Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմության ֆակուլտետի դեկան․ «Եթե այդ նույն սկզբունքով մոտենանք, պետք է վերադարձնենք Բաքուն եւ Սումգայիթը»․ «Ազգ»

Հունիս 05,2021 10:11

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը մեր ուշադրությունն է բեւեռում հետեւյալին. «Անկլավների, 7 գյուղերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե արդեն ըստ էության համաձայնել է դրանք տալ, ինչպես ինքն է ասում՝ գրավոր այդ թուղթը կստորագրի: Նա չի հասկանում, որ այդ թուղթ կոչվածը վերաբերում է գյուղերին, մարդկանց, որ ապրել են եւ շարունակում են ապրել այդ տարածքներում: Ոսկեպար, Սոֆուլու, Բարխուդարլու շրջանները, ըստ իր հայտարարության, ադրբեջանցիներով բնակեցված տարածքներ են եղել: Ճիշտ չէ՝ հայությունն էլ ապրել եւ ապրում է այնտեղ երկար ժամանակ:

Շատ սխալ եմ համարում Փաշինյանի այն սկզբունքը, թե որտեղ ադրբեջանցիներ են ապրել, այդ տարածքները պետք է վերադարձնել Ադրբեջանին: Եթե այդ նույն սկզբունքով մոտենանք, բազմիցս կրկնել եմ՝ պետք է վերադարձնենք Բաքուն եւ Սումգայիթը, որտեղ հայեր են ապրել եւ ոչ քիչ քանակությամբ: Բաքվում 270 հազարանոց համայնք ունեինք, իսկ Սումգայիթում՝ մոտ 200 հազարից ավելի: Սա չափազանց սխալ է: Մանավանդ հյուսիսային մասի հետ կապված՝ Մազամլու, Հայրմլու, Բաղանիս-Այրում շրջանների հետ նույն այդ քաղաքականությունն է տարվում, այս շրջաններն են ապահովում մեր անվտանգությունը հյուսիսային շրջանի Ոսկեպար, Սոֆուլու, Բարխուդարլու շրջանների հետ:

Խորհուրդ կտայի նայել մինչեւ 1927 թվականի Խորհրդային Հայաստանի քարտեզը, որտեղ այս շրջաններն ամբողջովին Խ. Հայաստանի սահմանների մեջ են: Հետագայում Անդրֆեդերացիայի 1936 թվականի հրապարակած քարտեզում որոշ փոփոխություններ եղան, մեր որոշ ղեկավարների մեղքն էլ կար, որ անտարբեր գտնվեցին: Արոտատեղերի անվան տակ աստիճանաբար որոշ շրջաններ ադրբեջանցիները յուրացրին: Երբ նայում ենք քարտեզը, եւ ռեալ սահմանային շրջանները, անկլավային մասերն ենք տեսնում, նկատում ենք, որ ըստ էության Խորհրդային Հայաստանի կազմի մեջ են: Հատկապես Տիգրանաշենի (Քյարքիի) վերաբերյալ բազմիցս խոսվում էր, թե այն որպես անկլավ պիտի վերադարձնել Նախիջեւանին: Մոսկվայի պայմանագրով, որ Կարսում վերահաստատվեց, հիշյալ շրջանները՝ հատկապես Քյարքին, Գյունուտ եւ Ջաֆարլու գյուղերը համարվում են հայկական եւ Հայաստանի սահմանի մեջ են:

Իհարկե ժամանակի ընթացքում Ադրբեջանն իր քաղաքականությամբ Նախիջեւանին մերձակա Քյարքիի այդ հատվածը սկսեց աստիճանաբար յուրացնել, բայց 20-ական թվականների վերջից մինչեւ 1936-37 թվականներ, Անդրֆեդերացիայի վերջը, սրանք բուն հայկական տարածքների մեջ են հիշատակվում: 1990-ականների սկզբին ազատագրվեց Տիգրանաշենի այդ տարածքը:

Գիտեք, որ վրացիներն էլ մեր նկատմամբ տարածքային որոշակի պահանջ են ունեցել: 1921 թվականի Ախալքալակի, Ախլցխայի դեպքերի հետ կապվածՙ Ջավախքը յուրացնելուց բացի, բուն հայկական՝ Բրդաձոր, Չանախչի, Ախչոքլի անվանյալ տարածքները 1921-ի նոյեմբերի պայմանագրով Հայաստանը զիջեց, հետո իհարկե Մյասնիկյանը բողոք ներկայացրեց: Մինչեւ 1934 թիվը սրանք Խ. Հայաստանի տարածքի մեջ էին: 1934-ից հետո Վրաստանի պահանջի հիման վրա, զիջեցին: Այսօր առաջ քաշվում է այն պահանջը, որ Սեւ լճի տարածքից միջանցք պիտի տրամադրել Ադրբեջանին, ընդ որում՝ 25-26 կմանոց միջանցք են պահանջում, որ պետք է անցնի Սիսիանի հյուսիսային հատվածով եւ միանա Նախիջեւանին: Պատկերացնո՞ւմ եք՝ մենք, ըստ էության, մեր հանրապետության մեջ դառնում ենք պատանդ: Այլ կերպ ասած՝ ամեն անգամ այդ տարածքով անցնելիս ադրբեջանցիներին հաշվետվություն պիտի ներկայացնենք, անցաթղթով այցելենք Գորիս եւ այլ շրջաններ: Այս մարդն (նկատի ունի Նիկոլ Փաշինյանը) ինչպե՞ս է ման գալիս հանրապետությունում եւ հայտարարում է, թե հպարտ է, որ պարտվել է: Դարերի պատմության մեջ հայ ազգը նման դավադիր, դավաճան մարդ չի ծնել: Ինչպե՞ս կարելի է սրա ասածները լուրջ ընդունել, հանդուրժել, հաշվի նստել: Ես սա համարում եմ դավադիր վերաբերմունք մեր ժողովրդի հանդեպ: Դավաճանություն: Նման բան չեմ հանդիպելՙ քո պետության մեջ գալիս գերեվարում են մարդկանց, ցույց են տալիս նկարահանած կադրեր, թե ինչպես են մորթում հայ ռազմագերիներին: Իսկ ինքը հայտարարում է, թե հպարտ է, որ պարտվել է: Նա հոգեկան զննման կարիք ունի»:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930