Հունիսի 3-ին Արմավիր քաղաքում կայացավ «5165» շարժման խորհրդի անդամների և շարժման համախոհների հանդիպումը։
Շարժման առաջնորդ Կարին Տոնոյանն իր ողջույնի խոսքում մասնավորապես անդրադարձավ հանրության կողմից քաղաքական և ազգային գործընթացների նկատմամբ անտարբերությանը՝ նշելով, որ այս պահին Հայաստանը կանգնած է ոչ միայն պարզապես պետականության, այլև ինքնության ու արժեհամակարգերի տապալման սահմանագծին։
«Եթե անհայրենիքներին ես թողնում քո երկրի իշխանությունը, հենց նրանք են իրենց անարժեք մղումներով որոշում քո՛ ճակատագիրը, քո՛ երեխաների ու քո՛ թոռների ճակատագիրը։ Այդ դեպքում հենց անհայրենիքներն են լուծում Հայրենիքի ճակատագիրը։ Մեր հստակ նպատակը հայապահպանությունն է։ Հայի պահպանությունը՝ հենց իր տանը։ Այդ նպատակին հասնելու հիմքում ազգայինն է, ինքնության վերականգնումը և պետականության պաշտպանությունը։ Վերադարձ անցյալին չպետք է լինի, չի լինելու որևէ անցյալում մնացած դեմքով կամ անձով։ Նրանք բոլորն են միասնական ուժերով փորձել քանդել երկրի սյուները, հիմքը։
Մենք միավորում ենք նրանց, որոնք պատրաստ են ծառայել, ծառա լինել Հայրենիքի համար, ոչ թե Հայրենիքը ծառայեցնել իրենց շահերի համար», – նշեց Տոնոյանը։
Աշխարհաքաղաքական մարտահրավերների, Հայաստանի նոր անվտանգային ճարտարապետության ու պաշտպանական խնդիրների վերաբերյալ ելույթ ունեցավ շարժման համահիմնադիր Հովհաննես Ղազարյանը, որը մասնավորաբար անդրադարձավ թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական և տնտեսական փոխհարաբերությունների խորացմանն ու այդ համատեքստում Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգներին։
Կարդացեք նաև
«Առնվազն տարօրինակ է, որ նման նյութատեխնիկական ապահովվածության, հետպատերազմյան նման իրավիճակում Զինված ուժերի կարիքների բավարարման գործից կտրված այս իշխանությունները միլիարդավոր դրամներ պարգևավճարներ են բաժանել՝ նվազագույն գումարներ անգամ չծախսելով սահմանների ամրաշինական աշխատանքների իրականացման ու սահմանի ամրացման համար։ Եթե չդրսևորեցինք ողջամտություն, եթե մի նպատակի շուրջ չկոնսոլիդացվեցինք բոլորս, ապա ծառացած մարտահրավերները կարող են ջախջախիչ դառնալ Հայաստանի համար», – եզրափակեց Ղազարյանը։
Շարժման համահիմնադիր Արման Սահակյանը անդրադարձավ հայ-ռուսական երկկողմ և ՀԱՊԿ անդամ երկրների հետ խորքային համագործակցության հեռանկարներին և բացերին, որոնք կարիք կա կարճաժամկետ հեռանկարում վերածել նոր հնարավորությունների։ Ըստ Սահակյանի, Հայաստանն ունի անհրաժեշտ բոլոր միջոցները ԵԱՏՄ շրջանակներում իրացվելու ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական ներուժի տեսանկյունից։
«Առանձին-առանձին մենք կարողացել ենք մեր ոլորտներում անել հնարավորն ու անհնարինը։ Սակայն համակարգային կանոնակարգում չենք տեսել, չենք տեսել նպատակաուղղված զարգացման ծրագիր, չենք տեսել ազգային նպատակներին հասնելու հստակ տեսլական։ Մենք եկել ենք շտկելու շեղված ուղեծրի խնդիրը։ Մենք պատրաստակամ ենք անել այն, ինչին ունակ չեն եղել ո՛չ նախկինները, ո՛չ էլ ներկաները», – ասաց Սահակյանը։
ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն արմավիրցիներին ներկայացրեց իրավիճակը սահմանին՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում շարժման անդամները պարբերաբար այցելում են Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային դիրքեր։ Բացելով որոշ չակերտներ՝ Արսեն Գրիգորյանը նշեց, որ իրավիճակը նյութական ապահովման տեսանկյունից, մեղմ ասած, անբավարար է, ինչը լուրջ խոչընդոտներ է ստեղծում հայրենիքի պաշտպանների համար։
«Մենք տարանջատվել ենք սահմանից, սակայն հենց այս պահին հայ զինվորը մեր կարիքն ունի։ Քաղաքից հեռու, բնակավայրերից անտեսանելի դիրքերում մեր տղերքը օրնիբուն ծառայություն են իրականացնում՝ պահպանելով մեր անդորրը, բայց այդ սուրբ առաքելության իրականացման համար նրանք չունեն տարրական, առաջնային անհրաժեշտության բազմաթիվ բաներ։ Մենք պարտավոր ենք ուս-ուսի տված կանգնել նրանց կողքին՝ ինչի համար էլ, որ դա պետք լինի», – մանրամասնեց Գրիգորյանը։
Նշենք, որ «5165» շարժումը հայտ է ներկայացրել մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Քաղաքական ուժի ձևավորման հիմքում ազգային-պահպանողական գաղափարներն են։
«5165» ՇԱՐԺՈՒՄ