Լրահոս
Օրվա լրահոսը

Ապագայի գոյությունն ինքնին կասկածի տակ է դնում հենց գործող իշխանությունը․ «Փաստ»

Հունիս 05,2021 09:50

Փաշինյանը չի կատարել հանրությանը հրապարակայնորեն խոստացած իր հիմնական խոստումներից և ոչ մեկը։ Եկեք հիշենք, թե 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքի ժամանակ իր ունեցած ելույթում ինչպիսի հավակնոտ խոստումներ էր հնչեցնում Փաշինյանը։

Նա հայտարարում էր, թե մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը հասցնելու են 5 մլն-ի, սակայն այսօր երկրի բնակչության թիվը նվազում է, մանավանդ պատերազմից հետո հուսահատության ճիրաններում հայտնված բազմաթիվ քաղաքացիներ բռնել են արտագաղթի ճանապարհը։ Իսկ տնտեսության մասով Փաշինյանը նշում էր, որ մինչև 2050 թվականը Հայաստանը արդյունաբերական երկիր են դարձնելու, երկրի ՀՆԱ-ն 15-ապատկելու են, 1 միլիոն 500 հազար աշխատատեղ են ստեղծելու, միջին աշխատավարձը 7-ապատկելու են, սակայն մենք այսօր գործ ունենք ճգնաժամի հորձանուտում գտնվող դեպրեսիվ տնտեսական վիճակի հետ։ Հիմա արդեն տարօրինակ է հնչում, բայց Փաշինյանը իր նույն ելույթում հայտարարում էր, թե մինչև 2050 թվականը բանակի մարտունակության ցուցանիշով տեղ ենք զբաղեցնելու աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում։ Այնինչ իշխանությունները այս երեք տարվա ընթացքում բանակում բարեփոխումներ իրականացնելու անվան տակ իրենց հախուռն ու հակասական քայլերով թուլացրեցին, ավելին՝ կոտրեցին բանակի ողնաշարը՝ պրոֆեսիոնալիզմի փոխարեն առաջին տեղում դնելով լոյալությունը, իսկ բովանդակության փոխարեն՝ փիառը։

Արդյունքում մենք ոչ միայն խայտառակ պարտություն կրեցինք, այլև հակառակորդը ներխուժել է մեր տարածք և հրաժարվում է հեռանալ, իսկ Հայաստանն ի վիճակի չէ արժանի հակահարված տալ թշնամուն։ Իհարկե, կարելի է ասել, որ մարդը խոսել է 2050 թվականի մասին, իսկ մինչ այդ 29 տարի կա: Միանգամայն իրավացի եք: Դեռ այն ժամանակ բոլոր գիտակից մարդիկ նշում էին, որ Փաշինյանը փիառային հերթական փուչիկն է փչում, քանզի, ինչպես ժողովուրդն է նշում, մինչև 2050 թվականը «ով սաղ, ով մեռած»: Այդուամենայնիվ, հարկավոր է արձանագրել, որ անցած ժամանակաշրջանում ոչ միայն առաջին քայլեր չեն արվել այդ ուղղությամբ, այլև Փաշինյանն ու իր խմբակը ամեն ինչ արել են լրիվ հակառակ ուղղությամբ: Ինչ վերաբերում է Արցախի մասով Փաշինյանի խոստումներին, ապա դրանք լրիվ պատուհաս դարձան մեր ժողովրդի գլխին։ Նա խրոխտ կերպով հավաստիացնում էր, թե «Արցախը Հայաստան է ու վերջ», ու հենց նաև դրանով պատերազմ հրահրեց ու մեր երկիրն ու ժողովրդին տարավ ծանրագույն պարտության։ Այսօր արդեն Հայաստանը ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավոր չէ, այլև բացառապես Նիկոլ Փաշինյանի «շնորհիվ» ու ջանքերով նույնիսկ իր անվտանգության երաշխավոր չէ: Փաշինյանի ամենաառանցքային խոստումներից մեկն էլ վերաբերում էր նրան, որ Արցախին բանակցային սեղան է վերադարձնելու։

Ու այսքանից հետո էլ Փաշինյանը դեռ համարձակվում է մտնել նախընտրական քարոզարշավի գործընթացի մեջ ու «ապագա կա» կարգախոսի ներքո խոստումներ շռայլել։ Մի՞թե Փաշինյանը մտածում է, թե պոպուլիզմի միջոցով կարող է այս անգամ ևս հիմարեցնել հանրությանը։ Իսկ իրականությունն այն է, որ մեր հանրության գերակշիռ մեծամասնությունը, այսինքն՝ ուղեղ ունեցողները, վստահ են, որ Հայաստանն ու Արցախն իրոք ապագա ունեն, բայց միայն ոչ Նիկոլ Փաշինյանի ու նիկոլիզմի հետ։ Սակայն ոչ պակաս բնութագրական է, որ ապագայի գոյությունն ինքնին կասկածի տակ է դնում հենց գործող իշխանությունը: Նախկինում երբեք հարց չի առաջացել՝ ապագա կա՞, թե՞ ոչ: Հիմա Նիկոլն այնպես է քանդել երկիրը, որ ապագայի լինել-չլինելու հարցում պետք է համոզի հանրությանը:

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930