Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխությամբ խնդիրը չլուծվեց

Հունիս 05,2021 10:00

Չգիտեմ, դուք ինչպես, բայց ես չեմ կարծում, որ այն, ինչ 19-րդ դարում գրում էր նշանավոր գերմանացի մտածող Կարլ Մարքսը, ծայրից ծայր հիմարություն է:

Մասնավորապես, այն գաղափարը, որը վերաբերում է արտադրական ուժերին եւ արտադրական հարաբերություններին, իմաստ ունի նաեւ այսօր: Վերջինս (այսինքն՝ արտադրական հարաբերությունները, կամ լայն առումով՝ տնտեսության, հասարակության կազմակերպման ձեւը) պետք է համապատասխանի առաջինին՝ արտադրական ուժերին կամ լայն իմաստով՝ տնտեսության բովանդակությանը: Եթե չի համապատասխանում, ապա տեղի է ունենում պայթյուն, հեղափոխություն:

Այդ դատողությունը, կարծում եմ, կիրառելի է նաեւ մեր վերջին հեղափոխության հանդեպ: Ինչպիսի՞ն էր 2018 թվականին տնտեսության կազմակերպման ձեւը՝ կոռուպցիա, «բախշիշ», հովանավորչություն, «պրախոդ» յուրային գործարարներին, նրանց՝ քաղաքականության մեջ խցկում: Բացի առեւտրից ու պետական (կամ «Գազպրոմի» եւ «Էլցանցի» նման «կիսապետական») հիմնարկներից, որոնք լիովին տեղավորվում էին հարաբերությունների այդ մոդելի մեջ, կային նաեւ նոր տնտեսության ծիլեր՝ նախեւառաջ IT եւ «կից» ոլորտներում. հազարավոր երիտասարդներ, որոնք ստանում էին «սպիտակ» նորմալ եկամուտ, իսկ նրանց գործունեությունը որեւէ ձեւով կախված չէր իշխանության բարեհաճությունից:

Այդ մարդիկ չէին ցանկանում ապրել «հետխորհրդային», քարանձավային հարաբերությունների պայմաններում, այդ բարքերը խանգարում էին երկրի զարգացմանը: Դա էր, իմ կարծիքով, 2018 թվականի հեղափոխության հիմնարար պատճառներից մեկը: Իհարկե, կարող էին դեր խաղալ արտաքին որոշակի ուժերի շահագրգռվածությունը, հեղափոխական լիդերի խարիզման, այն, որ նա ճարպկորեն օգտագործեց քաղաքացիների մեջ կուտակված ատելությունը եւ այլն: Բայց դրանք, իմ տպավորությամբ, օժանդակ, ոչ հիմնական գործոններ էին:

Ինչ ունենք այս պահին: Հեղափոխության ակտիվ, գործունյա զանգվածը հիասթափված է, հայտնվել է քաղաքական գործընթացից դուրս՝ հուսով եմ, ժամանակավորապես: Մնացել են նախկինների նկատմամբ ատելությամբ լցվածները՝ ատելություն, որն այնքան է կուրացրել մարդկանց, որ նրանք չեն զգում Արցախի եւ մեր հազարավոր պատանիների կորստի ցավը, կամ այդ ազգային նվաստացումը նույնպես վերագրում են իրենց «սիրելի» նախկիններին: Իսկ ինչո՞ւ է հիասթափվել հեղափոխությանն աջակցած «որակյալ» զանգվածը: Պատճառը ոչ միայն այն է, որ մենք պատերազմում ցավալի պարտություն ենք կրել:

Խնդիրը նաեւ ավելի խորքային է. արտադրական, հասարակական հարաբերությունները, որոնց փոփոխման համար այդ զանգվածը դուրս էր եկել փողոց, այդ համակարգը, մեծ մասամբ, մնացել է նույնը: Այլ օրինակներ չբերելու համար նշեմ միայն գործարարների ներգրավումն իշխանության նախընտրական ցուցակում: Հետեւաբար, այն հիմնարար պատճառները, որոնք հանգեցրել էին հեղափոխությանը, ըստ էության, մնացել են: Դա գուցե այժմ անընկալելի է «ներկա-նախկին» աղմկոտ բանավեճի ֆոնին: Բայց կյանքը շարունակվելու է, եւ հասարակական օրինաչափությունները չեն դադարի գործելուց:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ «Հետքի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Armen says:

    Մեկ նկատառում ևս՝ ներքին ու արտաքին ռեակցիոն ուժերի դեմ դանդաղ և անարդյունավետ միջոցների կիրառում(կար հարևան երկրի օրինակը՝ հին համակարգերը անհրաժեշտ էր կոշտ և արագ ապամոնտաժել):

  2. Քրիստափոր says:

    Դուք ճիշտեք քարանձավային հարաբերությունների պահով, բայց ահավոր՝ սարսափելի ահավոր անարդարությունն էր հեղափոխության հիմնական պատճառը, որը դեռևս չի ջնջվել մարդկանց հիշողությունից /իմ կարծիքով/․․․

  3. Հ.Շ. says:

    Կարլ Մարքսի եւ Հայաստանում 2018-ի յեղափոխութեան միջեւ, միմիակ կապակցութիւնը՝ բոլշևիզմն է:

  4. Ջորդանո Գալիլյան says:

    Կարելի է, իհարկե, փորձել արդարացնել 2018-ի գեղափոխությունը, բայց նիկոլչիբեյին ոչ Մարքսն է արդեն ի վիճակի փրկելու, ոչ Գռզոն, ոչ էլ 15-րդ դարի տերտերական գզվռտոցը: Էդ քայլարած չարչիներից ի՞նչ հեղափոխական, ի՞նչ Մարքս ու Դավիդ Ռիկարդո, ի՞նչ արտադրական ուժեր ու տնտեսական ֆլան-ֆստան: Ընդամենը մի պարզունակ իշխանափոխություն. օգտագործելով հարմար պահը եւ թուլակամ Սերժի սխալները՝ իշխանությունը զավթեց ճարպիկ ստախոսների ու անհայրենիք պորտաբույծների մի խմբակ, որը պողոսացրեց բնակչության մի զգալի մասին, սկսեց սեփականության բռնազավթումն ու վերաբաշխումը եւ հանձնեց Արցախը թուրքին: Սա է գեղափոխության ողջ իմաստն ու բովանդակությունը, իսկ թե ովքեր էին դրա շահառուներն ու պատվիրատուները՝ ցույց կտա մոտակա հերձումը: «Թշնամանք կառավարող» ու «խաղաղության դարաշրջան բացող» շակալի օրերը հաշված են…

  5. հակ համբարձումեան says:

    կարծեմ շատ դիւրին դուրս կը ձգէք արեւմտեան ոճի մարքէթինկը եւ զայն ֆինանսաւորողները. փա՞ստ մը՚ ամէն առավոտի էջ որ կարդամ, դէմս լուսաւոր հայաստանի կամ իմ քայլի ծանուցումներն են։ ի՞նչ ըրեր են որ ինչ փող ունենան։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930