Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամսի 21-ից հետո էլի հպարտանալո՞ւ է իր պարտությամբ». Արտակ Գալստյանը` Նիկոլ Փաշինյանին

Հունիս 04,2021 15:18

«Նիկոլ Փաշինյանին խորհուրդ կտամ նույն հայտարարությունն անել ամսի 21-ից հետո, ինձ շատ հետաքրքիր է` իր պարտությամբ էլի հպարտանալո՞ւ է, թե ոչ: Ո՞նց կարելի է պարտությամբ հպարտանալ: Ցանկացած երկրում, ցանկացած ազգի պարտությունը պետք է նոր ազդակ տա, որ դրանից հետո գոնե մեկ անգամ հաղթի, այլ ոչ թե պարտությունը համարի հպարտանալու հիմնական միջոց եւ նպատակ»,- «Հենարան» ակումբում ասաց «Հայոց հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու, ազատամարտիկ Արտակ Գալստյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պարտությամբ հպարտանալու հայտնի հայտարարությանը:

Փաշինյանի մեկ այլ հայտարարությանն էլ անդրադարձ եղավ, որ Սեւ լճի 30 տոկոսը գրավված է ադրբեջանցիների կողմից, եւ այդ 30 տոկոսի համար չարժի կռվել: «Նույնիսկ մեկ թիզ հողի համար արժե պայքարել, իսկ այն 30 տոկոսը, որ ասում է Փաշինյանը, ոչ Նիկոլ Փաշինյանին է, ոչ իմը, ոչ էլ ձերը, դա մեր պապերից ստացած ժառանգությունն է, որը պարտավոր ենք փոխանցել մեր ժառանգներին… Ի՞նչ է նշանակում 30 տոկոսի համար չի կարելի պայքարել, բա ինչի՞ համար պետք է պայքարել, կա՞ տոկոսային չափանիշ հայրենիքի համար… Արեշի համար արժե պայքարել, Երրորդ մասի համար` ո՞չ, կամ եթե Մալաթիա-Սեբաստիան է թուրքը վերցնում, կարելի է գնալ խաղաղության պայմանագրի՞… Պետք է մի բան հասկանանք, որ ամեն թիզի կորուստ հայի ինքնության որոշակի մասի կորուստ է»,- ասաց Արտակ Գալստյանը:

Խոսելով ընտրություններին իր մասնակցության մասին՝ հայտնեց, որ կուսակցությունն իրեն առաջարկել է գլխավորել ցուցակը, նոյեմբերի 9-ից հետո իր հետ կապվել են հիմնադիրները` ԱՄՆ-ից եւ Նիդերլանդներից, իսկ մինչ այդ չի էլ ճանաչել նրանց:

Նրա ձեւակերպմամբ, քաղաքական դաշտի 4 ֆավորիտները բուն խաղացողներն են, որ եղել են 30 տարի. «Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունն ավարտվեց իշխանափոխությամբ, որից հետո եկավ Ռոբերտ Քոչարյանը, 1998թ. իշխանափոխությունը պալատական հեղաշրջում էր, բայց եթե ժողովրդական դժգոհություններ չլինեին, չէր լինի պալատական հեղաշրջում, այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունն ավարտվեց 2008թ. մարտի 1-ով, այսինքն՝ ժողովուրդը նորից դուրս եկավ եւ մերժեց էդ մարդկանց՝ նիկոլական լեզվով ասած, ապա եկավ Սերժ Սարգսյանը, նրա իշխանությունն էլ ավարտվեց 2018թ. ժողովրդական հուզումներով…

Հիմա եկել, հասել ենք Նիկոլ Փաշինյանին… Այսինքն, ժողովուրդը սրանցից, որ մեկին էլ ընտրի, վերադառնալու է հնին… Նույնիսկ, եթե հրաշք տեղի ունենա, Ռոբերտ Քոչարյանը վերարտադրվի կամ Նիկոլ Փաշինյանը մնա, կսկսի աշխատել այն ստանդարտ ասացվածքը, որ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը»:

Արտակ Գալստյանն ասում է, որ իրենք դեռեւս 3 ամիս առաջ բարձրաձայնել էին զինվորների մասունքների ոչ պատշաճ պահման մասին, Մեծամորից տեսանյութեր արել ու տարածել, սակայն, տարօրինակ ձեւով այն ժամանակ զինվորների ծնողների կողմից ընդվզում չեղավ. «Վարդան Ղուկասյանը հրապարակեց տեսանյութեր, բայց, քանի որ այն ժամանակ չկար նախընտրական վիճակ, ոչ մեկը ծնողներին չուղղորդեց: Հիմա այն, ինչ մենք նկարել ենք 3 ամիս առաջ, էսօր նորից գցում են, ի՞նչ ասես էդ մարդկանց… Ավելի մեծ սրբապղծություն չեմ պատկերացնում»:

Արտակ Գալստյանը հիշում է, որ 90-ականներին հայերն անգամ ադրբեջանցի զինվորների մարմինների հետ նման կերպ չեն վարվել, համարել են, որ զինվորը զինվոր է. «Իսկ այն, ինչ էսօր ցուցադրում են նկարներով, կլասիկ դիակապտության օրինակ է, պատժելի` քրեական օրենսգրքով»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930