Կարևորելով սահմանամերձ համայնքներում դպրոցաշինական ծրագրերի որակյալ իրականացումը, հանրակրթական, միջին մասնագիտական և բուհական կրթության զարգացման ծրագրերի իրագործումը, ինչպես նաև առկա խնդիրներին արագ արձագանքելու անհրաժեշտությունը` ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզի Գորիս համայնքում:
Վահրամ Դումանյանի այցը մեկնարկել է Գորիսի թիվ 1 ավագ դպրոցից, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Նախարարը շրջել է դպրոցի տարածքում, ծանոթացել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, զրուցել շինարարների, դպրոցի տնօրենի և ուսուցչական կազմի հետ: Նշենք, որ Գորիսի թիվ 1 ավագ դպրոցի հիմնանորոգումն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համատեղ ֆինանսավորմամբ:
Սահմանամերձ համայնքներում միջին մասնագիտական կրթության ապահովման և զարգացման համատեքստում Վահրամ Դումանյանն այցելել է նաև Գորիսի պետական քոլեջ, ծանոթացել ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազային, տնօրենի հետ քննարկել միջին մասնագիտական կրթության և ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Այցի շրջանակում Վահրամ Դումանյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ Ազգային ժողովի՝ Սյունիքի մարզից ընտրված պատգամավորները, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մասնակցել են Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի «Վերջին դասին» նվիրված միջոցառմանը, ինչպես նաև այցելել են Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց, որտեղ ևս աշակերտները տոնական հանդիսություն են ներկայացրել:
Կարդացեք նաև
Հավելենք, որ Սյունիք կատարած այցի շրջանակում Վահրամ Դումանյանն այցելել է նաև Գորիսի պետական համալսարան:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ