«Անվտանգության խնդիրներից ավելանալու են նաեւ սոցիալական խնդիրները: Իրենք ի՞նչ են անում: Ադրբեջանի ԶՈւ ներկայությունն ինքնին կոնվենցիաների խախտում է: Գեղարքունիքում նրանք սպառնում են մեր հովիվներին: Գոռգոռալով, սեռական հայհոյանքներով սպառնում են, մարդիկ կան, իրենց լեզուն հասկանում են, ռուսերեն են խոսում: Մենք ունեցել ենք դեպքեր Սյունիքում, երբ երկու հովիվներից մեկին ձիուց գցել էին ներքեւ, մյուսին բռնել էին, փորձել էին գլխով հարվածել գլխին, ընդ որում, 65-ամյա հովիվի հեռախոսն էին հափշտակել: Հիմա, ճիշտ է, բանակցությունների արդյունքում հեռախոսը եւ 42-ից 37 անասուններ վերադարձվել են, բայց երկու ցուլ փախել էր այնտեղ, չէին էլ վերադարձրել: Մենք մարդու իրավունքների բաղադրիչը պետք է դնենք հիմքում, չենք դնում՝ դրա համար էլ պետությունը ձախողում է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա հորդորեց սահմանազատման, սահմանագծման աշխատանքներին մոտենալ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից:
Հարցին՝ Փաշինյանն առաջարկում է, որ երկու կողմից հայելային սկզբունքով հետ գնան, Թաթոյանը արձագանքեց, որ այդ մոտեցումը ՀՀ քաղաքացների իրավունքների վերականգնումը չի ապահովելու. «Միջազգային դիտորդը գա այդտեղ նստի, մեր քաղաքացիների իրավունքները մնալու են: Մեր քաղաքացիները պետք է իրենց արոտավայրերից, տներից օգտվեն: Մեր քաղաքացիների այդ իրավունքները շարունակելու են մնալ խախտված: Մենք հիմքում դնում ենք մարդուն, ասում ենք՝ ԵԱՀԿ ուղեցույցներ կան, որոնք հստակ ասում են՝ սահմանների որոշման արդյունքում մարդու բնականոն կյանքը չպիտի խախտվի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ