Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածուն Անդրիաս Ղուկասյանն է

Հունիս 04,2021 19:40

Հայ կառուցողական կուսակցության նախագահ, «Ազատ հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի ներկայացմամբ, այս դաշինքում միավորման գլխավոր նպատակը անվտանգության համակարգի վերականգնումն է:

«Ազատ հայրենիք» դաշինքն այսօր ներկայացնում էր նախընտրական ծրագիրը:

Դաշինքում շատ կարեւորում են նաեւ հանրության հոգեւոր անվտանգության ապահովումը: Իսկ այդ նպատակների իրականացումը հնարավոր են համարում միայն անկախ արտաքին քաղաքականության գոյության պարագայում: Հայաստանն, ըստ բանախոսի, մինչ օրս իր ընտրած միակողմանի արտաքին քաղաքականությամբ, չի կարող դրանք իրացնել առկա, մինչդեռ բազմաթիվ պետություններ` ԱՄՆ-ը, Ֆրանսիան, եվրոպական այլ պետություններ, աջակցություն են հայտնում մեզ:

ԱՀ-ի ճանաչման հարցը նույնպես դաշինքի օրակարգում է: Կարծում են, որ սա հստակություն է մտցնում մեր պետության դիրքորոշման մեջ. «ԱՀ ճանաչումը, Արցախի տարածքային ամբողջականության ճանաչումն այն նախապայմաններն են, որոնց առկայության պարագայում կարող է խաղաղություն ճանաչվել Ադրբեջանի հանրապետության հետ: Առանց Շուշիի, Հադրութի, Շահումյանի շրջանի հետ վերադարձի հայկական վերահսկողության տակ, խաղաղության որեւէ տարբերակ հայկական կողմին չի կարող պարտադրվել»:

Տնտեսության կայուն զարգացումը նույնպես դաշինքի գլխավոր նպատակներից է: Այն փոխկապակցված է հայրենադարձության հետ, ազգային-բնական ռեսուրսների անվտանգ եւ թափանցիկ օգտագործման, ֆինանսավարկային բարեփոխումների իրականացման, հարկային բեռի նվազեցման, ժամանակակից գիտակրթական համակարգի ներդրման հետ: Վերջին կոմպոնենտն առնչվում է նաեւ անվտանգության համակարգի ամրապնդման հետ: Դաշինքում չեն անտեսել հասանելի առողջապահական համակարգի գոյությունը: Ընդհանուր առմամբ, հռչակել են 12 առաջնահերթություն:

Այս նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզը կհրապարակվի քարոզարշավի առաջին օրը` ԿԸՀ կայքում ծրագրի հրապարակմամբ:

Անդրիաս Ղուկասյանն անդրադարձավ անվտանգային գործոնին` ասելով. «Տարածաշրջանում անվտանգություն` խաղաղության դիրքերից, քանի դեռ կան Իլհամ Ալիեւի ռեժիմը, Էրդողանի ռեժիմը, լինելու է անհասանելի: Ուստի, մեր անվտանգությունը պետք է լինի ուժի դիրքից: Հայկական բանակը պետք է վերազինվի, վերապատրաստվի եւ մենք ունենք ճանապարհ` ինչպես դա անել, այդ թվում, օգտագործելով միջազգային օժանդակությունը: Հայկական բանակը պիտի համապատասխանի եվրոպական չափանիշներին եւ ի վիճակի լինի վերականգնել ռազմական բալանսը տարածաշրջանում: Հայկական բանակի հզորությունը պետեք բավարար լինի Ադրբեջանին պարտության հասցնելու համար եւ Թուրքիայից հարվածներ կանխելու համար»: Բանակի վերազինման, վերապատրաստման եւ վերակազմակերպման հարցում անհրաժեշտ է լինելու ողջ հանրության ներուժը:

Այս հարցերի հենարանը տնտեսական զարգացումն է: Վերլուծելով իրավիճակը, դաշինքում գտել են դրա բանալին` Աբել Աղամբեկյանի առաջարկներով ՀՀ-ում արդյունաբերության վերականգնումն է: Դաշինքում գտնում են, որ հարկավոր է ստեղծել ութ արդյունաբերական կենտրոններ` պետության կողմից հողատարածքներ հատկացնելով միջազգային ընկերություններին, որոնք տեխնոլոգիաներ եւ գիտելիք կբերեն մեր երկիր: Արդյունավետ գործելու անհրաժեշտ պայմանները եւ ինֆրաստրուկտուրաները թողնվում են պետության պատասխանատվության վրա: «Այլեւս երբեք, Հայաստանում արտասահմանյան ներդրումները չպետք է դառնան պաշտոնյաների հարստացման աղբյուր»,- ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930