2020-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են:
Այսօր ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանն ասաց, որ նախորդ տարի ԱԺ-ի հաստատված բյուջեն կազմել է 6,96 մլրդ դրամ: Կորոնավիրուսով ու ռազմական դրությամբ պայմանավորված՝ որոշ վերաբաշխումներ են արել: Արդյունքում, 6 միջոցառումներով ԱԺ-ի ճշտված բյուջեն կազմել է 5,2 մլրդ դրամ, իսկ փաստացի ծախսել են 4,7 մլրդ: 1,3 մլրդ դրամ, ընդհանուր առմամբ խնայողություն են արել ու վերադարձրել պետբյուջե: Այս խնայողությունն էլ արել են, որովհետեւ համավարակի պատճառով գործուղումներ, ներկայացուցչական ծախսեր գրեթե չեն եղել:
Խմբակցության նիստեր, արտահերթ ու հերթական նիստեր, հանձնաժողովի նիստեր ավելի քիչ են արել, քան պլանավորել էին 2020-ի համար: Սա Ավետիսյանը նույնպես բացատրեց կորոնավիրուսով՝ ասելով, որ ԱԺ-ն սահմանափակ է գործել: Աճել են բարեկամական խմբերը, 60-ի փոխարեն 64 խումբ է կազմվել:
Նախատեսված է եղել 252 համակարգիչ ձեռք բերել, բայց ձեռք են բերել 202, գնման պահանջը տարվա կեսից չեղարկվել է՝ խնայողության համար:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ծառայողական մեքենաներին՝ Ավետիսյանն ասաց, որ եւս 7 մեքենա 2020-ին կրճատել են ու դրա հետեւանքով կրճատվել է նաեւ վառելիքի ծախսը 9%-ով: Այսինքն, 63 մլն դրամ է նախատեսված եղել ծախսել վառելիքի վրա, ծախսել են 57 մլն դրամ:
«Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանը հորդորեց ասել՝ 2020-ի համար աշխատանքի վարձատրությունը ինչքա՞ն է նախատեսված եղել, դրա մեջ նաեւ պարգեւատրումները ու փաստացի ինչքան են վճարել:
Ավետիսյանը պատասխանեց. «Աշխատողների աշխատավարձեր եւ հավելավճարներ հոդվածով ճշտված բյուջեով ունեցել ենք 3,1 մլրդ դրամ՝ 3 մլրդ 190 մլն նախատեսված գումար, փաստացի ծախսվել է 3 մլրդ 180 մլն: Այսինքն, կատարողականը բավականին բարձր է: Պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարումներ հոդվածով ճշտված բյուջեով նախատեսված է եղել 601 մլն դրամ, փաստացի ծախսվել է 466 մլն, խնայողությունը կազմել է 134 մլն դրամ:
«Իմ քայլից» Սերգեյ Ատոմյանն էլ հետաքրքրվեց՝ 36 մլն բյուջեից ծախսել են՝ ԱԺ-ի արտաքին լուսավորության համար, նախկինում չկա՞ր, թե ավելի գեղեցիկ լինելու համար ծախսեցինք այդ գումարը: Ավետիսյանն ասաց, որ ենթադրում է՝ չի եղել, ավելի վաղ աշխատածները կհուշեն. «Շենքի ֆասադային լուսավորություն, ճարտարապետական տեսքն ընդգծող լուսավորություն չի եղել»: Պատգամավորը տարակուսեց՝ այդ ծախսը մինչեւ պատերա՞զմն է կատարվել, պարզվեց՝ այո, բայց մինչեւ պատերազմն էլ կորոնավիրուս էր ու էլի տնտեսական ճգնաժամ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ