Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական բժիշկ․ «Մենք գործ ենք ունեցել ռազմի դաշտում թողնված, արեւի, կենդանիների կողմից քայքայման ենթարկված, արտաշիրիմված դիերի հետ»

Հունիս 04,2021 14:11

«Մինչ օրս 3500-ից ավելի դիակի եւ դիակի մասունքների փորձաքննություն է կատարվել մեր հիմնարկի կողմից, որը, իմ կարծիքով, մեր մասնագիտական բարձր որակի եւ պատասխանատվության արդյունքում կարողացանք իրականացնել, բարդագույն  փորձաքննություններ, քանի որ զինվորների փորձաքննությունները սովորական փորձաքննություններ չէին, այլ ամբողջովին մասնատված։ Մեզանից  պահանջվում էր թե՛ մասնագիտական, թե՛ բարոյահոգեբանական ուժերի գերլարում»,- այսօր այս մասին ասաց Արարատի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Արմեն Գեւորգյանը՝ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի վերաբերյալ ասուլիսի ժամանակ։

Պարոն Գեւորգյանի ներկայացմամբ՝ պատերազմական իրավիճակը պարտադրում է ոչ ստանդարտ աշխատաոճ ցանկացած բնագավառի համար․ «Աշխարհի որեւէ առաջադեմ երկիր, զարգացվածության գագաթնակետին գտնվող երկիր, պատրաստ չէ նույն դատաբժշկական փորձաքննության ոլորտում իրագործել իր օրական նորմավորված փորձաքննություններից տասնյակ եւ հարյուրավոր անգամ ավելի փորձաքննություններ։ Սա ֆորսմաժորային իրավիճակ էր, պատերազմի առաջին իսկ օրվանից մենք մտածում էինք վատի մասին եւ առաջին իսկ օրվանից ձեռնարկեցինք սառնարանային համակարգերի  առկայության խնդրի լուծում։ Գորիսում, Արմավիրում, Ստեփանակերտում, Մարտունիում, մեր ղեկավարության եւ   պահանջով եւ ՊՆ-ի կողմից տրվեցին սառնարանային շարժական համակարգեր։ Իմ անձնական նախաձեռնությամբ Արտաշատում, միգուցե նախատեսված է եղել մրգի պահպանման համար, բայց եվրոպական ամենավերջին ստանդարտներին համապատասխան սառնարանային համակարգ ներգրավվեց, եւ ներկայում, ի փառս այդ համակարգի տիրոջ, առանց որեւէ շահախնդրության, տրամադրեց իր սառնարանային համակարգը մեր զինվորների դիերը պահպանելու համար։ Քանի որ նման  ծավալ որեւէ առանձին դիահերձարանի սառնարանում հնարավոր չէր իրականացնել։ Մեր մարզում ունենք երեք փորձագետներ, երեքով կարողացանք տիտանական քանակի սպասարկել զինվորների դիակների փորձաքննությունները, ունեինք  առանձին նորմալ սառնարանային  պայմաններ, որտեղ փորձաքննությունից հետո դիերը պահվում էին»։

Թե ինչո՞ւ էին դիերն ու մասունքները թրթուրներով եւ որդերով պատված, այս հարցին ի պատասխան պարոն Գեւորգյանն ասաց․ «Ի ցավ ինձ եւ բոլորի, տեղեկացնեմ՝ մենք գործ չենք ունեցել նոր, թարմ դիերի հետ, մենք բոլորս գործ ենք ունեցել ռազմի դաշտում թողնված, արեւի, կենդանիների կողմից քայքայման ենթարկված դիերի հետ, հուղարկավորված եւ արտաշիրիմված դիերի հետ։ Մենք ունեցել ենք թարմ դիեր պատերազմի առաջին մեկ-երկու օրը։ Դրանից հետո, քանի որ դիերը գտնվում էին ոչ մեր ենթակայության տակ եղած տարածքում, դժվար էր դրանք հետ բերել։ Պատկերացրեք՝ արեւ, կենդանիներ, դրանց ազդեցությամբ որդեր, թրթուրներ։ Մենք ոչ մի թարմ դիակի հետ ընդհանրապես չենք առնչվել, մեզ մոտ բերել են դիերը ծայրահեղ ծանր  աստիճանի նեխման, կազմափոխման, փափուկ հյուսվածքների մեծ մասի եւ ներքին օրգանների բացակայությամբ, ամբողջովին որդերով եւ թրթուրներով պատված դիեր։ Մենք, որպես մեր եղբոր ու որդու ենք վերաբերվել եւ մտել ու աշխատել, չնայած անտանելի հոտ էր, անտանելի էր նման միջավայրում աշխատելը։ Բոլոր նմուշները մեկ առ մեկ համարակալվել են, դիերը՝ նույնպես»։

Դատաբժշկական փորձագետի ներկայացմամբ՝ երբ դիակի անձը հաստատված է, որպես դատական բժիշկներ, դրանք զմռսելու հատուկ մեթոդներ ունեն՝ հատուկ նյութերով, որպեսզի այլեւս չնեխեն․ «Սակայն մեր զինվորների դիերի մեծ մասը եղել է անճանաչելի, այդ զինվորների դիերը որեւէ մշակման ենթակա չեն եղել, քանի դեռ տվյալ դիակից չենք կարողացել վերջնական անջատել գենետիկ նյութը, քիմիական նյութով այդ դիակի վրա ազդելու իրավունք չունենք։ Կրկնում եմ՝ մեզ մոտ դիակը չի ենթարկվել նեխման, պատկերացրեք՝ առանց դագաղի հուղարկավորված դիակ, հողի միջի ամբողջ ագրեսիվ նյութերը, միջատներն իրենց գործն արդեն արել են հողի մեջ տվյալ մարմնի հետ։ Շահարկվում է՝ ճանճի թրթուրներ են եղել։ Այո, այդ թրթուրների պայմաններում ենք արել փորձաքննություն, կներեք, մենք փորձագետ ենք, բայց մենք էլ ենք մարդ, այդ ամենի պայմաններում ենք արել, մենք պարտք ենք տվել աստծու դիմաց, մեր խղճի դիմաց, մեր հիպոկրատյան երդման դիմաց»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930