Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը Ադրբեջանի կողմից ներկայացված միջպետական գանգատը չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

Հունիս 04,2021 15:50

Սույն թվականի հունիսի 3-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ կառավարությանը ծանուցել է, որ Ադրբեջանի կողմից սույն թվականի հունիսի 1-ին և 2-ին ՄԻԵԴ է ներկայացվել նոր միջպետական գանգատ և միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջ, որոնք վերաբերում են ենթադրաբար ականապատված տարածքների քարտեզների ՀՀ կողմից տրամադրելու պահանջին:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից ներկայացված այս միջպետական գանգատը դիտարկել է որպես սույն թվականի հունվարին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատի բաղկացուցիչ մաս՝ կցելով դրան: Այսպիսով, Եվրոպական դատարանը քննարկվող միջպետական գանգատը չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ:

Նշենք, որ իր հերթին ՀՀ կառավարությունը սույն թվականի մայիսի սկզբին Եվրոպական դատարան է ներկայացրել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով դեռևս 2021 թվականի փետրվարի 1-ին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատին լրացումներ՝ հավելելով նախկինում ներկայացված պահանջները և կցել նոր ապացույցներ:

Ինչ վերաբերում է միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանական կողմի պահանջին՝ այդ մասով Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությանը հայտնել է, որ դեռևս սույն թվականի մարտի 5-ին Եվրոպական դատարանի կողմից նույն հարցի առնչությամբ կայացվել է պահանջը մերժելու մասին որոշում՝ Դատարանի 39-րդ կանոնի, այսինքն միջանկյալ միջոցի շրջանակից դուրս լինելու պատճառաբանությամբ:

Եվրոպական դատարանը շեշտել է, որ 2021 թվականի մարտի 5-ի որոշումը դեռ ուժի մեջ է և անհրաժեշտություն չկա նույն հարցի առնչությամբ նոր որոշում կայացնել:

ՄԻԵԴ-ՈՒՄ ՀՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930