Լրահոս
Օրվա լրահոսը

«Չէին կարող տեղեկացված չլինել, իրենք շատ լավ տեղյակ են դիահերձարանի հագեցվածությանը». «Հրապարակ»

Հունիս 04,2021 12:15

Աբովյանի դիահերձարանից հրապարակված ահասարսուռ կադրերից հետո, ինչպես հայտնի է, «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը եւ այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել է աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:

Մենք զրուցեցինք դիահերձարանի արդեն նախկին վարիչ Անրի Ավագյանի հետ։

– Խնդրում եմ ասեք՝ երբվանի՞ց եւ ո՞ւմ հրահանգով են պատերազմում զոհված տղաների դիերն ու մասունքներն Աբովյանի դիահերձարանում հայտնվել։

– Ես մի բան կարող եմ ասել, որ իմ հնարավորության սահմաններում կարողացել եմ անել առավելագույնը։ Իսկ դիերն իրենց ցուցումով մայիսի 28-ին են բերվել Աբովյան։

– Այսինքն՝ ի սկզբանե նախարարությունում տեղյակ են եղել, որ ձեզ մոտ դիերի պահման պայմաններ չկան։

– Ո՞նց կարող են չիմանալ պայմանների մասին, իրենք են տնօրենները, ո՞նց կարող են չիմանալ, թե ինչ հագեցվածություն ունի տվյալ ստորաբաժանումը։

– Ենթադրենք՝ չգիտեին, դուք չե՞ք ասել, որ պայմաններ չկան, պայմաններ ստեղծեք, երկրորդ՝ մայիսի 28-ին որտեղի՞ց են բերել եւ ինչո՞ւ։

– Դա մեկ օրում հնարավոր չէր կազմակերպել, 28-ին են բերել դիերը, փորձեցինք կազմակերպել, ուղղակի ստացվեց այն, ինչ ստացվեց։ Բերվել են Մեծամորից, այնտեղ սառնարանը խափանվել էր, արագ, հրատապ ֆորսմաժորային իրավիճակ էր, պետք է արագ կարգավորվեր հարցը՝ մինչեւ հետագա լուծումները։

– Բայց դիահերձարան այցելած հարազատները, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասում էին, որ ճանճապատ, բորբոսնած սենյակներ են, գարշահոտը խեղդում է, մեկ օրվա ընթացքում հնարավո՞ր է նման բան լիներ, նախարարությունն էլ առաջին պարզաբանման մեջ ասում էր, թե Աբովյանում պահման պայմանները համապատասխանում են մասնագիտական չափորոշիչներին։

– Իհարկե, կլիներ։ Դրանք շատ հին դեպքեր են, անհայտ դեպքերն են, ի սկզբանե այդ վիճակում են եղել։

– Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ կառավարությունը կամ նախարարը չէին կարող պտտվել բոլոր դիահերձարաններով, տեսնել, թե ինչ պայմաններում են պահվում մարմինները, այսինքն՝ իրենք տեղյակ չե՞ն եղել, թե ինչ պայմաններում եք պահել դիակներն ու մասունքները։

– Այդպես չէ, իրենք չէին կարող տեղեկացված չլինել, իրենք շատ լավ տեղյակ են դիահերձարանի հագեցվածությանը։

– Իսկ հնարավոր չէ՞ր, որ մարմինները չլցնեիք իրար վրա, գոնե սեղանների վրա շարեիք։

– Չկա, պատկերացնո՞ւմ եք՝ չկա, երկու պատգարակ է ընդամենը ամբողջ դիահերձարանում։

– Դուք Ձեզ ո՛չ մեղավոր եք համարում, ո՛չ էլ պատասխանատու, ասում եք, որ բոլոր հնարավոր միջոցներն արել եք, ֆորսմաժորային իրավիճակ էր․․․

– Բացարձակ։

– Այդ դեպքում ինչո՞ւ Ձեզ աշխատանքից ազատեցին։

– Ես հուսով եմ՝ հարցը կշտկվի։

– Կվերականգնվե՞ք, բայց սա իրավական առումով նաեւ հանցանք է…

– Հուսով եմ՝ կհասկանան, թե ինչն է խնդիրը։ Ուղղակի նուրբ հարց էր, մեկնաբանություններ տվին, չես կարող ասել, թե ինչ, ոնց․․․ Ի դեպ, ես իմ դիմումի համաձայն եմ ազատվել։ Այսքանով վերջացնենք։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930