Լրահոս
Զինղեկ Հարութը
Օրվա լրահոսը

Աբովյանում Նիկոլ Փաշինյանը «թավշե մանդատը պողպատե մանդատով փոխելու լիազորություն» խնդրեց

Հունիս 05,2021 14:04

Ինչպես ձեւակերպեց Ռոմանոս Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանն այսօր  «շրջայցով» Աբովյան քաղաքում էր: Հանդիպումը դահլիճային էր: Երբ Նիկոլ Փաշինյանն ուղղում էր խոսափողը, դահլիճից մեկը բղավեց`«կյանքիդ մեռնեմ, վարչապետ ջան»:

Նիկոլ Փաշինյանը գոհունակություն արտահայտող հայացքով նայեց դահլիճին եւ ասաց. «Սա իսկապես շատ կարեւոր պահ է, որ մենք պետք է գնահատենք: Ձեր կեցվածքը, պահվածքը մի արժեք է, որ հնարավոր չի գնահատել, դա անգին է, դա պարտավորեցնող է»:

Երեկ Արտաշատում տեղի ունեցած հանդիպումից հետո իր թիմի ներկայացուցիչներին ասել է`հիմա պատասխանատվությունն ավելի մեծ է, քան 2018-ին, քանի որ այն ժամանակ այլ իրավիճակ էր, ըստ էության ամբողջ Հայաստանն իրենց դիրքորոշումը պաշտպանում էր, իսկ այսօր, իրենց կողքին կանգնած ամեն մարդու դիրքորոշումը տասնապատիկ ավել է. «Այս պահից սկսած չունենք ոչ մի իրավունք, որեւէ հարցում ընդհանրապես սխալվելու, որովհետեւ… մենք ոնց ենք ձեր աչքերի մեջ նայելու»:

Այս ամենը Նիկոլ Փաշինյանն ասաց հուզմունքով: Նա շնորհակալություն հայտնեց վստահության համար. «Ուզում եմ ոչ մի վայրկյան չկասկածեք`այդ խոսքերի, այդ հուզումների մեջ ոչ մի կեղծիք չկա: Ձեզնից յուրաքանչյուրին սիրում, հարգում, գնահատում եմ ինքս, ինչպես իմ ընտանիքի յուրաքանչյուր անդամ: Ձեզնից յուրաքանչյուրի առաջ այնպիսի պարտավորություն ունեմ, ինչպես իմ ընտանիքի յուրաքանչյուր անդամի, յուրաքանչյուր նահատակի առաջ այնպիսի պարտավորություն ունեմ, ինչպես իմ որդու: Բոլոր երեխաների առաջ նույնպիսի պարտավորություն ունեմ, ինչպես իմ Արփիի առաջ»: Բայց այդ պարտավորությունների կատարումը, Նիկոլ Փաշինյանի մատուցմամբ, միայն սիրով չի, պահանջում է գերմարդկային լարում եւ ջանքեր: Այսօր գնացել էր աբովյանցիներին ասելու, որ այդ գերմարդկային ուժը իշխող թիմը ստանում է հանրությունից եւ այդ ջանքերը ներդնելու են ու հորդորում են «թավշե մանդատը պողպատե մանդատով փոխելու լիազորություն» տալ, որով «ուղղենք մեր երկրի ողնաշարը»:

Դահլիճում ծափեր եւ «բրավոներ» պայթեցին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930