Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմակայության հայկական պատ-4. «1998-ին վերջնական հաղթանակն ու խաղաղությունն այնքան մոտ էր երեւում»

Հունիս 05,2021 13:30

Սկիզբը՝ «Առավոտի» 28.05.2021 համարում

«Առավոտի» զրուցակիցն է ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր, 2003-2007թթ. ՀՀ նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանը

– Երկիրը, երկու անմիջական հարեւանների կողմից շրջափակման պայմաններում, նախագահի հայտնի ելույթները ի՞նչ նպատակ կարող էին հետապնդել:

-1994 թվականի զինադադարի կնքումից հետո Ադրբեջանը եւ Թուրքիան շրջափակեցին Հայաստանը: Ինչպես հայտնի է, շրջափակումը թշնամական վերաբերմունքի դրսեւորում եւ պատերազմական գործողության ձեւ է: Շրջափակման նպատակը, ընդհանրապես ասած, հակառակորդին զարգացման հնարավորություններից զրկելը, սոցիալական ծանր կացություն ստեղծելը, նրան մեկուսացնելը, նրա վերնախավում պառակտումներ առաջացնելը, հակառակորդի ուժերը ջլատելը եւ ի վերջո նրան պահանջներ պարտադրելն է:

«Պատերազմ, թե՞ խաղաղություն. Լրջանալու պահը» (1 նոյեմբերի, 1997թ.) հոդվածով եւ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում՝ 8 հունվարի 1998թ., իր ելույթով Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահռչակեց ղարաբաղյան կարգավորման հարցում իշխանության բարձրագույն օղակում առկա խորը տարաձայնության մասին: Ձեւավորվեց երկու իրարամերժ կուրս` առաջինը, այսպես կոչված՝ ղարաբաղյան հարցի հրատապ լուծման կամ հաշտեցման կուրսը, եւ երկրորդը, որը նախատեսում է ստատուս քվոյի պահպանում, երկրի զարգացում շրջափակման պայմաններում եւ բանակցություններով Ղարաբաղի անկախության ճանաչում: Հասկանալի է, որ այս կուրսերը անհամատեղելի են եւ անխուսափելիորեն տանում է իշխանական ուժի պառակտման: Պարզից էլ պարզ է, որ կողմերից մեկը` կամ Լեւոն Տեր-Պետրոսյանն եւ իր համախոհ քաղաքական թիմը, կամ Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան եւ համախոհների թիմը, հրաժարական պիտի տային:

– Հնարավո՞ր էր արդյոք, որ հանրապետության առաջին նախագահը ընդուներ մյուս կողմի հրաժարականը, մանավանդ որ, Վազգեն Սարգսյանն ասել էր, եթե Տեր-Պետրոսյանը հրաժարական չտա, ինքն իր թիմով կհեռանար:

– Ասենք թե ընդունեց, բայց այդ ո՞ր մի հրամանատարն է, որ զորքերը հետ քաշելու եւ ադրբեջանական զորքին Հայաստանի եւ ԼՂԻՄ-ի սահման դուրս գալու ճանապարհ տալու հրաման պիտի տար: Ո՞վ, գուցե Սամվել Բաբայանը, թե՞ Կոմանդոսը, Մանվել Գրիգորյանը… Ոչ, որեւէ իրեն հարգող հրամանատար այդ քայլին չէր գնա: Այդ դեպքերից 23 տարի, թե 123 տարի հետո դժվար չի լինելու պատկերացնել, թե նման քայլը ի՞նչ հետեւանքներ կունենար բանակում, Հայաստանի եւ Ղարաբաղի հասարակություններում: Այնինչ, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իր համախոհների հրաժարականների շքերթը որեւէ ցնցում չառաջացրեց:

Ինքներս մեզ հարց տանք, թե այն իրողությունները, որում հայտնվել էր Հայաստանը եւ այն գործընթացները, որ ընթանում էին 1998 թվականին, մեզ շրջափակող հարեւաններին ի՞նչ եզրահանգման բերած կլինեին: Չեմ կասկածում, որ նրանք համոզված պիտի լինեին, որ շրջափակումը արդյունավետ է եւ հայերը շուտով հաշտության նախաձեռնությամբ հանդես կգան եւ պատրաստ պետք է լինեն կատարելու շրջափակողների պահանջները:

Իսկ ո՞վ է ասել, որ նրանք կբավարարվեին նրանով, ինչ մենք կառաջարկենք: Նրանք այդ մասին որեւէ մեկի ականջին փսփսացե՞լ էին: Որեւէ երաշխիք տվե՞լ էին, որ միայն այդքանը եւ ոչ մի թիզ ավելի: Կարելի՞ է բացեք փակագծերը: Այդ ի՞նչ երաշխիքներ էին, որին այդպես հավատացել էիք, այդ ո՞վ էր այդ վստահելի անձը, որից այդ երաշխիքները ստացել եք: Թե չէ առանց այդ ամբողջի՝ ի լուր թշնամիներիդ հանրահռչակես, որ քո վերնախավում այդ հարցում սուր առճակատում կա, կներեք, բայց դա բացարձակ Հայաստանի շահերից չի բխում:

Ավելին, այն շատ վտանգավոր հետեւանքներ կարող էր ունենալ եւ գուցե, հենց ունեցել է: Իսկ եթե նրանց պահանջները լինելու էր հենց այն, ինչ որ այսօ՞ր է: Պատրա՞ստ էիք, արդյոք, ընդունելու նաեւ այդ:

Այսինքն, դուք պատրա՞ստ եք այսօր զիջել այն ամենը, ինչ այսօր մեզանից պահանջվում է: Բայց եթե համաձայն չլինեիք եւ, վերջապես, հասկանայիք, որ դրանով դուք Հայաստանն եք հանձնում եւ ի՞նչ պիտի անեիք: Թե արժանապատիվ անելիք ունեիք, ավելի լավ չէ՞ր հենց այդ էլ անեիք: Ինչո՞ւ էիք ավելորդ անգամ նվաստանում: Լավ, երբ այսօր արդեն շատ ակնհայտ է, թե ի՞նչ նպատակներ են հետապնդում մեր հարեւանները, այդքանից հետո էլ հույս ունե՞նք, որ նրանք բարեսրտություն կդրսեւորեին եւ կզիջեին իրենց հետապնդած նպատակներից ինչ-որ բան, թե՞ ստիպված կլինեին, որովհետեւ մենք հաղթել ենք առաջին պատերազմում կամ Տիգրան Մեծի օրոք ծովից ծով Հայաստան ենք ունեցել: Ի՞նչ կապ ունեն այդ փաստարկները, երբ դու այսօր կամ ինչպես հանրապետության 1-ին նախագահն էր ասում` երկու-երեք տարի հետո անելանելի վիճակում ես հայտնվելու: Թե՞ հույս ունենք, որ նրանք բանից անտեղյակ են, եւ մենք կկարողանանք խորամանկել: Միամիտ հույսեր: Քանի մեր հարեւանները հույսները չեն կտրել, եւ չեն համոզվել, որ այլեւս շրջափակումը նպատակին չի ծառայում, նրանք որեւէ բան չէին զիջի:

– Փաստորեն, բացառում եք, որ այդ ճանապարհն այն ժամանակ Հայաստանին կարող էր որեւէ բան տալ:

– 1998-ին եւ դրանից հետո էլ մենք, իրականում, ունեցել ենք միայն մեկ ճանապարհ` կարողանալ համախմբել ողջ հայության ուժերը եւ նրա ամբողջ պոտենցիալը նպատակաուղղել առկա պայմաններում երկիրը կառուցելու, շենացնելու եւ այն պաշտպանելու: Արժանապատիվ ապրելու համար պետք է լուծել ազգի առաջ ծառացած այս խնդիրը: Սրան այլընտրանք ներկայացրած ճանապարհը կեղծ է: Այն ծառայում է միայն մեկ նպատակի` քողարկել ղեկավարի եւ նրա համախոհ քաղաքական թիմի անկարողությունը լուծելու ձեւակերպված խնդիրը:

Ավարտենք հրաժարականի պատճառների քննարկումը. երեւի շրջանառվող տեսակետներից ամենադիպուկը Լեւոն Տեր-Պետրոսյանի հավատարիմ գործընկեր Վանո Սիրադեղյանի ախտորոշումն էր, ըստ որի՝ Լեւոնը դժվար է տանում 1996 թվականի դեպքերը, շատ հոգնած է եւ գնում է հանգստի:

– Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականով հարցը լուծվե՞ց:

– Հարցը, սակայն, ոչ թե հրաժարականն է, կամ նրա հետ կապված մանրամասնությունը, այլ այն չլուծված խնդիրների ժառանգությունը, որը մնում է այդ հրաժարականից հետո: Այն մենք բավականին մանրամասնությամբ նկարագրեցինք անցած մասերում` թե տնտեսական, ֆինանսական, ներդրումային, թե սոցիալական, թե արտաքին ու ներքին հարաբերությունների: Եվ ամենակարեւորն այն է, որ հեռացող թիմը համոզված է, որ այն բեկել եւ երկիրը կայուն զարգացման ճանապարհով տանելու, առանց Ղարաբաղի հարցը հրատապ կարգավորելու, որեւէ հեռանկար չկա եւ դա հնարավոր չէ իրականացնել: Հրաժարականի իր ելույթում առաջին նախագահը արձանագրեց. «Խաղաղության եւ արժանապատիվ հաշտության կուսակցությունը Հայաստանում պարտություն կրեց»: Նա համարեց դա ժամանակավոր նահանջ եւ անցողիկ, ինչպես, օրինակ, Իսրայելում է եղել:

– Իսկ ի՞նչ սպասումներ բերեց Տեր-Պետրոսյանի հրաժարականը:

– 1998 թվականի նախագահական եւ 1999 թվականի ԱԺ ընտրություններից հետո ապագայի նկատմամբ լավատեսական տրամադրություններ արթնանալու կանխատեսումներ, իհարկե, կային: Սակայն, այն, ինչին ականատեսն եղանք, իրականում վեր էր բոլոր սպասելիքներից:

Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտրվելը ՀՀ նախագահի պաշտոնում արցախցին ընկալեց, որպես արցախյան հարցի առավել կարեւորելու ընդգծում հայ իրականության մեջ եւ անզիջողական վերաբերմունքի հավաստիացում: Կարծես, նա ավելի ամուր կանգնեց սեփական հողի վրա, քշտեց թեւերը եւ մի նոր հույսով ու հավատով կպավ իր գործին` տուն կառուցել, ծառ տնկել, երեխա ունենալ եւ կրծքով պաշտպանել այդ ամենը: Ասվածի լավագույն դրսեւորումներից էր 1998 թվականի աշնանը հայտնի գործարար Լեւոն Հայրապետյանի նախաձեռնությամբ կազմակերպված կոլեկտիվ հարսանիք արարողությունը: Յուրաքանչյուր զույգ բարերարներից, որպես հարսանյաց նվեր, ստացան 2000 ԱՄՆ դոլար, իսկ պետության կողմից նորաստեղծ ընտանիքին աջակցություն 300000 ՀՀ դրամ եւ եւս 500 ԱՄՆ դոլար, որպես հարսանյաց մատանու եւ հագուստի ծախս: Իսկապես, արարողությունը շատ ազդեցիկ էր եւ իր արժանի արձագանքը գտավ բոլոր հայերի մոտ եւ հայկական համայնքներում:

Հետաքրքիր գործընթացների ականատեսն եղանք նաեւ Հայաստանի Հանրապետությունում: Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ Հայաստանի հանրապետական կուսակցությանը անդամագրվեցին բազմաթիվ երիտասարդներ, պատերազմի բովով կոփված եւ հայրենասեր մարդկանց մի մեծ բանակ, նրան միացան նաեւ արդեն նախկին իշխանություններից հեռացած եւ պետական աշխատանքի մեծ փորձ ունեցող բազմաթիվ կադրեր: Այդ ամբողջը հանրապետականին հաղորդեց ազդեցության նոր ուժ եւ այն նոր որակ ստացավ: Հայաստանում հայրենասիրական մի նոր ալիք բարձրացավ եւ շատ ու շատ քաղաքացիների իր հորձանուտն առավ: Սրա ամենացայտուն դրսեւորումը, կարծում եմ, 1999 թվականի սեպտեմբերի 21-ին Սարդարապատի հուշահամալիրի տարածքում Հայաստանի Հանրապետության անկախության օրվա տոնակատարությունն էր, որի մասնակիցների թիվը գերազանցում էր 2000-ը: Մեծաթիվ պատվիրակություններով մասնակից էին նաեւ Արցախից եւ սփյուռքից: Անցած 30 տարիների տոնակատարությունների մեջ այս մեկը, իրոք, բացառիկ էր, ինչպես մասնակիցների թվով, այնպես էլ կազմակերպվածությամբ, հայրենասիրական մեծ ոգով եւ համախմբման իր էներգետիկայով:

Ազգային վերելքի եւ համախմբման այսպիսի ներուժի ձեւավորման գործում առանձնահատուկ կարեւոր դեր ունեցավ Կարեն Դեմիրճյանը:

Նրա հաստատակամ դիրքորոշումը եւ երկրի որդեգրած նոր քաղաքական կուրսի իրագործման ծանր, դժվարին ու բազում ռիսկերով լի գործին պատրաստակամ միանալը շատ վարակիչ էր: Նա, իր ղեկավարած Հայաստանի ժողովրդական կուսակցությունով դաշինք կազմելով Վազգեն Սարգսյանի եւ նրա ղեկավարած Հանրապետական կուսակցության հետ, պետական կառավարման համակարգ բերեց ապարատային գործին քաջածանոթ եւ աշխատանքային բարձր կարգապահությամբ դաստիարակված բազում կադրեր:

Այս ամենն ասում է այն մասին, որ քաղաքական նոր կուրսը ունեցավ փառահեղ մեկնարկ: Եվ դիմակայության հայկական պատը բոլորիս շատ ամուր ու անխոցելի երեւաց: Սա այն ժամանակներն էին, երբ հայը մեծ հույսով ու հավատով էր նայում իր ապագային, ամուր էր զգում իր հողի վրա, պաշտպանված եւ հպարտ իր հաղթանակով:

Վերջնական հաղթանակն ու խաղաղությունն այնքան մոտ էր երեւում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930