Հարցազրույց կիթառահար Լեւոն Սիմոնյանի հետ
– Դուք կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի ղեկավարած Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ եւ Արմեն Հյուսնունցի՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբերի երաժիշտ եք։ Ձեզ հանդիպում ենք նաեւ տարբեր բենդերի կազմում՝ շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչների ելույթներին։ Վերջերս էլ համացանցում հանդիպեցինք սեփական ստեղծագործության մեկնաբանմամբ ձեր հոլովակին։ Դա շարունակակա՞ն է լինելու…
– Սեփական գործիքային ստեղծագործություններով հանդես գալը իմ եւ գործընկերոջս՝ դաշնակահար Արթուր Թադեւոսյանի մտահղացումն էր։ Համացանցում տեղադրված է նաեւ Արթուրի ստեղծագործությունը։ Դեռ վաղ է ասել, բայց այժմ իրականացնում ենք ձայնագրություններ, հետո արդեն կհրատարակենք միայն մեր երկերից բաղկացած CD եւ գուցե հանդես գանք մենահամերգով։
– Եթե չենք սխալվում, դուք երաժշտի ձեր գործունեությունը սկսել եք Երվանդ Երզնկյանի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում։
Կարդացեք նաև
– Այո, դա 2009-ին էր, մաեստրո Երզնկյանի ներդրումը իմ՝ որպես երաժշտի կայացման գործում, իսկապես շատ մեծ է։ Կարճ ասած՝ բախտս բերել է թե՛ Երվանդ Երզնկյանի, եւ թե՛ Արմեն Հյուսնունցի առումով։
– Համագործակցում եք նաեւ տարբեր բենդերի հետ, որոնց կազմում հաճախ հյուրախաղերով հանդես եք գալիս արտասահմանում։ Ասում են նույնիսկ, որ ձեր շրջագայությունները շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչների հետ ձգվում են ամիսներ։
– Այո, համագործակցում եմ նաեւ տարբեր բենդերի հետ, մասնակցում նաեւ փառատոների։ Օրինակ՝ Birds-ի կազմում 2016թ. Վրաստանում մասնակցել եմ «Կովկաս ջազ», անցյալ տարի էլ Բերդ քաղաքում՝ «Երեւան ջազ» փառատոներին։ Այո, եղել են շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ արտասահմանյան համերգներ, որոնք իսկապես տեւել են ամիսներ։ Օրինակ՝ Արփիի հետ Hayway բենդի կազմում Դուբայ մեր համերգային ուղեւորությունը տեւեց շուրջ 5 ամիս, որտեղ հանդես էինք գալիս ջազ ակումբում։ Հյուրախաղերի շատ եմ մեկնել Թաթայի, Արման Հովհաննիսյանի եւ շոու-բիզնեսի այլ կատարողների հետ, այդ թվում՝ Արտո Թունջբոյաջյանի, Կարեն-Սեւակ բենդերի հետ, հանդես եմ եկել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, եվրոպական մի շարք քաղաքներում, Ավստրալիայում եւ այլն։ Ջազ նվագախմբի հետ էլ ելույթներ եմ ունեցել Կանադայում, Դուբայում, Բելառուսում։ Վերջերս ռուսաստանաբնակ մեր հայրենակից, երգիչ Արկադի Դումիկյանի հրավերով մասնակցեցի ՌԴ տարբեր քաղաքներում կայացած համերգային տուրնեի։
– Թեեւ դուք երկու պետական կոլեկտիվների արտիստ եք, բայց ձեզ լիիրավ կարելի է համարել շոու-բիզնեսի ներկայացուցիչ։ Հանդես եք գալիս նաեւ երեւանյան ակումբներում։ Հետաքրքիր է՝ վերջիններս ձեզ միայն ֆինանսապե՞ս են ձգում։
– Ինչ խոսք, ֆինանսն էլ իր դերն ունի, բայց ակումբներում երաժիշտներին ձգում է նախ մթնոլորտը։ Կոնկրետ ես հանդես եմ գալիս մեր ճանաչված ակումբներում՝ «Ուլիխանյան», «Կամի», Mezzo…
– Ձեզ համար նշանակություն ունի՞, թե որտեղ եք հանդես գալիս՝ «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահո՞ւմ, թե՞ որեւէ ակումբում։
– Վերաբերմունքը, պատասխանատվությունը նույնն է։ Բեմի չափսերը էական չեն ոչ իմ, ոչ գործընկերներիս համար։ Հասկանալի է, որ թեեւ ակումբներում ու մեծ համերգասրահներում մթնոլորտները տարբեր են, բայց ակումբներում հանդիսատեսի հետ կապն ավելի մտերմիկ է… Նշեմ նաեւ, որ հենց ակումբներում ելույթներից հետո ավելի շատ են սկսում քեզ ճանաչել, հրավիրում են ռադիո եւ հեռուստանախագծերի։
– Այդուհանդերձ, կարծիք կա, որ ակումբներում հնչող երաժշտությունը էապես տարբերվում է համերգասրահներում մատուցվողից եւ գործիքավորման, եւ կատարողական առումներով։
– Բացարձակ համաձայն չեմ ձեր դիտարկման ու նման կարծիքների հետ։ Տեսեք, օրինակ՝ մաեստո Երզնկյանի ղեկավարած նվագախումբը մատուցում է կոմպոզիտորական արվեստից մինչեւ ժամանակակից երաժշտություն։ Եվ այդ ստեղծագործությունների մեծ մասը հնչում է նաեւ ակումբներում, բայց երաժիշտների փոքր կազմով՝ բենդով։ Ակումբներում հնչում են նաեւ Բաբաջանյանի, Օրբելյանի ստեղծագործություններից… Փոքր կազմերի դեպքում նույն Բաբաջանյանի կամ Օրբելյանի ստեղծագործությունները գործիքավորելիս այլ մոտեցում է անհրաժեշտ եւ աշխատում ենք հնարավորինս չհեռանալ բնագրից, մեղեդուց՝ պահպանելով մեղեդային գիծը, կառուցվածքը եւ այլն։ Ես էլ վստահեցնում եմ, որ ակումբներում մեր հանդիսատեսը նորովի ներկայացվող, բայց ծանոթ ստեղծագործությունները շատ լավ է ընդունում։
– Նկատենք, որ ձեր գործունեության բերումով անդրադառնում եք եւ փոփ, եւ ջազ արվեստներին, դրանցից ո՞րն է ձեզ ավելի հոգեհարազատ։
– Երաժշտարվեստում ինձ համար ժանրային սահմանափակումներ չկան։ Ոչ հաճախ, բայց հանդես եմ եկել նաեւ ռոք ժանրում։ Շատ եմ լսում դասական երաժշտություն եւս, թեեւ հասկանալի է, որ գործունեությանս պատճառով եւ գործիքիս առանձնահատկություններից ելնելով՝ չեմ ներկայացնում այն։
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
04.06.2021