«Ձեր պատճառաբանությունները հիմնավոր ու արժանահավատ չեն։ Երբ ձեր դաշինքի առաջնորդը ՀՀ ղեկավարն էր, այս դահլիճում տեղի է ունեցել ոճրագործություն, սարսափելի ոճրագործություն, հոկտեմբերի 27։ Այս դահլիճում գլխատվել է ՀՀ-ն, որի համար որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել, իսկ ձեր առաջին համարն ասել է, թե դա սովորական «ուչաստկովի գործ» է»,- ԱԺ արտահերթ նիստում այսօր դիմելով պատգամավոր Աննա Գրիգորյանին՝ հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանը։
Հիշեցնենք, որ «Իմ քայլից» Վահագն Ալեքսանյանն այսօր իշխանական խմբակցությունից դուրս եկած եւ Ռոբերտ Քոչարյանի դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանին խորհուրդ տվեց իրենց առաջնորդին թերապեւտի մոտ տանել՝ վախը հաղթահարելու, Աննա Գրիգորյանն էլ առիթն օգտագործելով՝ բացատրեց, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը չի բանավիճում Նիկոլ Փաշինյանի հետ։ «Եւ դուք դեռ երես ունեք այս ամբիոնից խոսելու Արցախը հանձնելու, դավաճանության մասին՝ խոսքը համեմելով մանր ու մեծ ստերով՝ ասելով, թե ունենք 5000 զոհ։ Հաճույք եք ստանո՞ւմ սխալ թվեր ասելիս։ Հաճույք եք ստանո՞ւմ, որ ասում եք՝ 5000 զոհ ունենք»,- Աննա Գրիգորյանին հարցադրում հղեց Արփի Դավոյանը։ Նա համոզմունք հայտնեց, որ Աննա Գրիգորյանի պես անձինք արժանի էլ չեն եղել իրենց խմբակցության անդամը լինելուն եւ հիմա գտել են իրենց արժանի տեղը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ