«Ազատ հայրենիք» դաշինքի անդամ, «Ազգային ժողովրդավարներ կուսակցության» նախագահ Արշակ Սադոյանի գնահատմամբ, թեպետ նախկին իշխանություններն աղքատիկ ժառանգություն էին թողել, բայց այն, ինչը հետո կատարվեց, ստախոսության եւ կեղծիքի արդյունք էր. «Դուխովի գլխարկ դնելով` կործանեցին մեր երկիրը, վտանգի տակ է դրված աշխարհի տասը միլիոն հայության ապագան եւ լկտիությունն այն աստիճանի է հասել, որ իրենց կարգախոս են գրում` «Ապագա կա». ի՞նչ ապագա` խղճուկ, կիսագաղութայի՞ն»:
Արշակ Սադոյանը մի քիչ դժվար է հասկանում նաեւ «Պատիվ ունեմ» կարգախոսը:
Նրա գնահատմամբ, մեր երկրին ազնվությունն է պակասում եւ այդ առումով, դաշինքը կարգախոսի առաջին կետ է ընտրել` ազնվությունը, երկրորդը` իմաստնությունը. «Դուխով հիմարությունը մի կողմ թողնել եւ գնալ իմաստնության եւ ունենալ քաղաքական կամք»:
Դաշինքի կարգախոսն է` «Ազնվություն, իմաստնություն»:
Կարդացեք նաև
Այսօր կայացած մամուլի ասուլիսում Արշակ Սադոյանն ասաց, որ հեռահաղորդակցության ժամանակակից հնարավորությունների կիրառմամբ պետք է ներգրավվել սփյուռքին եւ աշխարհով մեկ հնարավորություն ստեղծել, որպեսզի ձեւավորվի ժամանակակից, գիտելիքահեն, տեղեկացված եւ միաձույլ հանրություն, որը իբրեւ ամբողջական կառույց կկարողանա թե հայրենիքի անվտանգության ապահովմանն աջակցել, թե աշխարհում մեր հայրենակիցների բարեկեցիկ կյանքին:
Դաշինքի անդամ, Հայաստանի կանաչների կուսակցության ներկայացուցիչ Գեւորգ Արզումանյանն էլ խոսեց բնապահպանական խնդիրների վերաբերյալ դաշինքի մոտեցումներից: Ըստ այդմ, անհրաժեշտ են օդային, ջրային, հողային պաշարների գույքագրում և, ըստ այդմ, զարգացման ծրագրերի առաջարկում: Հանքարդյունաբերական ծրագրերի վերանայում, այս մասով հարկային բեռի ավելացում:
«Ազատ հայրենիք» դաշինքին է միացել նաեւ «Արդարություն» կուսակցությունը:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ