Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք անպայման կուզենայիք, որ մենք բանտո՞ւմ լինեինք». Արմեն Գեւորգյան

Հունիս 04,2021 16:28

«Իսկ դո՞ւք: Դուք անպայման կուզենայիք, որ մենք բանտո՞ւմ լինեինք, դրանից հաճո՞ւյք կստանայիք, դրանից մեծ բավարարվածություն կլիներ, դրանից 44-օրյա պատերազմը չէր լինի, դրանից 5000 տղաները չէին զոհվի, դրանից 10 հազար մարդ չէր վիրավորվի»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում, լրագրողի հարցին հարցով պատասխանեց «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Արմեն Գեւորգյանը: Իսկ հարցը վերաբերում էր դաշինքի նախընտրական ցուցակը ղեկավարող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկ արած այդ դիտարկմանը, որ այս իշխանությունները ոչ մի խոստում չեն կատարել այս երեք տարիների ընթացքում, անգամ խոստացել էին իրեն դատեին, դա էլ չեն արել. դո՞ւք էլ եք հիասթափված, որ բանտում չենք:

Անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին էլ, Արմեն Գեւորգյանն ասաց, որ այնտեղ որեւէ հիմք չկա. «Կարծում եմ, դուք էլ եք դրանում համոզվել՝ ՍԴ որոշումից հետո: Բոլոր քրեական գործերը, որոնցով ինձ հետ փոխկապացված անցնում են, դրանք շինծու են»: Նա նաեւ հավելեց, որ այսօր առավել առաջնային հարցեր կան քննարկելու, որոնք վերաբերում են երկրի առջեւ ծառացած խնդիրներին, առաջիկա ընտրություններին, գործող իշխանության որակներին, զոհված տղաների դիակների պահման վայրերին, հանրության անտեղյակությանը, գերիների խնդիրներին. «Այ երբ կլինենք իշխանության, այն ժամանակ կձեռնարկենք այն բոլոր քայլերը, որոնք այսօրվա իշխանությունները չեն ձեռնարկում, իսկ դուք կլուսաբանեք այդ քայլերը»:

Ընտրակաշառքների մասին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, թե ուրախ է, որ ընտրակաշառք բաժանողն իշխանությունը չէ եւ հարցին, արդյոք «Հայաստան» դաշի՞նքն է ընտրակաշառք բաժանողը, Արմեն Գեւորգյանը պատասխանեց. «Դուք ինձ ճանաչում եք. երբեւիցե տեսե՞լ եք, որ ես տարօրինակ հարցերի պատասխանեմ: Ես խնդրում եմ՝ կամ բովանդակալից հարցեր տվեք, կամ՝ ըստ էության: Ես հիմա նստեմ պատասխանեմ, թե Նիկոլն ինչ է ասել՝ Էդմոնին ի պատասխա՞ն… (ուսերն է թոթվում-Ն. Գ.)»: Նա հորդորեց Էդմոն Մարուքյանին ուղղել հարցերը, որը ընդդիմությանը մեղադրել էր ընտրակաշառք բաժանելու մեջ: Իսկ դաշինքի կողմից ընտրակաշառք բաժանելու մասով էլ հստակեցրեց, որ իրենք այդ հարցին քանիցս են անդրադարձել՝ պաշտոնական հայտարարություններով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930