Լրահոս
Օրվա լրահոսը

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին պետության կողմից աջակցության տրամադրելու կարգում առկա են անհամաչափ սահմանափակումներ․ ՓՊ

Հունիս 04,2021 17:34
pastaban

Իրավաբանական օգնություն ստանալու համար դիմած քաղաքացիների հետ աշխատանքների ընթացքում բարձրացված հարցերի ամփոփմամբ և ՀՀ փաստաբանների պալատում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին պետության կողմից ամենամսյա դրամական վճարի ձևով աջակցության տրամադրելու կարգում առկա են անհամաչափ սահմանափակումներ:

Խնդիրն այն է, որ թեև առկա կարգավորումներով ամենամսյա դրամական վճարի ձևով աջակցություն է նախատեսվում գտնվելու վայրն անհայտ զինծառայողի ամուսնու և ծնողի համար, սակայն այդպիսին չի տրամադրվում զինծառայողի զավակների, նրա խնամքի տակ գտնված հաշմանդամ քրոջ և եղբոր համար, ինչպես նաև 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քրոջը և եղբոր համար:

Միջոցառման կարգավորումների ընդհանուր տրամաբանությունը ենթադրում է, որ պետության նպատակադրումը ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին (հատուցում ստանալու շահառուներին) մինչ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով (Օրենք) սահմանված կարգով հատուցում տրամադրելն (մինչև դատարանի կողմից զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու որոշում կայացնելը) սոցիալական աջակցություն ցուցաբերելն է: Մինչդեռ, նշված խմբի անձինք թեև հավասարապես իրավունք ունեն ստանալ հատուցում, Օրենքի կարգավորման ուժով հանդիսանում են շահառու, սակայն նրանց չի ցուցաբերվում որևէ աջակցություն:

Նշված տարբերակումն անհամաչափ է, չունի որևէ ողջամիտ հիմնավորում և չի բխում աջակցության միջոցառման ընդհանուր տրամաբանությունից և նպատակադրումից:

Ընդ որում, առկա կարգավորումն արդեն խնդրահարույց իրավիճակներ է ստեղծել գործնականում: Այսպես, իրավական օգնություն ցուցաբերելու շրջանակներում հանդիպել են դեպքեր, երբ անհայտ կորած զինծառայողն ամուսնալուծված է, իսկ ծնողները՝ մահացած, ինչի հետևանքով նրա ընտանիքին, մասնավորապես՝ ամուսնու խնամքի տակ գտնվող անչափահաս զավակներին, որևէ աջակցություն չի ցուցաբերվում, քանի որ ընտանիքից որևէ մեկը միջոցառման շահառու փաստացի չի հանդիսանում:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ գտնում ենք, որ «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգում» անհրաժեշտ է կատարել լրացում և միջոցառման շահառուների խմբում ընդգրկել նաև անհայտ կորած զինծառայողի զավակներին, ինչպես նաև Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի պահանջներին համապատասխանող քույրերին և եղբայրներին:

Կից հիմնավորումները՝ Տեղեկանքի  տեսքով:

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930