2021թ. հունիսի 2-ին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, Վերա Սեդրակյանն ու Վազգեն Յակուբյանը ՀԲԸՄ անդամների, բարեկամների և գործընկերների ուղեկցությամբ հարգանքի տուրք մատուցեցին 2020թ. Արցախյան պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: ՀԲԸՄ երիտասարդությունը ներկայացված էր ի դեմս ՀԲԸՄ-ի սկաուտների, Երիտասարդ արհեստավարժների և Հայորդաց տների սաների:
Նրանք մասնակցեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մատուցված հիշատակի արարողությանը. մի վայր, ուր հանգչում են բազմաթիվ հերոս ազատամարտիկներ և զինծառայողներ:
Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հոգեհանգստյան կարգ կատարեց՝ ներկաներին կոչ անելով միանալ իր աղոթքին և խնդրել Տիրոջը, որ մեր հերոսների հոգիները խաղաղության մեջ պահի և նրանց ընտանիքներին շնորհի ուժ վիշտը հաղթահարելու համար:
Պարոն Սեդրակյանը ծաղկեպսակ դրեց զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և ծաղիկներ խոնարհեց պատերազմում հերոսաբար անմահացած հայորդիների շիրիմներին ՀԲԸՄ աշխարհասփյուռ կառույցների անունից, ովքեր սգում են կորսված մարդկային կյանքերը՝ վերահաստատելով իրենց միասնությունն ամբողջ աշխարհում: Նա նշեց, որ ազգը հավերժ պարտական կմնա Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր տղաներին և աղջիկներին, և նրանց հիշատակը ամենուրեք վառ կմնա հայերի սրտերում և մտքերում:
Կարդացեք նաև
ՀԲԸՄ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ