Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատերը կերազեին իրենց մոտ ունենալ այնպիսի փաստեր, ինչ հայտնաբերել ենք Հայաստանում». հնագետ

Հունիս 04,2021 13:08

«Մարտ ամսից սկսել ենք Վերին Նավեր դամբարանադաշտի պեղումները: Վերին Նավեր եւ Ներքին Նավեր դամբարաններն ընդգրկված են ՀՀ կառավարության հնագիտության զարգացման գերակա ծրագրում: Դրանք երկուսն էլ կարեւորագույն եւ բացառիկ տեղեկություններ են պարունակում մեր հնագույն անցյալի վերաբերյալ»,- «Տեսակետ» մամուլի ակումբում հայտնեց հնագետ, արվեստագիտության դոկտոր Հակոբ Սիմոնյանը: Հավելեց, որ այդտեղ հայտնաբերել են այնպիսի արժեքավոր գտածոներ եւ թաղման ծեսի այնպիսի զարմանալի փաստեր, որոնք նրա ձեւակերպմամբ, կարող են հեղաշրջել մեր մշակույթի մասին պատկերացումները եւ մեր ժողովրդի ծագման արմատների վրա նոր լույս սփռել:

Հնագետն անդրադարձավ, մասնավորապես մի քանի կարեւոր հայտնագործությունների` հին աշխարհի պետական վաղ կազմավորումների համատեքստում, ինչի մասին տեղեկությունները հաճախ կցկտուր են, սակայն նրա խոսքով, շնորհիվ հնագիտության, շատ բան պարզ է դառնում:

«Հնագիտության դեպքում գործ ունենք իրեղեն վստահելի աղբյուրների հետ, եւ եթե կարողանում ենք դրանց խոսեցնել, բացվում են պատմության նորացված էջերը: Ահա այստեղ մենք ունենք աշխարհում հնագույններից մեկը` ձիերի զոհաբերություններ 23-րդ դար Քրիստոսից առաջ: Ձին մի կենդանի է, որը եղել է պատմության շարժիչը, դա ինդիկատոր է, որը ցույց է տալիս հնդեվրոպական մշակույթի լինելը: Պատահական չէ, որ բազմաթիվ երկրներ պետական մակարդակով շատ լուրջ ուշադրություն են դարձնում այս խնդրին: Դրանք եվրոպական բոլոր երկրներն են, Ռուսաստանը, Ամերիկան:

Շատերը կերազեին, որ իրենց մոտ հայտնաբերվեին այնպիսի փաստեր, ինչ մենք հայտնաբերել ենք Հայաստանում: Դրանք, օրինակ, հին վեդդայական ծեսով կատարված ձիերի զոհաբերություններ են: Վեդդաները հնագույն արիական հիմներ են, որոնք խոսում են մեզ հասած ամենահին գրավոր լեզվով` հնդեվրոպական, հնդիրանական, հնդարիական թաղման ծեսերի մասին: Այս ծեսերի նախատիպերը փաստվել են Ներքին Նավերի պեղումների շնորհիվ»,-ասաց Հակոբ Սիմոնյանը:

Նրա խոսքով. «Ամենահամարձակ հետազոտողները վեդդաները եւ հնդիրանական ցեղերի տեղաշարժերը վերագրում են ՔԱ 15-րդ դարին, իսկ մեզ մոտ եղած հայտնագործությունները պատկանում են 700-800 տարի ավելի վաղ շրջանի: Այսինքն, այստեղ նախազրադաշտական, կամ նախաավեստայական ծեսերի բացահայտում է` դիակիզում, մահացած մարմինների մաքրագործում, որից հետո միայն սրբազան հողին կարելի է հանձնել մարդու մասունքները:

Հին հավատալիքների համաձայն` չէր կարելի դին հպել սրբազան հողին, դա կառաջացներ աստվածների զայրույթը, երաշտ կլիներ, փորձանքներ կգային: Դրա համար մաքրագործման երկու միջոց են կիրառել հին հնդեվրոպացիները, մեկը դիակիզումն էր, որը վկայված է բազմաթիվ աղբյուրներով, այդ թվում` հին հռոմեական եւ հիմ հունական: Մյուս միջոցը, որ ավելի շատ տարածված է Իրանում, Զրադաշտական ծեսն է, երբ դիերը դրվում էին բարձր աշտարակների վրա, որպեսզի գիշատիչ գազանները եւ թռչունները հոշոտեին:

Ավելին, նույնիսկ հատուկ գամփռներ էին հենց այդ նպատակով պահվում, որից հետո միայն փափուկ հյուսվածքներից մաքրագործված ոսկորները կարելի էր հանձնել սուրբ հողին: Այս երկու երեւույթն էլ մենք տեսնում ենք Նավերի պեղումների ժամանակ»,-ընդգծեց հնագետը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930