ԱԺ արտահերթ նիստում այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ելույթում մատնանշեց, թե ինչպիսի վիճակի է հասել պետական համակարգը, որ բյուջետային քննարկումներին ԱԳ նախարարությունից որեւէ փոխնախարար չի ներկայանում։
Ապա «Իմ քայլի» պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը վրդովված ելույթ ունեցավ՝ պետության կործանումը երազողներին կոչ անելով զինվել համբերությամբ, որովհետեւ նման բան չի լինելու։
«Շատ ես խոսում»,-տեղից բղավեց Միքայել Մելքումյանը։
Կարդացեք նաև
Ապա Վարդանյանը դիմեց «Բարգավաճ Հայաստանից» Արման Աբովյանին․ «Պարոն Աբովյան, վերջին անգամ ԲՀԿ-ականները ե՞րբ են մասնակցել պետաիրավական հանձնաժողովի նիստին։ Խորհրդի նիստերին ե՞րբ եք մասնակցել։ Ժողովուրդը պետք է հասկանա, թե ով է ԱԺ-ում աշխատում, իսկ ով է ժամանցով զբաղվում»։
Արման Աբովյանը հարցադրմամբ պատասխանեց․ «Ինչի՞ց եք այդպես ջղայնացել, ձեզ այդպես ջղայնացած չեմ տեսել։ Նախ, եթե հասկանալի չի, կրկնեմ, որ պատերազմից հետո ձեր բերած օրակարգերը չեն համապատասխանում իրականությանը։ Գայինք ձեր հետ ի՞նչ քննարկենք, արտադրական կանե՞փը․․․չհամարձակվեք սրանից հետո մեզ ցուցում տալ, թե որտեղ ու ինչին մասնակցենք։ Շատ մեծ հարց է, թե ով, որտեղ եւ ինչ ժամանց է անում»։
Վլադիմիր Վարդանյանն էլ իր հերթին հարցադրում արեց՝ պատգամավորները հարկատուներից են աշխատավարձ ստանում, եւ մեկն ամեն օր աշխատում է, մյուսը բացակա է, դա նորմա՞լ է։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ