Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրաժարվելով մեր նախնիների մշակույթից, սկուտեղի վրա հանձնում ենք մեր հարեւաններին». Հակոբ Սիմոնյան

Հունիս 04,2021 13:50

«Տեսակետ» ակումբում խոսելով Աղթամիր կիկլոպյան ամրոցի մասին` հնագետ Հակոբ Սիմոնյանը նշեց, որ երկու տարի հայ-բելգիական արշավախումբը պեղել է այն, հրաշալի արդյունքներ ունեցել, իսկ հիմա հուշարձանի վիճակն ավելի քան աղետալի է: «Էքսկավատորներ են այնտեղ աշխատել, տրակտորներ, մարդիկ են եկել… Այդ հոյակապ ամրոցում այժմ խառնաշփոթ վիճակ է, շերտերը խառնված են, միջնադարյան գերեզմանները շուռ տված…Մեր նախնիներն են չէ՞, գոնե միջնադարը չի կասկածվում, ոսկորները թափված են ամենուր»,-ասաց հնագետը:

Նա ընդգծեց, որ քանիցս այդ մասին հարց է բարձրացվել իրավապահ մարմինների առաջ, բայց ապարդյուն: Նաեւ մտավախություն հայտնեց, որ ասուլիսից հետո գուցե իրեն նորից կանչեն, թանկ ժամանակը վատնեն, անիմաստ հարցեր տան, ու վերջում արդյունք չլինի:

Հնագետը հավելեց. «Մինչեւ մեր արժեհամակարգը չփոխվի, մինչեւ նորից չդառնանք այն ազգը, ինչ էինք 1988թ, ոչ մի տեղ հաջողություն չենք ունենալու»:

Անդրադառնալով մեր պատմամշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող վանդալիզմին, ասաց, որ դա նույն է, երբ քեզ ապտակում եւ հայհոյում են, դու չես ուզում իջնել հայհոյողի մակարդակին, մի անգամ էլ են հայհոյում ու ապտակում:

«Երբ Ալիեւն առաջին անգամ ցինիկաբար հայտարարեց, թե այդ տարածքներն իրենցն են՝ չստացավ արժանի հակահարված: Մենք չպետք է գանք քրիստոնեությունից, լավագույն դեպքում հասնենք Տիգրան Մեծ ու կանգնենք, մեր ակունքները շատ ավելի հին են: Հենց պեղումներն են բացում այդ ակունքները: Այս տարածաշրջանի վրա, նկատի ունեմ հատկապես Հյուսիսային Հայաստանը, միակ հնդեվրոպացի ժողովուրդը հայն է: Եվ այս պեղումները բրոնզեդարյան հուշարձանների վկայում են, որ այստեղ ապրողները նույնպես եղել են հնդեվրոպացիներ: Մենք այս ուղղությամբ չենք աշխատում, չունենք պետական հովանավորություն, կարծես թաբու է դրված, որ հանկարծ չասեն, թե Ուրարտուն կապ ունի Հայաստանի հետ… Լավագույն դեպքում թույլ են տալիս Արտաշես Մեծից սկսած խոսել Հայաստանի մասին:

Հրաժարվելով մեր նախնիների մշակույթից, դա սկուտեղի վրա հանձնում ենք մեր հարեւաններին, նրանք էլ լպիրշաբար սկսում են ասել, որ այս հողերն իրենցն են: Ընդհանրապես, Արցախյան ազատագրական պայքարի ժամանակ ինձ մի բան է զարմացրել` պատմականության բացարձակ անտեսումը: Ցույց տվեք որեւէ դիվանագետի, պետության ղեկավարի, որ դրա շուրջ խոսակցություն բացած լինի, չկա նման բան…»,-ասաց Հակոբ Սիմոնյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հակոբը մնում է Հակոբ, ապրես Հակոբ ջան: Իսկ ինչ մնու՞մ է «Ընդհանրապես, Արցախյան ազատագրական պայքարի ժամանակ ինձ մի բան է զարմացրել` պատմականության բացարձակ անտեսումը: Ցույց տվեք որեւէ դիվանագետի, պետության ղեկավարի, որ դրա շուրջ խոսակցություն բացած լինի, չկա նման բան…» պարզից էլ պարզ դառնա, եթե պարզենք թե ո՞վ և ինչու՞ նենգափոխվեց «Միացումը» «Անկախության ճանաչմամբ»:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930