Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք համակերպվե՞լ եք: Ես չեմ համակերպվել». Արմեն Գեւորգյանը՝ ՀՀ տարածքում ադրբեջանական ԶՈւ-ի գոյության մասին

Հունիս 04,2021 17:02

«Մենք բոլոր հանգամանքներն ու առանձնահատկությունները հաշվի ենք առնելու եւ եթե տեսնենք, որ օբյեկտիվորեն անհրաժեշտություն չկա, կամ մենք ունենալու ենք խնդիրներ, մենք մեր ծրագրերն, ըստ այդմ, կվերափոխենք: Այս պահի դրությամբ մենք պլանավորում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակչության հետ՝ նաեւ նրանց բացատրելու խնդիրը եւ պատասխանելու հարցերին»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գեւորգյանը՝ պատասխանելով Շիրակի մարզում քարոզարշավ իրականացնելու հարցին: Հիշեցնենք, մարզից գերեւարվածների ծնողները հայտարարել էին, որ թույլ չեն տալու որեւէ ուժի՝ մարզում քարոզարշավի անցկացումը:

Առհասարակ, «Հայաստան» դաշինքի նախընտրական հանդիպումները ե՛ւ դահլիճային, ե՛ւ հանրահավաքային ձեւաչափով են նախատեսված: Շտաբի տեղական ներկայացուցիչները, ըստ Արմեն Գեւորգյանի, նախընտրում են դահլիճային հանդիպումները, որոնց ժամանակ հնարավոր կլինի անմիջական հարցուպատասխանների միջոցով շփումները դաշինքի ներկայացուցիչների հետ:

Դաշինքի ծրագրին անդրադառնալով էլ, Արմեն Գեւորգյանն ասաց, որ իր գնահատմամբ՝ ծրագրի գաղափարախոսությունը հիմնականում երեք մարտահրավերի է ուղղված՝ խաղաղություն, կրթություն եւ արդարություն. «Այս երեք բանաձեւերի շուրջ ուժեղ Հայաստան ունենալը»: Արմեն Գեւորգյանն ասաց նաեւ, որ կառավարության կազմի ցուցակ հրապարակելու մտադրություն չունեն, քանի որ քննարկումները դեռ ընթանում են եւ հավանական է, որ թիմում ներգրավվեն մարդիկ, որոնք գաղափարներ, առաջարկներ եւ տեսլականներ ունեն:

Օրերս հանդիպումներից մեկի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը խոսել էր իր իշխանության գալուց հետո, Հայաստանում գործող միջազգային որոշ կազմակերպությունների փակման հնարավորության մասին՝ ասելով, որ դրանք սպառնում են հայկական պետության ազգային հիմքերին: Անուններ հրապարակելու լրագրողի հորդորին, Արմեն Գեւորգյանը պատասխանեց. «Տպավորություն է, որ ես քննչականում եմ նստած»: Ապա շարունակեց, որ դա Ռոբերտ Քոչարյանի կողմից սպառնալիք որակելը տեղին չէ, քանի որ այսօրվա միակ սպառնալիքը գործող իշխանությունն է: Իսկ բուն հարցի մասով էլ ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի ասածին ավելացնելու բան չունի: Իրենց իշխանության գալուց հետո գրաքննության մասին հարցին էլ պատասխանեց. «Այսօրվանից վատ չի լինելու հաստատ»:

Հարց հնչեց նաեւ Հայաստանի տարածքից ադրբեջանական զինվորականների դուրսբերման մասով՝ դաշինքում առկա պատկերացումների մասին: Լրագրողի դիտարկմանը, թե քաղաքական դաշտը, կարծես, համակերպվել է այդ իրողության հետ, Արմեն Գեւորգյանը պատասխանեց. «Դուք համակերպվե՞լ եք: Ես չեմ համակերպվել: Իշխանություններն են համակերպվել, ոչ թե քաղաքական դաշտը»:

Բանախոսն ասաց, որ հարցը պետք է լուծվի բացառապես մեր պետության շահերից բխող ողջամիտ եւ ռացիոնալ բանակցությունների միջոցով: Աշխարհում նմանատիպ հարցերի լուծումը բանակցությունն է, այլ տարբերակը վտանգավոր է: Նրա խոսքով՝ բանակցողները նաեւ պետք է հասկանան, թե ինչի շուրջ են բանակցում եւ ի՞նչ նպատակով, մինչդեռ ներկայիս բանակցողները չեն կարող դա անել. «Իսկ ո՞նց ստացվեց, որ մենք այս հանգրվանում հայտնվեցինք: Մենք 6-7 ամիս ժամանակ ենք ունեցել: Իսկ մենք հիմա քննարկում ենք, թե ինչ պետք է անի ընդդիմությունը, որպեսզի հնարավորության դեպքում այս հարցը լուծվի: Իսկ ի՞նչ է անում այսօրվա իշխանությունը, որպեսզի այս հարցը չլիներ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930