռ անգամ դիվանագետներն են այսօր իրեն հակադարձում, թե նման բան չի եղել:
Նախապատմությունը նա սկսեց 1994-ի մայիսի 12-ին զինադադարի պայմանագրից, որը կնքվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ. «Սա պատերազմի ամենակարեւոր արձանագրումն էր, որովհետեւ սրանով Ղարաբաղը դարձավ միջազգային իրավունքի սուբյեկտ, որովհետեւ երկու միջազգայնորեն ճանաչված պետությունների պաշտպանության նախարարների հետ փաստաթուղթ է ստորագրում»:
Ապա ասաց, որ 1996-ի վերջին տեղի ունեցած ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովը ամենամեծ ահազանգն էր ՀՀ-ի համար, քանի որ այնտեղ նախագիծ դրվեց շրջանառության մեջ, ըստ որի ԼՂՀ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում: ՀՀ-ն օգտագործեց վետոյի իր իրավունքը, որից հետո այդ նախագիծը ԵԱՀԿ նախագահի հայտարարության մակարդակով է տարածվում:
Կարդացեք նաև
1997 թվականին մինչեւ ապրիլ բանակցային գործընթացը շարունակվում է եռակողմ ձեւաչափով, որտեղ, ըստ Նիկոլ Փաշինյանի, Ղարաբաղը հանդես էր գալիս որպես ինքնուրույն կողմ: 1998-ին՝ Ռոբերտ Քոչարյանի ՀՀ նախագահ դառնալուց հետո Լեռնային Ղարաբաղը դուրս է թողնվում բանակցային գործընթացից: «Հաղթանակի ամբողջ քաղաքական արդյունքը ոչնչացվում է»,- եզրակացրեց Նիկոլ Փաշինյանը` վկայակոչելով այն արձանագրումը, որ սա մեծագույն ական էր` դրված հարցի կարգավորման հիմքում եւ այն ժամանակ էլ իշխանությունը փորձել է այդ ծանրագույն մեղադրանքից խուսափել:
Նիկոլ Փաշինյանը մեջբերեց 2009-ին ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի հայտարարությունը, որ ԼՂՀ-ն բանակցային գործընթացից դուրս թողնելը եղել է հայկական կողմի որոշմամբ: Հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններ, որոնք հաստատում են դա: Հետո հիշեցրեց, որ 1999-ին ի հայտ եկավ Մեղրիի տարբերակը եւ բանակցային սեղանին հայտնվեց փաստաթուղթ. «Սա նշանակում է, որ նստել են փորձագիտական խմբեր, աշխատել են` դարձնելով ամբողջական փաստաթուղթ, որին մասնակցել են Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները»:
Նա մեջբերեց այդ փաստաթղթից մի հատված, ըստ որի այն կյանքի կոչելու արդյունքում Շուշիի եւ Լաչինի շրջանները փոխանցվում են ՀՀ-ին, Մեղին` Ադրբեջանին: Ապա մեջբերեց հաջորդ կետը, ըստ որի, ՀՀ-ն պարտավորվում է դուրս բերել իր զորքը «բոլոր գրավյալ տարածքներից»` Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Կուբաթլու, Շահումյան, Զանգելան, այդ թվում նաեւ Ղազախի շրջանից: «Ղազախը գտեք չէ՞ որն ա, Ղազախը Ադրբեջանի սահմանակից Տավուշի շրջանն ա»,- հստակեցրեց Նիկոլ Փաշինյանը հավելելով, որ այս պարտավորությունը եւ այդ շրջաններից հայերի անվտանգ տեղափոխումը ՀՀ պետք է կատարվի 60 օրվա ընթացքում: Նիկոլ Փաշինյանը ուշադրություն հրավիրեց «գրավյալ տարածքներ» ձեւակերպման վրա`հիշեցնելով նաեւ 2001-ին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի կողմից «օկուպացված տարածքներ» տերմինի օգտագործումը:
Այս ամենը Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց` հակադարձելով օրեր առաջ Արարատի մարզում Ռոբերտ Քոչարյանի արած այն հայտարարությանը, որ երկիրը «բառադի» քայլերով ու հայտարարություններով չի կարելի ղեկավարել:
Նա հիշեցրեց նաեւ Վարդան Օսկանյանի արտահայտության առիթով Ռոբերտ Քոչարյանի պարզաբանումը. «Օդանավում՝ լվացվելու տեղը ես հատուկ նկատեցի, որ գրված էր «occupied», դա չի նշանակում, որ գրված էր զավթված կամ որեւէ այլ նշանակության, եւ մեկնաբանեց. «Հարց են տալիս` ԱԳ նախարարն ասում է տարածքները օկուպացված են, ասում է` լրագրողներ ջան, «սամալյոտի» զուգարանը, որ գնում ես, գրած է օկուպացված: Այսինքն, այս մարդը չի հասկանում` էն լվացվելու տեղի… այսինքն, ինքը, որ հայերեն չգիտի, էդ պահը չի կողմորոշվել զուգարան բառը ասի, կարո՞ղ ա շատ ամոթ ա, քցել-բռնել ա ,ասել ա մոտավորապես լվացվելու տեղ: Չի տարբերում, որ լվացվելու տեղի վրա գրվածը եւ միջազգային կոնվենցիաներում գրված «occupied» բառերը տարբեր բաներ են: Եվ այդ մարդը խոսում է երկրի ղեկավարի կարգավիճակից, բառադի հայտարարություններ անելու մասին: Բառադի ասելով` էդ մարդը իրա գործունեությամբ` Հայաստանի ղեկավարի կարգավիճակը եւ բառադիությունը իր ղեկավարության ողջ ընթացքում հոմանիշ է դարձրել»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Մեղրիի փաստաթղթից հետո անվտանգության խորհրդի նիստին, որտեղ, իր ձեւակերպմամբ, Ռոբերտ Քոչարյանը «փորձում է համոզել» Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանին, հիշեցրեց դրանից հետո Վազգեն Սարգսյանի Մեղրի այցը եւ այն հայտարարությունը, որ Մեղրին ուղղակի հայրենիքի մի կտոր չի, Մեղրին աշխարհը մեր դուռը բերող է եւ Մեղրին պայթելու է Երեւան քաղաքի կենտրոնում: Հիշեցրեց, որ դրանից հետո «Մեղրին պայթեց Երեւանի կենտրոնում» եւ 1999-ին եղավ «հոկտեմբերի 27» ու նախկին դաշնակցական Նաիրի Հունանյանը գնդակահարեց Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին:
Հիշեցրեց նաեւ, որ 1999-ի նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ Ստամբուլյան գագաթնաժողովը, որտեղ ՀՀ-ն կողմ քվեարկեց Եվրոպայի անվտանգության խարտիային, որում ամրագրվում է` «ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է հարգվեն, բայց այդ ընթացքում երկրների տարածքային ամբողջականությունը չպիտի խաթարվի»:
Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանն իրենց կյանքի գնով փրկում են Մեղրին:
Նա եզրակացրեց, որ այս ամենի պատճառն այն էր, որ 1998-ին Ռոբերտ Քոչարյանն ապօրինի էր ընտրվել ՀՀ նախագահ, ընտրություններն էլ կեղծվել էին. «Այս ամեն ինչը արվել է իշխանությունը լեգիտիմացնելու համար: Դրսից այս բաները պարտադրվել են` ի փոխանակում իշխանության»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ