Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքը թույլ է տալիս՝ այս փուլում այդ կարգավիճակով Արթուր Վարդանյանը մտնի քաղաքական դաշտ». Լևոն Բաղդասարյանը՝ «զինված խմբի» գործով անցնող Արթուր Վարդանյանի մասին

Հունիս 04,2021 18:55

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հունիսի 4-ին շարունակվեց ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված «Նորք Մարաշի զինված խմբի» գործով դատական նիստը: Դատավարությունը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորք–Մարաշում վնասազերծվել է զինված խումբ:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, ՀՀ կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա:

Նշենք, որ Արթուր Վարդանյանն ազատության մեջ է 1 մլն դրամ գրավի դիմաց, երբ կալանավորումից չորս տարի անց՝ 2019թ-ին փոխվեց նրա խափանման միջոցը։

Aravot.am-ի հետ զրույցում Արթուր Վարդանյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն ասաց. «Մոտ երեք տարի Արթուրը ԿԲԳ-ի նկուղում  զնդանվեց, զուգահեռ ապօրինի կալանքի բողոքը՝ խոշտանգման փաստի հիմքով ուղարկեցինք ՄԻԵԴ: Եվ ՄԻԵԴ-ն արձանագրեց իրավունքի խախտման փաստը ու առաջիկա օրերին կներկայացնի նաև իրավական գնահատական: Հերթական անգամ հարկատուների գրպանից պետք է փոխհատուցվի Արթուր Վարդանյանի նյութական և բարոյական վնասը: Տեղեկացանք՝ այս ընթացքում ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ և  խնդրել լրացուցիչ ժամկետ: Չգիտեմ՝ կամ բանակցելու Արթուրի հետ՝ կապված փոխհատուցման հարցով կամ էլ երևի թե միգուցե նոր դիրքորոշում հայտնելու համար»:

Այսօրվա դատական նիստի հետ կապված հետաքրքրվեցինք՝ ապացույցների հետազոտման ժամանակ ի՞նչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել, Լևոն Բաղդասարյանը պատասխանեց. «Կարելի է ասել՝ գործն ավարտական փուլում է: Նախագահող դատավորը հնարավորության սահմաններում ինտենսիվ տանում է գործը: Ապացույցների հետազոտման կարևոր փուլում ենք: Գաղտնալսումն է  բարձրաձայնվում Արթուրի և իր համախոհների հետ, որտեղ կարմիր թելով գնում է և երևում, որ նրա նպատակն է եղել այն, որ Սահմանադրությանը ոչ է ասել, համապատասխան թռուցիկներ են պատրաստել: Ցավոք, այսօր տեսնում ենք, որ այդ Սահմանադրությունը՝ նախագահի վրա կարած սահմանադրությունն օգտագործվում է նաև այս իշխանության կողմից. դրա բացասական հետևանքներն այսօր տեսնում ենք: Այդ գաղտնալսման ժամանակ խոսվում է, որ պետք է ոչ ասել Սահմանադրությանը, պիկետներ անել, որպեսզի մեկ անձի վրա կարված այդ Սահմանադրությունը չընդունվի»:

Հունիսի 4-ին տեղի ունեցած դատական նիստին չէր ներկայացել գործով անցնող մեղադրյալներից մեկը, որն այս պահին գտնվում է մարտական դիրքերում. կամավորագրվել է:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ին:

Լևոն Բաղդասարյանի հետ զրույցում փաստեցինք՝ Համահայկական ազգային պետականություն (ՀԱՊ) կուսակցության վարչապետի թեկնածուն Արթուր Վարդանյանն է և հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է «զինված խմբի» գործով Արթուր Վարդանյանի իրավական կարգավիճակը համատեղելի նա քաղաքական գործունեության հետ, փաստաբանը պատասխանեց. «Ես այդ կուսակցության լիազոր ներկայացուցիչն եմ՝ թեպետ հիմնադիր անդամ, կուսակցական չեմ: Այդ քրեական գործը, որ կարված է Նորք Մարաշի խմբի, նաև Արթուր Վարդանյանի վրա, հեռանկար չի կարող ունենալ. հնարովի մեղադրանք է: Կարծում եմ՝ արդարադատությունը կհաղթի: Օրենքը թույլ է տալիս այս փուլում այդ կարգավիճակով, որում Արթուր Վարդանյանն է, նա մտնի քաղաքական դաշտ, ինչը օրենքով սահմանված կարգով արվել է: Այսօր հանրությունն արտահերթ ընտրությունները պետք է առաջնային պլան մղի, և ընտրություններից հետո արդեն կերևա՝ ինչ քաղաքական ուժ է գալիս և դրա հետագա քաղաքական և իրավական հետևանքները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930