Լրահոս
Օրվա լրահոսը

Վերին Շորժայի սարերում ադրբեջանցիները սկսել են տեխնիկա աշխատեցնել, ճանապարհ են բացում, որպեսզի դիրքերից դիրք մեքենայով կարողանան անարգել անցնել. համայնքի ղեկավար. Փաստինֆո

Հունիս 04,2021 15:04

Փաստինֆո. Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ադրբեջանական դիրքերը մոտ են Վերին Շորժայի սարատեղիներին։ Մայիսի 12-ից ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցիները ինժեներական աշխատանքներ են սկսել, տեխնիկա են աշխատեցնում, իրենց համար դիրքերը կապող ճանապարհ են կառուցում։

Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ սարատեղիում արոտավայրեր են, որտեղ գյուղացիներն իրենց անասուններին տանում էին արոտի, բայց այդ սարի լանջին այլևս չեն արածացնում կենդանիներին, քանի որ ադրբեջանցիները նստած են դիրքերում։ Բնակիչները ստիպված կենդանիներին արոտի տանում են դեպի Շորժա՝ Ադրբեջանի սահմանի կողմ չեն գնում։

Երանոսյանը տեղյակ չէր այն միջադեպերի մասին, որոնք արձանագրել է ՀՀ ՄԻՊ-ը, ըստ որի՝ ադրբեջանցիները մեքենաներով իջնում են դեպի Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղի արոտավայրերը, դրսևորում ցինիկ պահվածք, սպառում գյուղացիներին՝ զենքի ցուցադրմամբ։ Սակայն նրա փոխանցմամբ՝ Վարդենիսի սարատեղում փայտից տնակներ են, որոնք կառուցել են բնակիչները, իսկ ադրբեջանցիները հասել են նշված տնակների վերեւը։ «Մի 400-500 մետրի վրա եկել, իրենց պոստերում նստած են։ Վարդենիսի բնակիչներն այնտեղ իրենց անասուններին են պահում։ Այդ տարածքը հարթավայր է, որից անմիջապես բարձրանում է սարը, իրենք մոտ են՝ շատ մոտ են»,- ասաց Վերին Շորժա համայնքի ղեկավարը։

Համայնքապետը հայտնեց, որ ադրբեջանական կողմում արդեն նկատվում են աշխատող տեխնիկաներ, որոնք ադրբեջանական ԶՈՒ շարժը կազմակերպելու համար շինարարություն են սկսել։ Մինչեւ վերջերս տեխնիկա չէր նկատել, իսկ հիմա ադրբեջանցիները մեքենաներով են սարի լանջով շարժվում։

«Սարի դոշին շարժ կա՝ տրակտոր են աշխատացնում։ Դրանք շատ լավ տեսնում ենք, մինչև դա չէր երեւում։ Ադրբեջանցիները տեխնիկա են աշխատացնում, իրենց համար ճանապարհ բացում, որպեսզի դիրքերից դիրք կարողանան մեքենայով անարգել անցնել, մինչև այսօր մեքենա չէր նկատվում։ Իրենց պոստերը մոտիկ-մոտիկ են՝ էնքան էլ հեռու չեն՝ 500 մետր, 1 կմ, որտեղ իրենց հարմար է՝ ընտրել են ու պոստերը դրել»։

Դիրքերից, որտեղ ադրբեջանցիներն իրենց համար ընտրել են, տեղավորվել ու անգամ շինարարություն սկսել՝ նշանառության տակ են պահում սարատեղին։ Բարձունքից երևում է նաեւ Սևանա լիճը։ Վերին Շորժան 2430 մ բարձրություն ունի։

«Սարը կռուգավոյա ֆռում։ Մի տեղ դաշտին է մոտ, մի տեղ արոտավայրին՝ կլորավուն է իրենց պոստերը ուղիղ գիծ չէ»։

Երանոսյանը նշեց, որ ամեն օր լինում է սարատեղիում, որտեղ բնակիչներն ամռան սեզոնին փոքր տնակներում ապրում են 6 ամիս։ Այստեղ ապրում է 10 ընտանիք, որոնցից միայն չորսն են եղել իրենց տնակներում, երբ մայիսի 12-ին հայտնվել են ադրբեջանցիները։

Նշենք, որ երեկ Կութ համայնքի ղեկավարը եւս «Փաստինֆո»-ին տեղեկացրել էր, որ ադրբեջանցիները սկսել են հողային աշխատանքներ՝ իրենց կողմից օկուպացված բարձունքներում։ Նրա կարծիքով՝ թշնամին խրամատավորվում է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930