Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խմբագիրներ, լրագրողներ, էջադրող, հաղորդավարներ եւ հանրային կապերի պատասխանատուներ՝ թեկնածուների նախընտրական ցուցակներում

Հունիս 04,2021 15:54

Խորհրդարանական առաջիկա՝ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում առաջադրված 22 կուսակցությունների եւ կուսակցությունների 4 դաշինքների ընտրական ցուցակներում այս անգամ, թերեւս, 4-րդ իշխանության ներկայացուցիչները քիչ են ընդգրկվել։  Ուսումնասիրելով կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղադրված կուսակցությունների եւ դաշինքների ցուցակները՝ փորձեցինք պարզել, թե լրատվամիջոցների ներկայացուցիչները ինչ ընդգրկվածություն ունեն։

Փաստաբան Նորիկ Նորիկյանի գլխավորած «Արդար Հայաստան» կուսակցության 85 թեկնածուներից միայն մեկն է լրագրող․ 12-րդ հորիզոնականում «Արլուր» կայքի խմբագիր, գրող, «Թեմիս» միջազգային իրավապաշտպան ասոցիացիայի նախագահ Լուսինե Ղազարյանն է։

Հայ ազգային կոնգրեսի 101 հոգանոց ցուցակի 7-րդ համարը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արման Մուսինյանն է։ 13-րդ համարի ներքո հրապարակախոս, լրագրող, «Ֆակտոր» ՀԿ -ի ծրագրի ղեկավար  Տիգրան Պասկևիչյանն է։ «Չէինք սպասում» հաղորդաշարի հեղինակ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի կուրսի ղեկավար Սուրեն Շահվերդյանը ՀԱԿ-ի ցուցակի 14-րդ համարն է։

Եթե անցած ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում մեծ թիվ էին կազմում լրագրողները, ապա այս անգամ իշխանական 157 հոգանոց ցուցակում մեկ թեկնածու կա՝ 131-րդ հորիզոնականում Հանրային ռադիոյի ավագ խմբագիր-թարգմանիչ  Տիգրան Դավուդյանն է։

«Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած 107 թեկնածուների ցանկի 45-րդ հորիզոնականում «internews.info»-ի գլխավոր խմբագիր, լրագրող Էմմա Կարապետյանն է, իսկ 102-րդ համարը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Աստղիկ Ավետիսյանն է։

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության 88 թեկնածուներից «ԱՐՏ-13 Գրուպ» ՍՊԸ–ի հիմնադիր, ռեժիսոր Գոռ Շահսուվարյանը  5-րդ համարի ներքո է, 31-րդ հորիզոնականում՝ «Մեդիա սելլեր» ՍՊԸ  տնօրեն Արամ Թոխատյանն է (ընկերության անվանումից կարելի է ենթադրել, որ կապ ունի լրատվամիջոցի հետ–ԱԴ

«Ազատ հայրենիք» դաշինքի 83 հոգանոց ցուցակը եզրափակում է Հայ կառուցողական կուսակցության անդամ, «Ռադիո Հայի» տնօրեն Անահիտ Թարխանյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է 93 թեկնածու։ 18-րդ հորիզոնականում  անկուսակցական, «Ամբիոն» լրատվական կայքի խմբագիր Հասմիկ Վիրաբյանն է, իսկ «5165» կուսակցության 95 թեկնածուներից 81-րդ համարի ներքո «Հայ ասպետ» դպրոցի ուսուցիչ, լրագրող Սոնա Օհանյանն է։

«Քաղաքացու որոշում․ սոցիալ դեմոկրատական կուսակցության» 84 թեկնածուների մեջ կան մարդիկ, որոնք իրենց գործունեությամբ առնչվում են ԶԼՄ–ներին։ 38-րդ հորիզոնականում՝ «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ–ի նախագահ Արման Ղազարյանն է, 41-ում՝ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ–ի էջադրող Միհրան Մարգարյանը, 80-րդ տեղում՝ «Ինֆորմացիոն կենտրոն» տեղեկատվական- հասարակական կազմակերպության օպերատոր Սարգիս Խարազյանն է։

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» ընտրություններին մասնակցելու է 92 թեկնածուով։ Ցուցակի 7-րդ համարը «Առավոտ»-ի ռուսերեն էջի խմբագիր Ռուբեն Մեհրաբյանն է, 9-րդը՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի հանրային կապերի եւ լրատվության բաժնի պետ Անի Եղիազարյանը, 41-րդ հորիզոնականում «Ռադիո Մարշալ 103.5 FM»–ի հաղորդավար Ելենա Չոբանյանն է։

«Հայաստանի եվրոպական կուսակցության» 90 հոգանոց ցուցակում երեք հոգի եւս աշխատում են ԶԼՄ–ներում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված կուսակցության ցուցակում նշված են միայն նրանց աշխատավայրերը։ 68-րդ հորիզոնականում «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրից Սերգեյ Մուրադյանն է, 74-րդում՝ «Բաց Թիվի»–ից Արա Մնացականյանը, 86-րդում՝ Հանրային հեռուստատեսությունից Մանվել  Հակոբյանը։

«Հայաստան դաշինք»-ը ներկայացրել է պատգամավորի 153 թեկնածու, որոնց մեջ գործող լրագրողներ կան։ 13-րդ հորիզոնականում՝ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն է՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության  լրատվական քաղաքական ծրագրերի տնօրենը։ «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրող, անկուսակցական Ագնեսա Խամոյանը 15-րդ հորիզոնականում է, «7 օր» կայքի գլխավոր խմբագիր, անկուսակցական Արեգնազ Մանուկյանը 30-րդ տեղում է։ Դաշինքի մաս կազմող  «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ, «Եվրասիա դեյլի» քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը 52-րդ հորիզոնականում է։

Մյուս կուսակցությունների եւ դաշինքների ներկայացված ցուցակներում լրատվամիջոցների ներկայացուցիչներ չկային։ Ամեն դեպքում, թեկնածուների ներկայացված փաստաթղթերում այդ մասին գրառումներ չկան։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930