Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Զոլյանը՝ հոր սկանդալային գրառման և ՔՊ ցուցակում չհայտնվելու մասին․ «Իմ թիմի հետ որեւէ խնդիր չունեմ, ոչ էլ հայրիկիս հետ որեւէ խնդիր ունեմ»․ «Հրապարակ»

Հունիս 05,2021 11:39

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մոտ երկու տասնյակ պատգամավորներ տեղ չեն գտել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում: Մերժվածների, իսկ ավելի ճիշտ՝ «քաշվածների» «սեւ ցուցակում» Արարատ Միրզոյանի հովանավորյալներն են՝ Աննա Կարապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Հովհաննես Իգիթյանը, Սոս Ավետիսյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Միքայել Զոլյանը, Սերգեյ Ատոմյանը, Համազասպ Դանիելյանը եւ այլք։

Երեկ նրանցից մի քանիսը մեզ հետ զրույցում ասում էին, որ ցուցակում չեն ընդգրկվել իրենց ցանկությամբ, որ վերադառնում են նախկին աշխատանքին։ Սակայն պարզ է մի բան, որ այլ բան է ցուցակի ոչ անցողիկ հորիզոնականներում լինելը, այլ բան՝ ցուցակից ընդհանրապես դուրս մնալը, ինչը վկայում է այն մասին, որ այս մարդիկ ինչ-որ պատճառով հայտնվել են Փաշինյանի «սեւ ցուցակում»։

Օրինակ, Միքայել Զոլյանի դեպքում, ըստ ամենայնի, հոր՝ քաղաքագետ Սուրեն Զոլյանի՝ Նիկոլ Փաշինյանի մասին սկանդալային գրառումն է պատճառ դարձել։ Սուրեն Զոլյանը, հիշեցնենք, ֆեյսբուքյան իր էջում պատերազմից հետո Փաշինյանի մասին գրել էր. «Վաղը իր գժի թուղթը կհանի եւ որպես անմեղսունակ՝ պատասխանատվությունից կազատվի»։

«Չկա նման բան, դա ոչ մի կապ չունի, ես՝ ինքս եմ որոշել վերադառնալ իմ նախկին գործունեությանը»,- մեզ հետ զրույցում ասաց իմքայլական Զոլյանը։ Հիշեցնենք, որ մինչեւ 2018-ը Զոլյանը, համաձայն պաշտոնական կենսագրության, աշխատել է Բրյուսովի անվան համալսարանում, 2015-2017թթ․՝ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող։

Ո՞ր պահից է նա հասկացել, որ ուզում է վերադառնալ իր նախկին գործին, եւ ինչո՞ւ է մինչեւ հիմա հապաղել։ «Հենց ընտրվելուց ես որոշել էի, որ մնալու եմ պատգամավոր՝ մինչեւ հաջորդ ընտրությունները, երբեք չեմ պատրաստվել երկրորդ անգամ էլ պատգամավոր առաջադրվել»։ Ի դեպ, տեղեկություններ տարածվեցին, որ պատերազմից հետո հոր եւ որդու հարաբերություններն էլ են խզվել։

«Իմ հայրիկի հետ ես հիանալի հարաբերություններ ունեմ, մենք իրար հետ հիանալի իրար հասկանում ենք, եւ բոլոր էն մարդիկ, ովքեր փորձում են մտնել իմ եւ հայրիկիս հարաբերությունների մեջ, էդ մարդկանց իմ դաստիարակությունը թույլ չի տալիս վատ բան ասել, դա անբարոյականության գագաթնակետն է»։ Իսկ թիմի հետ է՞լ են այդ գրառումից հետո հարաբերությունները հիանալի։ «Իմ թիմն ինձ շատ լավ հասկանում է, ես իմ թիմի հետ որեւէ խնդիր չունեմ, ոչ էլ հայրիկիս հետ որեւէ խնդիր ունեմ։ Սա իմ անձնական որոշումն է»։ Փորձեցինք հասկանալ՝ ի՞նչ նկատի ունի «թիմի հետ լավ հարաբերություն» ասելով, լա՞վ են զգացել թիմակիցները հոր ստատուսից, սակայն Զոլյանն իրեն գցեց դահլիճից ներս։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930