Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իրավիճակը լարված է, շարունակում է մնալ լարված, ձեռքբերում կա այն իմաստով, որ մեր գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ կա փոխըմբռնում». Արսեն Թորոսյան

Հունիս 04,2021 14:18

«Իրավիճակը լարված է, շարունակում է մնալ լարված: Ձեռքբերում կա այն իմաստով, որ ամենաբարձր մակարդակով մեր գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ կա փոխըմբռնում, թե ինչպիսի լուծում պետք է լինի: Նրանք գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի դա տեղի ունենա առանց որեւէ կրակոցի, որովհետեւ լայնամասշտաբ պատերազմ, որի հավանականությունը դեռ կա, ոչ մեկին պետք չէ տարածաշրջանում, հատկապես՝ Հայաստանին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին գաղտնի փաստաթղթից, որը վերաբերում էր սահմանագծման, սահմանազատման հանձնաժողով ստեղծելուն: Արսեն Թորոսյանն ասաց, որ որեւէ փաստաթուղթ պետք է լինի պայմանավորվածությունների արձանագրում թղթի վրա. «Պայմանավորվածություններ այս պահին վերջնական արձանագրված չկան, հետեւաբար, որեւէ փաստաթղթի մասին խոսել այս պահին իմաստ չունի: Հրապարակված փաստաթղթի մասին էլ բազմիցս խոսվել է, այդ թվում՝ ԱԺ ամբիոնից: Դեմարկացիան ու դելիմիտացիան ընդհանրապես տարիների աշխատանք է երկրների միջեւ»: Նա ասաց, որ արագ իրավական լուծումների սպասել պետք չէ. «Սահմանների ճշգրտման գործընթացն ընդհանրապես կապ չունի Ադրբեջանի զինված ուժերի հետ քաշման հետ: Դա երկարատեւ գործընթաց է, որ կարող է տեւել տարիներով: ՌԴ-ն չի առաջարկում դեմարկացիա անել: Դիտորդներին ուղղված առաջարկի արձագանքները տեսել եք, ՌԴ-ի կողմից արվում էր մինչ այդ առաջարկը եւ շարունակվում է»:

Հարցին, թե ինչո՞ւ ենք վիճելի դարձնում մեր սահմանները, ադրբեջանցիները եկել են մեր սահման, ու հիմա հանձնաժողով ենք ստեղծում, նույն հաջողությամբ, իրենք կարող են գալ, օրինակ, Երեւանի մերձակա տարածք ու ասել՝ եկեք տեսնենք սա ումն  է, մենք էլ հանձնաժողով ստեղծենք, դիտորդներ բերենք՝ Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Եկեք չծայրահեղացնենք ամեն ինչ: Խոսքը դեէսկալացիային ուղղված քայլին էր վերաբերում, որը բերելու էր ադրբեջանական ԶՈւ-ն դուրս բերելուն: Այս պահին ինտենսիվ բանակցություններ են գնում ՌԴ-ի միջնորդությամբ»:

Հարցին՝ Զանգեզուրի միջանցքի հարց քննարկվո՞ւմ է, թե՞ ոչ՝ Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ կան հարցեր, որոնց մասին արձագանք տրվում է 100 անգամ, ու չի հասկանում, թե 101-րդ անգամ ինչու են դա ուզում լսել. «Զանգեզուրի կամ որեւէ այլ միջանցքի մասին երբեւէ որեւէ մակարդակով ՀՀ պաշտոնյաները քննարկումներ չեն արել ու չեն անելու, դա որեւէ փաստաթղթում նշված չէ ու չի նշվելու»:

Ինչ վերաբերում է արտգործնախարար Արա Այվազյանի հրաժարականին ու հրաժարականի տեքստին ու փոխարտգործնախարարների հրաժարականի լուրին՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ փոխարտգործնախարարները զբաղված են եղել, դրա մասին տեղեկացրել են ու չեն եկել կառավարության նիստին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930