Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը հանրահավաքներին դիջեյություն անելու փորձն ունի և վերադառնում է իր համար սիրելի իրավիճակին»․ «Փաստ»

Հունիս 05,2021 10:20

Իշխանության ներկայացուցիչների բառապաշարը, վարքագիծն ու պահվածքը նախընտրական շրջանում նորանոր դրսևորումներ են ստանում, թեպետ նշված հանգամանքներով պայմանավորված՝ խնդիրը միշտ է առկա եղել: Թեման վերլուծելու տեսանկյունից «Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը մի քանի պատճառ է առանձնացնում՝ դիտարկելով իշխանության՝ ի սկզբանե ունեցած բնույթը:

«Այս իշխանությունների կյանքի ամենանշանավոր կետը 2018 թ. գարնանը տեղի ունեցած զարգացումներն էին, որոնց շնորհիվ իրենց կյանքում շատ պոզիտիվ փոփոխություններ են տեղի ունեցել, առաջին հերթին՝ կենսամակարդակի փոփոխություններ: Բացի այդ, հասարակությունն ընդունել էր իրենց այդ տեսակը, բառապաշարը, հասարակությունը կուլ էր տվել նաև Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապիկի խայծը: Ու քանի որ այս 3 տարվա ընթացքում իշխանությունները տրանսֆորմացիայի չենթարկվեցին, փողոցային ակտիվիստից այդպես էլ պետական պաշտոնյա չդարձան, հիմա ևս շարժվում են այն նույն տրամաբանությամբ, որը եղել էր ի սկզբանե: Հիմա քարոզարշավի շրջան է, ինչի՞ մասին պետք է խոսեն: Քանի որ դրական փոփոխությունների քանակը խիստ սահմանափակ է, իրենք պետք է խոսեն այն լեզվով, որով կարող են, և այն մասին, ինչն իրենք կարող են: Իսկ իրենք կարող են միայն վիրավորել, ամեն ինչում մեղադրել նախկիններին: Բացի նշվածներից, մի օրինակ էլ բերեմ: Սոցիալ-հոգեբանության մեջ «կոլեկտիվ նարցիսիզմ» տերմին կա: Կոլեկտիվ նարցիստների համար ամենակարևորն այն է, որ բոլորն անխտիր ընդունեն իրենց յուրօրինակ լինելը, ու ոչ ոք չփորձի ինչ-որ կերպ կասկածի տակ դնել այդ խմբակի յուրահատկությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Բենիամին Մաթևոսյանի խոսքով, քանի որ մոտենում ենք բուն ընտրական գործընթացներին, այսպես ասած, մասսան պետք է տաք պահել. «Փաշինյանն ունի մասսան տաք պահելու փորձը, նա հանրահավաքներին դիջեյություն անելու փորձն ունի և վերադառնում է իր համար սիրելի իրավիճակին»: Մեր զրուցակցի դիտարկմամբ, հարցը շատ ավելի խորքային է արտաքին դաշտի, արտաքին կապերի տեսանկյունից: «Իմ խորին համոզմամբ՝ այս իշխանությունները 2 գլոբալ նպատակ պետք է իրականացնեին: Նախ՝ այսպես ասած, լուծել Արցախի հարցը, ինչը պատերազմով չկարողացան անել, քանի որ միայն ՌԴ նախագահի կտրուկ միջամտության շնորհիվ վերջին պահին հնարավոր եղավ Արցախի որոշ շրջաններ հայաբնակ պահել: Երկրորդ նպատակը աշխարհաքաղաքական վեկտորի կտրուկ փոփոխությունը, ռուսական զորքերի դուրսբերումն էր: Պատերազմից հետո օբյեկտիվորեն ստարտային պայմանները փոխվեցին: Եթե Արցախն ամբողջությամբ հանձնվելու պարագայում միանգամից 102-րդ ռազմաբազան պետք է դուրս բերվեր, ապա հիմա խնդիրը շատ ավելի բարդ է: Հիմա ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը: Նա միջազգայնացնում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը: Նա ուզում է մեր տարածաշրջան ՆԱՏՕ-ի զորքեր բերել»,-ասաց մեր զրուցակիցը:

Նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ կապված միջազգային դիտորդների տեղակայման հետ, Բենիամին Մաթևոսյանը հավելեց. «Նիկոլ Փաշինյանը փորձում է տարածաշրջան բերել օտարերկրյա այլ ուժերի, որ Հայաստանը տարբեր ուժերի կռվախնձոր դարձնի: Եվ սա անում է նրա համար, որ երբ փորձի առնվազն դուրս հանել 102-րդ ռազմաբազան, հայտարարի՝ չմտածեք, իրենց փոխարեն, պայմանականորեն ասած, ֆրանսիացիներն ու ամերիկացիները կկանգնեն: Ֆրանսիա կատարած այցը նույն տրամաբանության շրջանակում է՝ փորձում է միջազգայնացնել կոնֆլիկտը: Ինչպես մեր քաղաքագետ գործընկերներից մեկն ասաց՝ նա միջազգային խաղացողների հակասություններն էլ է բերելու Հայաստան, ինչից մենք, մեղմ ասած, չենք շահելու: Ի վերջո, մարդիկ պետք է հասկանան, թե սա մեզ ինչ խնդրի առջև է կանգնեցնելու»:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930