«Անընդունելի է ժամը 7-8-ից հետո նման բաներով արդարանալը: Ի՞նչ է նշանակում ժամը 7-ից հետո ես պաշտոնյա չեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի եւ լրագրող Անուշ Դաշտենցի միջադեպի մասին՝ այսպիսի գնահատական տվեց ՄԻՊ Արման Թաթոյանը: Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը խլել էր իրեն նկարահանող լրագրողի հեռախոսը, ջնջել տեսանյութն ու ուղարկել նրան՝ հետո արդարանալով, որ ինքը սահմանադրական իրավունքներ ունի, ժամը 7-ից հետո ընկերների հետ շրջում էր:
Թաթոյանն ասաց. «Պաշտոնյան միշտ է պաշտոնյա, անկախ նրանից՝ աշխատանքային ժամից հետո է, շաբաթ-կիրակի է: Ինքը կարող է իր աշխատասենյակում չի եղել այդ պահին, բայց դա չի նշանակում, որ նա պաշտոնյա չի: Ես նման բացատրությունները անընդունելի եմ համարում: Դուք պատկերացնո՞ւմ եք, որ ժամը 7-ից հետո մարդու իրավունքների պաշտպանը սկսի կուսակցություններին պաշտպանող հայտարարություններ անել ու ասել՝ ժամը 7-ից հետո նորմալ է, ես օմբուդսմեն չեմ»:
Թաթոյանն առաջարկեց լրագրողին դիմել իրենց գրասենյակ՝ ասելով, որ այդտեղ կան իրավախախտման հատկանիշներ: Օմբուդսմենը հիշեցրեց, որ միջազգային սկզբունքներ կան, լրագրողը ցանկացած պահի կարող է մոտենալ պաշտոնատար անձի ու հարցեր տալ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ