Սյունիքի մարզի Տեղ սահմանամերձ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցին հաջողվել է բանակցել ռուս սահմանապահ զորքերի հրամանատարության հետ, որպեսզի բնակիչները կարողանան հնձեն Ձաղազուր տանող ճանապարհի աջ հատվածում՝ մինչև Կոռնիձոր գյուղի սահմանում գտնվող իրենց արտերը։
Ներսես Շադունցը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ խոսքը Լաչինի միջանցքի հատվածում գտնվող խոտհարքների մասին է։ Պայմանավորվածության համաձայն՝ աշխատանքները սկսելու են կիրակի օրը։ «Տարածքը վերաբերում է միայն Լաչինի միջանցքի հատվածին։ Երեւի, ռուս սահմանապահները կկանգնեն, բնակիչներն էլ կհնձեն իրենց խոտը։ Իրենք չեն գալիս էնդեղ, մենք էլ եթե չգնանք ու չհնձենք, հրդեհի վտանգ կա։ Դրա համար հակառակորդին էլ է ձեռնտու հնձել այդ տարածքի խոտերը։ Ասեմ, որ իրենք էլ իրենց վերահսկողության տակ անցած տարածքի խոտերը պիտի հնձեն ու արդեն սկսել են»,-ասաց Շադունցը։
Ռուս սահմանապահների հետ բանակցությունները տևել են երկու օր։ Տեղի համայնքապետարանը այդ տարածքում խոտհարք ունեցող անձանց կտրամադրի տեղեկանք, որպեսզի շատերն անտեղի չգնան ու չխանգարեն խոտհունձը։ Համայնքի ղեկավարը չի կարող հիմա ասել, թե բնակիչներին քանի հոգի կգան հնձելու իրենց արտերը, կարծում է՝ ով խոտհարք ունի, կգա։
Կարդացեք նաև
Ավելացնենք, որ 2020 թ․ նոյեմբերի 10-ից Սյունիքի Տեղ համայնքում ծառայություն իրականացնող ՌԴ-N զորամասի հրամանատարությունը Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ, սերտ համագործակցության, բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալական հուշանվերով պարգևատրել է Տեղի համայնքի ղեկավար Ներսես Շադունցին։ ՌԴ սպայակազմը բարձր է գնահատել համայնքի ղեկավարի նվիրվածությունն ու աշխատանքային գործելաոճը։ Համագործակցությունը հատկապես խորացել է սահմանների պաշտպանության գործում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ