«Ռազմի դաշտում, երբ լինում է պայթյուն, մարմինը, շատ ծանր է ասել, բայց մասնատվում է եւ տարբեր ուղղություններով տարածվում է։ Բնական է, եթե մի ծնողի նույնականացվել է մասունք, չի բացառվում, որ նույն ծնողին նույնականացվի ոչ թե երկրորդ, այլ՝ տասը-տասնհինգ մասունք, որը եւ մենք ունեցել ենք, այսինքն, մարմինը որքանով մասնատվել է, եւ նմուշները, հյուսվածքները որքանով հայտնաբերվել են»,- այս մասին այսօր «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի վերաբերյալ ասուլիսում ասաց Մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ Մարինա Բաղդասարյանը։
Տիկին Բաղդասարյանի ներկայացմամբ․ «Կներեք, եղել է պահ, որ մենք հասկացել ենք, որ մասունքներով հավաքել ենք գենետիկական նույնականացմամբ մարմինը, այսինքն՝ գտանք բազուկը, ազդրը, շատ ծանր է խոսել այս մասին, գտանք կողը, ծնոտը»։
Ինչ վերաբերում է այն խնդրին, որ ծնողները չեն տանում մասունքները, տիկին Բաղդասարյանն ասաց՝ կան ծնողներ, որ ասում են՝ գիտեք, դա մասունք է, սպասենք, գուցե էլի մի բան․․․ կան ծնողներ, որոնք ինչ-որ կադրերում տեսել են իրենց երեխաներին, նմանեցրել են, ասում են՝ գերի է ընկել․ «Այդ ժամանակ մենք դառնում ենք թշնամի՝ բառի բուն իմաստով, որ մենք տվել ենք նույնականացում, բայց երեխան ողջ է։ Ցանկացած գործի մեջ կարող են լինել սխալներ, տա աստված, որ մենք տանք սխալ նույնականացնում եւ երեխան ողջ-առողջ վերադառնա տուն»։
Մարինա Բաղդասարյանի խոսքով՝ լրատվամիջոցները գրել էին, որ զինվորը ողջ է, հիվանդանոցում է, իսկ իր ձեռքը նույնականացում են արել ու նրանց ասել են՝ եկեք ձեր դիակը տարեք․ «Ու ոչ ոք չասաց, որ այդ երեխան, որ ողջ էր ու հիվանդանոցում էր, առանց այդ ձեռքի էր։ Շատ ծանր օրեր ենք ապրել, մենք կանայք, բառի բուն իմաստով, կատարել ենք տղամարդու աշխատանք։ Առաջին իսկ օրից մեր տնօրենը մեկնել է պատերազմ, մեզ ոչ ոք չի հրամայել, որ գիշերը պետք է մնանք, մենք համարել ենք, որ մենք պարտավոր ենք ծառայել մեր ազգին։ Կներեք, հուզված եմ, բայց մենք այն «անասուններն» ենք, որոնց այդպես անվանեց պարոն Ուրիխանյանը։ Երբ իրենք ծնունդ ու կնունք էին անում այս ութ ամիսների ընթացքում, հարսանիքների մասնակցում, մենք դատաբժշկական կենտրոնից տուն չենք գնացել։ Տուն գնացել ենք վերջին տասը օրը»։
Կարդացեք նաև
Տիկին Բաղդասարյանն ասաց, որ կան ԱԹՍ-ների հարվածներից այրված ոսկորներ, որոնցից ԴՆԹ չի կարող անջատվել․ «Համոզված ենք, որ եթե անգամ դրանք ուղարկենք արտասահմանի մեր կոլեգաներին, որոնք մասնագիտացված են հենց ոսկորների հետ աշխատելու մեջ, չունենք երաշխիք, որ բոլոր ոսկորներից կանջատվի ԴՆԹ։ Գուցե 20-30 տոկոսից անջատվի ԴՆԹ։ Կան ու կլինեն ոսկորներ, որոնցից հնարավոր չէ ԴՆԹ անջատել»։
Դատաբժշկական կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի փորձագետ Արեւիկ Սարգսյանն էլ հավելեց՝ 44-օրյա արհավիրքից բոլորն էլ խոցելի են․ «Այն զգացողությունը, որ մենք ունեցել ենք որպես մասնագետ աշխատանքի ընթացքում, շահարկել եւ մեզ ասել անգետ, վիրավորանքներ ասել․․․ մենք տուն-տեղ, երեխա, քառասուն աստիճանի ջերմությամբ, քովիդով հիվանդ, հիսուն տոկոս թոքերի ախտահարմամբ տուն չենք գնացել, բուժումը ստանում էինք հիմնարկում, մեկս մյուսին վարակելով աշխատում էինք, թեստ չէինք գնում հանձնելու, որովհետեւ մեզ կմեկուսացնին, իսկ մենք չէինք կարող թույլ տալ, որ աշխատանքը տուժեր։ Այս պարագայում սոցցանցերում, Ազգային ժողովի հարթակից լսել նման վիրավորանքներ․․․ Շահարկել զինվորների մարմինները, որոնք զոհվել են, այդ լուսավոր սերունդը, որի շնորհիվ այսօր ապրում ենք, արժանի չէր, որ այսպես շահարկվեր։ Մենք երեք օր է պարալիզացվել ենք, չենք կարող աշխատել։ Այսօր այստեղ ենք եկել, որ ասենք՝ ժողովուրդ, թույլ տվեք մենք մեր աշխատանքը կատարենք»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ