Լրահոս
Օրվա լրահոսը

Դիպուկահարի 44-ամյա կյանքը` 44-օրյա պատերազմին…

Հունիս 05,2021 12:30

«Ամեն օր զանգել-խոսել է, ասել է՝ ամեն ինչ լավ է, վատ էլ լիներ, Իգորը էնպիսի բնավորություն ուներ, որ երբեք չէր ասի` վատ է: Ասել էր` ձեզ լավ պահեք: Վերջին անգամ զանգել է հոկտեմբերի 14-ին` Հադրութից… Հոկտեմբերի 15-ից հետո էլ զանգ չենք ստացել…»,-ասում է Գրիշա հայրիկը, ու հետո արցունքոտ աչքերով պատմում այն ծանր, ահավոր ծանր ու դժվարին յոթ ամիսների մասին, որի ընթացքում փնտրել են որդուն…

Ինչպես ինքն է ասում` Հայաստանում էլ տեղ չեն թողել, էլ հասցե չեն թողել, փնտրել են, արդեն գիտեին, որ զոհվել է, բայց, գոնե, աճյունը գտնեին, հողին հանձնեին…

Շաքեի համայնքապետարանի աշխատակից Ռուբենի ուղեկցությամբ մտնում ենք 44-ամյա կյանքը արցախյան 44-օրյա պատերազմում զոհաբերած Իգոր Գրիշայի Գաբրիելյանի տուն… Խնամված բակ, համաչափ, հավասար շարքերով մշակված բոստան ու մի տխուր-տխրեցնող լռություն… Անմիջապես կռահում ես, որ տխրությունից առաջ եւ տխրությունից հետո այստեղ ամենից շատ սեր է ու գուրգուրանք, հոգատարություն է ու օջախի ջերմություն…

Հետո` բարի, անչափ բարի, տխրամած աչքերով 71-ամյա Գրիշա հայր, սիրունատես, մեղմաբարո, անասելի ցավը դեմքին դրոշմված Էլմիրա մայր, ինքն իր կորստյան ցավի հետ կռիվ տվող եւ այդպես էլ հաշտության եզրեր չգտնող տիկին Նարինե… եւ մեղավորության մի զգացում, որ պիտի վերստին փորփրես նրանց ցավը, նորոգես նրանց վիշտը, որ դեռ արցունքածոր է, որ դեռ թարմ է ու մխացող…

Գրիշա հայրիկի ընտանիքի պատմությունը կարծես մեր ազգային ճակատագրի խտացված մարմնացումն է, որի ագույցը Արցախն է… Ու որքան նրա ընտանիքը «հեռացել է» Արցախից, ճակատագիրն ամեն անգամ նրան տարել է Արցախ` հավերժորեն կապելով Արցախի հետ…
Արմատներով Արցախի Ասկերանի շրջանի Բադարա գյուղից է ու հայրենի գյուղի անունը տալիս Գրիշա հայրիկը մի առանձին հպարտությամբ է շեշտում համագյուղացի եւ բարեկամ Ջալալ Հարությունյանի անունը, որը դարձավ նաեւ այս պատերազմի խորհրդանիշներից մեկը… Ինքը, սակայն, ծնվել եւ մեծացել է Բաքվում, իր չորս զավակները ծնվել եւ մեծացել են Բաքվում, իր սիրունատես կինը` արմատներով բռնակոթցի տիկին Էլմիրան, վաղ տարիքից է տեղափոխվել Բաքու, եւ այնտեղ էլ հանդիպել-ամուսնացել են, իր կրտսեր որդի Իգորը 12 տարեկան էր, երբ 1989-ին փախան արնախում Բաքվից ու հանգրվանեցին Սիսիանի Շաքե գյուղում… Տունը, որը բաժին էր ընկել իրենց, կրակի էր տրված, անդուռ, անպատուհան…

«Տարեց ծնողներիս ու երեխաներիս թողեցի քրոջս մոտ` Բյուրեղավանում, եւ կնոջս հետ մի երկու-երեք ամսում վերանորոգեցինք տունը, կարգավորեցինք, հետո նոր նրանց տեղափոխեցի այստեղ»,-ասում է Գրիշա հայրիկը, հետո պատմում, որ շատ արագ հարմարվեցին գյուղի կյանքին, սովորեցին գյուղի գործերը, անասուն պահեցին, այգի մշակեցին, դարձան իսկական շաքեցի, խնամիություն արեցին, բարեկամություն արեցին, աղջիկ ու թոռ ամուսնացրեցին հենց Շաքեում… 92-ին հորը հուղարկավորեց, 97-ին` մորը, ու Շաքեն դարձավ իրենց կենսագրությունը, իրենց տունը… «Էնտեղ վատ չենք ապրել, էնտեղ հայերը լավ էին ապրում, ես ծառայել եմ ռազմական նավի վրա որպես նավավար, Հայաստան գալուց հետո ծառայությունս շարունակել Արցախում` որպես զինվորական ու էնտեղից էլ թոշակի անցել, բայց իմաստուն հայրս ասում էր` մեկ է, թուրքը նման է օձի, որ մի օր հարվածում է անսպասելի»,- ասում է Գրիշա հայրիկը ու ինքն էլ հաստատում` էդքան տարի հետո նորից օձի մնան խայթեցին…

Իգորը թեթեւ ատլետ էր, լավ հաջողություններ ուներ, բայց ամեն ինչ թողեցին «էնտեղ», եւ շաքեցի մյուս «փախստականների» հետ նա էլ հաճախեց Սիսիանի ռուսական դպրոց, սովորեց, ավարտեց: 1995-97-ին ծառայեց հայոց բանակում, հենց Արցախում, Զանգելանի սահմանապահ զորամասերից մեկում, դիպուկահար էր: Զորացրվելուց հետո ամուսնացավ: Հարցիս` մեր հարսը նույնպե՞ս Շաքեից է, Գրիշա հայրիկը նորից խանդավառ պատասխանեց` չէ, արցախից է, իմ հայրենի Բադարայից… Ասում է, որ թեպետ Բաքվում է ապրել, բայց կապը միշտ եղել է նախնիների ծննդավայրի հետ, ու իր սիրելի հարս Նարինեն իր ընկերոջ աղջիկն է, ու շնորհակալ է ճակատագրից, որ իր համեստ, ծնողին լսող, ծնող հարգող Իգոր որդուն Աստված բաժին էր հանել հենց Նարինեի նման կողակից, որ 4 զավակ պարգեւեց իրենց, որ թեւ ու թիկունք եղավ որդուն, որ պատվով ու արժանապատվորեն մտավ բազմանդամ ընտանիքի բեռան տակ ու էսպես պատվով էլ տանում է, շարունակում է Իգորի կիսատ թողածը, շարունակում է նրա նման առու հանել, բոստան ցանել եւ շեն պահել օջախը…

Հետո թեման, բնականաբար, շեղում ենք արցախյան 44-օրյա պատերազմ… Գրիշա հայրիկը պատմում է, որ Իգորը 2001-ին պայմանագրային ծառայության էր մտել Սիսիանի զորամաս, լրանում էր նրա ծառայության 20 տարին, եւ շուտով պիտի զինվորական թոշակի անցներ: Այդ ընթացքում մի անգամ դուրս է եկել ծառայությունից, մի երկու տարի աշխատել Ռուսաստանում, բայց վերադարձել եւ 2015-ին նորից ծառայության մտել Սիսիանի զորամասում: Հոկտեմբերի 8-ին իջել են Սիսիանի դիրքերից եւ մեկնել Արցախ:

Յոթ ամսվա փնտրտուքներից հետո 2021-ի մայիսի 14-ին եղբորորդին լուր է տվել, որ Իգորի աճյունը Գորիսում է: «Տղայիս տուն բերեցինք, ուզեցինք, որ իր տնից էլ ճանապարհենք հավերժություն, իր տնից գնացել էր պատերազմ, թող իր տնից էլ Պանթեոն գնար»,-ասում է Գրիշա հայրիկը եւ հավելում, որ որդու զոհվելուց ուղիղ յոթ ամիս հետո` մայիսի 15-ին նրան հուղարկավորեցին Սիսիանի հերոսական Պանթեոնում…
Ասել, թե խաղաղվել են, դժվար թե, ասել, թե հաշտվել են, հազիվ թե, բայց, ինչպես Գրիշա հայրիկն է ասում, գոնե իրենց որդու չարչրկված հոգին խաղաղվեց, գոնե իրենց ուշքը ետքից կտրվեց, չնայած յուրաքանչուր օրը սկսում են իրենց տան մի անկյունում դրված նրա լուսանկարին բարի լույս ասելով, օրն ավարտում նրան բարի գիշեր մաղթելով…

Իգորի հարեւանները, խնամիները, մարտական ընկերները մենակ չեն թողնում իրենց զինակից ընկերոջ ծերունազարդ ծնողներին, ընտանիքին, այցելում են, մանրամասներ պատմում: Ասել են, որ Իգորն ընկերոջ հետ վիրավորվել է, անշարժացրել են նրանց վիրավոր ոտքերը, մի 10 կմ իրենց հետ տարել այլ վայր, մեկին դրել են շտապօգնության մեքենան, վերադարձել, որ Իգորին էլ տանեն, անօդաչուն արդեն երկրորդ հարվածն էր հասցրել… «Ինձ մխիթարում եմ նրանով, որ Իգորը զավակներ ունի, թոռներ, որ նրա ծուխը ծխալու է, որ 17-ամյա իմ Արթուր թոռը, որ արդեն տան տղամարդն է, մեզ թեւ ու թիկունք է, բայց դրան զուգահեռ մղկտում եմ էն ջահելների համար, որ ոչ ծնող դարձան, ոչ զավակ ունեցան…»,-ասում է Գրիշա հայրիկը եւ անհագ կարոտով նայում այլեւս արդեն նկար դարձած որդուն…

Ռուբենը նույնպես շատ դրական խոսքեր է ասում համագյուղացի Իգոր Գաբրիելյանի մասին, ասում է, որ ընկերասեր էր: Ռուբենը հետո ցավով հավելում է, որ Իգորը Շաքե գյուղի 7-րդ նահատակն է, որ գյուղը բոլորի համար սգացել է, բոլորի համար խորին ցավ ապրել, որ Շաքեի 7 նահատակները մեր մյուս նահատակների նման անմահ են ու հավերժ, որ նրանց թափած արյամբ է առավել պաշտելի դարձել այն հողը, որը հիմա թեպետ մեր վերահսկողության տակ չէ, բայց նրանց նահատակության վրեժը մի օր պիտի լուծվի, եւ… լուծվելու է, այլապես մեր պատերազմը դեռ ավարտված չէ…

Ծառայության ընթացքում մարտական պատրաստության եւ զինվորական կարգապահության բարձր ցուցանիշների համար Իգոր Գրիշայի Գաբրիելյանը պարգեւատրվել է ՀՀ ՊՆ եւ թիվ 60913 զորամասի պատվոգրերով, շնորհակալագրերով, շքանշաններով, իսկ ետմահու` ՀՀ նախագահի հրամանագրով` «Մարտական ծառայության» մեդալով:

Արևհատ ԱՄԻՐՅԱՆ

«Որոտան» լրատվամիջոցի խմբագիր

Հ.Գ. Նարինեն ամուսնու իրերի մեջ ցույց տվեց մի գրիչ, որը պատերազմ մեկնելուց առաջ հայրը նվիրել էր ուսանողուհի դստերը եւ պատգամել լավ բաներ գրել այդ գրիչով… Հիմա Իգորի դուստրը այդ գրիչով հիշողություններ է գրում հոր մասին, ով իր արյամբ գրեց մեր պատմության հերոսական մի էջը, որ 44-օրյա պատերազմ անունն ունի..

Հավերժ փառք քեզ եւ հավերժ խոնարհում, դիպուկահար Իգոր Գաբրիելյան, ննջիր խաղաղությամբ հայրենիքի սուրբ նահատակների խնկաբույր Պանթեոնում…

«Առավոտ» օրաթերթ
04.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930