Լրահոս
Օրվա լրահոսը

«Թշնամին տեխնիկա է բերել ինժեներական աշխատանքներ է կատարում, 3-4 օր է այդ հատվածից ջուրը պղտոր է գալիս. Վերին Շորժա համայնքի ղեկավար

Հունիս 04,2021 18:14

Վարդենիսի, Վերին Շորժայի սարատեղի կոչվող հատվածից եկող ոռոգման ջուրն արդեն քանի օր է՝ պղտոր ու գունափոխված է: Հենց այդ հատվածում են մայիսի 12-ից տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները: Ադրբեջանցիները դիրքավորվելուց հետո արդեն քանի օր է՝ ինժեներական աշխատանքներ են կատարում: Այս մասին ահազանգում է Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Երանոսյանն ասաց, որ սարատեղիում վարդենիսցիների եւ իրենց մի քանի այլ գյուղերի անասունների արոտավայրեր են, որտեղ տասնամյակներով գյուղացիներն իրենց անասուններին էին արածեցնում: Բայց արդեն քանի շաբաթ է՝ անգամ այդ սարի լանջին չեն կարողանում անասուններին արածեցնել: Նրա խոսքով՝ «ոչ ոք չէր պատկերացնի, որ այդքան բարձր սարը թշնամին իր կողմից կբարձրանա ու մի հատ էլ կիջնի ներքեւ, մեր բնակավայրերին այդքան մոտ: Հիմա էլ տեխնիկան բերած՝ աշխատանքներ են կատարում արդեն 3-4 օր է: Մինչ այդ այդպիսի շարժ չկա, միայն թուրքերն էին նստած»:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մտահոգություն էր հայտնել, որ հակառակորդի տիրապետության տակ են հայտնվել նաեւ Գեղարքունիքի մարզի ջրային պաշարները: Այս առնչությամբ Արտյոմ Երանոսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ դա ջրավազան է, որտեղից ոռոգման ջրագիծ, նաեւ խմելու ջուր է իջնում: Նրա խոսքով, այդ ջրերից օգտվում են մարզի Ջաղացաձորը, մի քանի այլ գյուղեր նաեւ Վերին Շորժայի մի ֆերմա:

Համայնքի ղեկավարն ասաց, որ Վերին Շորժայի համար առանձին ջրագիծ էլ ունեն:

Արտյոմ Երանոսյանի խոսքով, տարածքը որտեղ դիրքավորվել են ադրբեջանցիները Վարդենիսի սարատեղիին հարակից մեկ այլ սարատեղի է, որը պատկանում է Սարի Աղուդ գյուղին: Բայց այդ սարատեղիից, ըստ համայնքի ղեկավարի, վերջին տարիներին մարդիկ չէին օգտվում. «Հիմա այդ հատվածում նստած են թուրքերը: Հենց այդ հատվածում էլ տեխնիկան գցած աշխատանքներ են կատարում»:

Արտյոմ Երանոսյանն ասաց, որ մայիսի 12-ից այս կողմ Վերին Շորժայի եւ հարակից բնակավայրերի մարդկանց անդորրը խախտված է:

Մեր հարցին՝ ադրբեջանցիների՝ տեխնիկա գործի դնելու առիթով որեւէ արձագանք եղե՞լ է ՀՀ զինված ուժերի կողմից, իշխանություններն արձագանքե՞լ են այդ փաստին, Արտյոմ Երանոսյանն ասաց, որ տեղյակ չէ՝ զինված ուժերն արձագանքել է, թե՞ ոչ. «Ուժային կառույցը մեզ մոտ, մեր սահմանին նստած է, թե բանակցել են, խոսել են, տեղյակ չենք»:

Ասաց, որ համայնքի պատասխանատուներն էլ որեւէ քայլ չեն ձեռնարկել, ադրբեջանական կողմի հետ այդ հարցերի շուրջ չեն խոսել: Նրա խոսքով, ադրբեջանցիներն այնքան են մոտեցել սարատեղիին, որ մարդիկ սեզոնին այլեւս չեն կարող բարձրանալ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930