ԱԺԲ ժողովրդավարական բեւեռի հանրահավաքին ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը ներկայացրեց իրենց ուժի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները: «Դրամատիկ ժամանակներ ենք ապրում, երեք տասնամյակ մեր ազգի ու պետության դեմ գործած կիսագաղութային ու կեղեքիչ պետական համակարգը մեր աչքերի առաջ փլուզվում է: Անցյալ շաբաթ մենք ականատես եղանք խայտառակ իրողության: Առողջապահական համակարգ կոչվածը պատերազմից հետո անցած յոթ ամսվա ընթացքում ի վիճակի չի եղել արժանապատվության տարրական պայմաններ ստեղծել մեր զոհված հերոս մարտիկների մարմինների համար, էլ չասած նրանց ընտանիքի անդամների ցավի մորմոքը սփոփող ԴՆԹ վերլուծության հապշտապ կազմակերպումը:
Եվ սա 21 դարի արագությունների դարում, երբ Հայաստանի ցանկացած քաղաքացի ՀՀ-ում գործող մասնավոր ընկերությունների միջոցով կարող է մեկ շաբաթում ուզածդ երկրից ուզածդ իրը գնել եւ հասցնել Հայաստան: Զարմանալի չէ, որ այսպիսի թալանված պետական կազմակերպվածքով մենք պետք է պարտվեինք անօդաչու թռչող դրոնների պատերազմում»,- ասաց Գարեգին Չուգասզյանը:
Կարդացեք նաև
«Մի՞թե մեզ վիճակված է սեփական երեխաների մասունքների պղծումը մազոխիստաբար դիտող, լավագույն դեպքում ողբացող կամ հայհոյող անլեզու ու անօգնական հանրություն լինել…Ապագա կա, բայց ի՞նչ ապագա, արդյոք ավազների մեջ գլուխը մտցնող ջայլամի ապագան է մերը, թե՞ հերթական հրդեհը հանգցնող հերոսական հրշեջ ֆիդայու կրակների մեջ անհետացող ապագան…Վերջապես գիտակցելո՞ւ ենք, որ Երկիր մոլորակի վրա մեզ դարեդար տրված առաքելությանն է անհրաժեշտ վերադառնալ, որն է՝ լինել մեր տարածաշրջանի կայուն ու ներդաշնակ ապագան նախագծող ճարտարապետը, այն կառուցող շինարարը եւ այն պաշտպանելու ունակ ռազմիկը»,-ընդգծեց ԱԺԲ խորհրդի անդամը:
«Այսօր մենք նորից սողացող թրթուրի ենք նմանվել, բայց պատմության մեջ որպես ժողովուրդ մենք մի քանի անգամ հրաշքներ ենք գործել՝ վերածնելով մեր պետականությունը, թռչելու ունակ թիթեռի ենք վերափոխվել: Սա փաստ է, որի հետ չի կարող վիճել ոչ մի պատմաբան…Իսկ ինչպե՞ս ենք մենք տեսնում այդ վերափոխումն այսօր…Նախ եւ առաջ ընտրելով ոչ թե գիշատիչ աղվեսի սպառնալիքներից կուչ եկած եւ իր հերթական ձագին մատաղ անող կկվի ճակատագիրը, այլ ցուցաբերելով չարի վերջ բերող Թումանյանի հեքիաթի իմաստուն ագռավի վարքը: Այսօր դա նշանակում է ամուր բռնել մեզ ուղղված՝ Արեւմուտքի ձեռքը՝ ի դեմս նախ եւ առաջ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ