Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ընկերությունը կարող է ավելի «կանաչ» դառնալ

Հունիս 04,2021 21:00

Ինչպես ընկերությունը կարող է ավելի «կանաչ» դառնալ

ՔԱՐՏ 1. Ինչո՞ւ պետք է իմ ընկերությունն ավելի «կանաչ» դառնա

Արտադրությունում բնապահպանամետ մոտեցման որդեգրումը պատասխանատու ձեռնարկատիրության դրսևորում է ու կարևոր գործնական օգուտներ է բերում բիզնեսին: Նախ՝ այն նվազեցնում է ընդհանուր արտադրական ծախսերը և ապահովում նյութական ու էներգետիկ հոսքերի թափանցիկություն: Երկրորդ՝ այն մեծացնում է արտադրողականությունը՝ ձեռնարկություններին հնարավորություն տալով շարունակել ընդլայնել իրենց արտադրությունը՝ նվազագույն ռիսկերի և շրջակա միջավայրի վրա ազդեցությունների գնով: Համապատասխանությունն ու արտադրողականությունն ըստ բնապահպանական ստանդարտների և շուկայի պահանջների բարելավելը նպաստում է սպառողների ու շահագրգիռ կողմերի հետ նոր և ավելի լավ հարաբերությունների հաստատմանը:

Ընդհանուր առմամբ, այս օգուտներն ընկերությունների համար ավելի նպաստավոր մրցակցային դիրք են ապահովում ինչպես ազգային, այնպես էլ միջազգային շուկաներում:

Օրինակ, Եվրոպական միության տրամադրած աջակցության շնորհիվ 357 փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) և կազմակերպությունների համար առանձնացվել են ռեսուրսաարդյունավետ և մաքուր արտադրության (ՌԱՄԱ) մոտ 2000 միջոցներ, որոնց ինքնածախսածածկման ժամկետը կազմում է առավելագույնը 5 տարի է։

Այդ ընկերությունները տարեկան կարող են խնայել մինչև 10 միլիոն եվրո, ինչպես նաև՝
• 158 ԳՎտԺ էլեկտրաէներգիա, ինչն համարժեք է Եվրոպական միության 43 000 միջին վիճակագրական (2-3 անդամ ունեցող) տնային տնտեսությունների էներգասպառմանը,
• 1 394 490 խորանարդ մետր ջուր, ինչն համարժեք է եվրոպական 12 563 միջին վիճակագրական տնային տնտեսությունների ջրի սպառմանը,
• 44 210 տոննա հումք:

Այդ միջոցներն ամեն տարի կրճատում են ածխաթթու գազի արտանետումները 81 115 տոննայով (կարծես ճանապարհներից դուրս բերված մոտ 17 644 ավտոմեքենա) և 22 694 տոննայով՝ կոշտ թափոնները (համարժեք է Եվրոպական միության 4 364 միջին վիճակագրական բնակիչների արտադրած թափոնների քանակին):

Կարճ ասած՝ ռեսուրսաարդյունավետությունն օգնում է խթանել տեխնոլոգիական նորարարությունը, ստեղծել «կանաչ» աշխատատեղեր, ավելի կայուն արտադրանքների միջոցով օգուտ տալ սպառողներին, ինչպես նաև նոր արտահանման շուկաներ և բիզնեսի հնարավորություններ է ստեղծում տեղական ընկերությունների համար:

COVID-19 համավարակն ազդել է բազմաթիվ բիզնեսների վրա: Մի քանի ոլորտներ ուղղակի դադարել էին աշխատել, ինչն աննախադեպ ազդեցություն ունեցավ տնտեսության վրա: Այս համատեքստում՝ որևէ տեսակի ավելորդության համար տեղ չկա: Տնտեսության ոլորտների արագ վերականգնումն ապահովելու համար կարևոր է աշխատանքային գործընթացների, նյութերի, էներգիայի և ջրի օգտագործման հաշվարկումը` ծախսերը նվազեցնելու և որակը բարելավելու համար: ՌԱՄԱ-ն կարող է դառնալ տնտեսական վերականգնման կարևոր գործիք, քանի որ այն ենթադրում է սահմանափակ ռեսուրսների խելամիտ օգտագործում՝ առավելագույն արտադրական օգուտներ ստանալու համար: Գործընթացների ավելի լավ վերահսկումը, աշխատանքային պայմանների բարելավումը, քիմիական նյութերի անվտանգ կառավարումը, արդի տեխնոլոգիական բարելավումների ներմուծումը, էներգաարդյունավետությունը, թափոնների նվազեցումն ու վերագնահատումը, բնապահպանամետ ապրանքների նորարարությունները, ի թիվս այլոց, ՌԱՄԱ ռազմավարություններ են, որոնք բիզնեսներին օգնում են վերականգնման ռազմավարություն իրականացնել:

Արդյունավետ և ավելի մաքուր արտադրական պրակտիկաները, տեխնոլոգիաները և արդյունաբերական սիմբիոզներն առաջին քայլերի մի մասն են: Էկոարդյունաբերական պարկերի պիլոտավորման ուղղությամբ EU4Environment-ի գործունեության լրացուցիչ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՔԱՐՏ 2. Ինչո՞ւ է պետք ընտրել ՌԱՄԱ մեթոդաբանությունը՝ ավելի «կանաչ» դառնալու համար

ՌԱՄԱ մեթոդաբանությունն ունի տարբեր կիրառություններ՝ սկսած արտադրանքի ձևափոխումից մինչև արտադրական գործընթացների ավելի լավ վերահսկում և տեխնոլոգիաների կատարելագործում: Այս բոլոր ինտեգրված գործողությունները մեծացնում են տեղում բազմակի օգտագործման, արտադրանքի արդյունավետության և վերամշակման հնարավորությունները:

ՌԱՄԱ-ի վերլուծությունը ձեռնարկությանն օգնում է բացահայտել այն առավել կայուն դարձնելու հնարավորությունները.
• հումքի և էներգիայի աղբյուրների մանրակրկիտ ընտրություն (վերականգնվող էներգիայի առաջնահերթություն),
• արտադրական գործընթացների բարելավում՝ պատասխանատու կառավարման, արդյունավետ աշխատանքի և նորարարական ու էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների միջոցով,
• թունավոր և վտանգավոր նյութերի վերացում կամ նվազեցում,
• թափոնների, կեղտաջրերի և արտանետումների կրճատում,
• մնացորդների և թափոնների գնահատում ու ընկերությունների միջև սիներգիաների խթանում:

Փորձը ցույց է տալիս, որ ՌԱՄԱ-ի տարբերակների ավելի քան 60%-ին հատուկ են ցածր ներդրումային ծախսերը կամ համեմատաբար կարճ ինքնածախսածածկման ժամկետները, որոնք տատանվում են մի քանի ամսից մինչև երեք տարվա միջև: Դա նպաստում է ներդրումների արագ վերադարձին և խնայողություններին:

Տնտեսական օգուտներից զատ, այս պրակտիկաների արդյունքները բարելավում են ընկերությունների բնապահպանական և սոցիալական ցուցանիշները՝ բարելավելով նրանց բիզնեսի իմիջը շուկայում: Դրանք նաև ապահովում են պահանջներին հետևում և դյուրացնում են ազգային և միջազգային ֆինանսական հաստատությունների միջոցով հասանելի «կանաչ» վարկերի մատչելիությունը՝ նշված պրակտիկաների թանկարժեք տարբերակների ներդրման համար: Ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը հիմնական կատարողական ցուցանիշների շարքում ներառելով՝ ՌԱՄԱ-ն ՓՄՁ-ները կապում է կլիմայի փոփոխության մեղմացմանը նպաստող ֆինանսական մեխանիզմների հետ՝ խրախուսելով ընկերություններին բարելավել էներգաարդյունավետությունը և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը:

ՔԱՐՏ 3. Ինչպե՞ս է ՌԱՄԱ-ն օգնում նվազեցնել ծախսերը

ՌԱՄԱ-ն միջազգայնորեն ճանաչվել է որպես բոլոր տեսակի ձեռնարկություններում ռեսուրսների օպտիմալացման գործիք.

• Արտադրական գործընթացներում ՌԱՄԱ-ն կենտրոնանում է հումքի, ջրի և էներգիայի խնայողության վրա՝ միաժամանակ վերացնելով թունավոր և վտանգավոր նյութերը և նվազեցնելով արտանետումներն ու թափոններն անմիջապես դրանց սկզբնավորման աղբյուրում,

• արտադրանքի պարագայում ՌԱՄԱ-ն վերլուծում է արտադրանքի արժեքային շղթայում և կենսացիկլում ռեսուրսների պահանջարկը: Այն խթանում է էկոնախագծման սկզբունքները, որոնք բարելավում են արտադրանքի երկարակեցությունը և (կամ) վերամշակելիությունը` կենսացիկլի ընթացքում բացասական ազդեցությունները նվազեցնելու համար:

• սպասարկման ոլորտի ձեռնարկությունների պարագայում ՌԱՄԱ-ն ներմուծում է շենքերում և տրանսպորտում էներգետիկ պահանջարկը նվազեցնելու կառավարման պրակտիկաներ և տեխնոլոգիաներ: Պատասխանատու գնումներ կատարելու, թափոնների առաջացումը նվազագույնի հասցնելու և վերամշակման ծրագրերը խթանելու համար կառավարման, տեխնոլոգիաների և նյութատեխնիկական ապահովման կատարելագործումը սպասարկող ձեռնարկությունների ներգրավման և շրջանաձև պրակտիկաների (վերանորոգում, կրկնօգտագործում) նկատմամբ նորարարությունների խթանման միջոց է:

Օրինակ՝ թափոնների աղբյուրները քարտեզագրելով և թաքնված պատճառները որոշելով՝ մի ընկերություն իր վաֆլու արտադրության հոսքագծում հայտնաբերել է արտադրանքին չհամապատասխանող՝ 15%-ին համարժեք կորուստ: Արտադրանքի բաղադրատոմսի ճշգրտման, գործառնական վերահսկողության բարելավման և սերուցքային նոր սարքավորման տեղադրման միջոցով ընկերությունը ոչ միայն հասավ իր արտադրած վաֆլիի որակի բարելավմանը, այլև անհամապատասխանության մակարդակը իջեցրեց մինչեւ 5%:

ՔԱՐՏ 4. Որո՞նք են ՌԱՄԱ ներդրման կոնկրետ քայլերը

ՌԱՄԱ-ն իրականացվում է հետևյալ հերթականությամբ՝ պլանավորում, իրագործում, ստուգում, իրականացում․

• «Պլանավորի՛ր»՝ գործելու պատրաստակամություն. այն սկսվում է ընկերության ղեկավարության հաստատակամ հանձնառությունից` կենտրոնանալով այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են արտադրանքի ձևավորումը, գնումները, արտադրությունը, վաճառքը և սպասարկումը: Այնուհետև ստեղծվում է ընկերության ՌԱՄԱ թիմը` սկզբնաղբյուրի մակարդակում անարդյունավետությունն ու կորուստները բացահայտող գնահատման գործընթացն առաջնորդելու համար: Համապատասխան առաջնահերթությունները որոշելու համար մշակվում է նախնական գնահատում՝ օգտագործելով այնպիսի գործիքներ, ինչպիսիք են՝ տեխնոլոգիական գործընթացի գծապատկերումը, թափոնների քարտեզագրումը և համեմատական հետազոտությունները:

• «Կատարի՛ր»՝ գնահատում. նյութական և էներգետիկ մանրամասն հաշվեկշիռներն օգտագործվում են ծախսերի և շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից ռեսուրսների առավել կարևոր հոսքերի աուդիտի համար: Դրանից հետո կիրառվում են էկոնախագծման սկզբունքները և սկզբնապատճառների վերլուծությունը` բարելավման տարբերակները բացահայտելու համար: Դրան հաջորդում է ՌԱՄԱ տարբերակների աստիճանակարգության կիրառումը (նյութերի ընտրություն, պատշաճ տնային տնտեսության վարում, բարելավված հսկողություն, համապատասխան տեխնոլոգիաներ, ներքին վերամշակում, արտաքին վերամշակում): Այնուհետև իրականացվում է ՌԱՄԱ տարբերակների տեխնիկական, տնտեսական և բնապահպանական նպատակահարմարության գնահատում՝ ընկերության կողմից իրականացվելիք գործողությունների ծրագիր մշակելու համար,

• «Ստուգի՛ր»՝ մշտադիտարկում. մշտադիտարկման համակարգը նախատեսված է գնահատման ընթացքում հաստատված հիմնական կատարողական և գործառնական ցուցանիշները չափելու համար: ՌԱՄԱ մշտադիտարկման համակարգը նախատեսված է ռեսուրսների օգտագործմանը հետևելու (ծախսերի / արդյունքների վերլուծություն, գործընթացի, կենսացիկլի, կառավարման ցուցանիշներ և այլն) և թափոնների ու արտանետումների իրական գնահատման համար՝ շարունակաբար նոր հնարավորություններ որոնելու և արդյունքները ներքին ու արտաքին շահագրգիռ կողմերին հաղորդելու նպատակով,

• «Գործի՛ր»՝ կառավարման համակարգի հետ կայուն ինտեգրում. վերջին նվաճումը տեղի է ունենում գործողությունների ծրագրի պատրաստման, գնահատման ընթացակարգի և հաղորդակցման ռազմավարության հաշվին՝ ընկերության լրացուցիչ թեմատիկ ոլորտները ներառող ՌԱՄԱ տարբերակների իրականացումը շարունակելու համար:

ՔԱՐՏ 5. Ինչպիսի՞ աջակցություն է հասանելի ընկերությունների համար

Եվրոպական միությունն աջակցում է Արևելյան գործընկերության տարածաշրջանի երկրների անցմանը դեպի ավելի «կանաչ», արդյունավետ և կայուն տնտեսություններ` միաժամանակ արձագանքելով բնապահպանական մարտահրավերներին և բարելավելով քաղաքացիների շրջակա միջավայրի բարեկեցությունը: ԵՄ աջակցությունն ուղղված է ինչպես տեխնիկական, այնպես էլ ֆինանսական կարիքներին:

ՌԱՄԱ-ն «EU4Environment» (ԵՄ-ն շրջակա միջավայրի համար) ծրագրի գերակա ուղղություններից մեկն է: ՌԱՄԱ-ի Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ազգային գործընկերները EU4Environment-ի շրջանակներում և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) տեխնիկական աջակցությամբ խթանում են ՓՄՁ-ների շրջանում ՌԱՄԱ օգտագործումը: Ազգային գործընկերներն ընկերություններին տրամադրում են խորհրդատվական ծառայություններ ու իրականացնում ՌԱՄԱ աուդիտ, պատրաստում են փորձագետներ ու բարձրացնում ՌԱՄԱ մասին իրազեկությունը, ինչպես նաև նպաստում են «կանաչ» ֆինանսավորման մատչելիությունը:

Եվրոպական միությունը՝ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությամբ, ինչպիսիք են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Եվրոպական ներդրումային բանկն ու Գերմանական զարգացման KfW բանկը, «EU4Business» (ԵՄ-ն բիզնեսի համար) նախաձեռնության շրջանակներում, ինչպես նաև «Կանաչ աճի» հիմնադրամի և FINTECC EU4Climate պատուհանի միջոցով տրամադրում է նաև «կանաչ» ներդրումների ֆինանսավորում: 2020 թ.-ին Եվրոպական միությունը տրամադրել է մոտ 100 միլիոն եվրոյի երաշխիք՝ աջակցելու ՎԶԵԲ-ի շուրջ 300 միլիոն եվրոյի ներդրումներին և մասնավոր հատվածի սուբյեկտներից ավելի քան 500 միլիոն եվրո ընդհանուր գումարով ներդրման համար լրացուցիչ վարկերին: Ի թիվս այլոց, այս աջակցությունը կնպաստի «կանաչ» ներդրումների միջոցով COVID-19-ից վերականգնմանը, այդ թվում՝ Արևելյան գործընկերության երկրներում:

Ավելին կարող եք իմանալ ԱլԳ ՓՄՁ-ների ռեսուրսաարդյունավետ և կանաչ արտադրության ֆինանսավորման համար շահագրգիռ կողմերի ուղեցույցից:

ՔԱՐՏ 6. Ինչպե՞ս կարող եմ «կանաչ» տեխնոլոգիաներն օգտագործել Հայաստանում

Կարող եք կապ հաստատել Հայաստանում «Ռեսուրսաարդյունավետ և մաքուր արտադրություն» ծրագրի հետ (https://recp.am/), որը ֆինանսավորվում է «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» գործողության շրջանակներում և իրականացվում «Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն» անկախ, շահույթ չհետապնդող կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից: «Ռեսուրսաարդյունավետ և մաքուր արտադրություն» ծրագիրն առաջարկում է խորհրդատվական ծառայություններ՝ ՌԱՄԱ մեթոդաբանության ներդրման, կառավարման և ինստիտուցիոնալացման վերաբերյալ, ինչպես նաև իրականացնում է փորձագետների պատրաստում, ՌԱՄԱ գնահատում, ՓՄՁ-ների համար առաջարկությունների փաթեթների պատրաստում:

Հայաստանում ՌԱՄԱ միջոցառումների ներդրման հաջողության պատմությունների օրինակներ առկա են տարբեր ոլորտներում: Օրինակ՝ ՌԱՄԱ-ին ուղղված 7400 եվրոյի ներդրման շնորհիվ մարտկոցներ արտադրող մի ընկերություն հաջողել է ամեն տարի խնայել ավելի քան 15 000 եվրո: Մեկ այլ ընկերություն ներդրել է ջրի կրկնօգտագործման համակարգ՝ օժանդակ հովացման համակարգին ուղղված գործընթացի մնացորդային ջուրն արտադրական միավորների մարտկոցների համար օգտագործելու նպատակով, ինչի արդյունքում կոնկրետ արտադրանքի համար ջրի սպառումը կրճատվել է 16%-ով:

Մի գյուղատնտեսական կոոպերատիվ էլ իր էներգետիկ ծախսերը կրճատել է 20%-ով՝ չրերի արտադրության համար տեղադրելով կոնվեկտիվ արևային չորանոցներ և արևային ջրատաքացուցիչ` այդպիսով էլեկտրաէներգիայի և բնական գազի սպառումը կրճատելով համապատասխանաբար 21 և 12%-ով:

Հայաստանում այս և այլ հաջողության պատմությունների մասին ավելին իմանալու համար այցելեք այստեղ:

EU Neighbours east թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930