Լրահոս
Օրվա լրահոսը

Հստակ է՝ գերեվարված անձանց Ադրբեջանն օգտագործում է որպես քաղաքական պատանդ և լծակ՝ այլ խնդիրներ հետապնդելու նպատակով

Հունիս 04,2021 12:10

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ

Մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել էր Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից քրեական հետապնդման փաստը: Շարունակելով խախտել մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես` Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիան, որում հստակ սահմանվում է, որ ռազմագերիներն ազատվում և հայրենադարձվում են անմիջապես ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո, Ադրբեջանը ևս 14 գերեվարված հայ զինծառայողների նկատմամբ սկսել է շինծու քրեական հետապնդում, ինչը նաև խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունները:

16 հայ զինծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործերը, ինչպես նաև մյուս հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացվող խոշտանգումներն ու հոգեբանական ճնշումը միջազգային իրավունքի վտանգավոր խախտման նախադեպ են: Հստակ է, որ գերեվարված անձանց Ադրբեջանն օգտագործում է որպես քաղաքական պատանդ և լծակ՝ այլ խնդիրներ հետապնդելու նպատակով։

Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով արհամարհում է նաև ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումները՝ Ադրբեջանում գերեվարված հայ զինվորականների և քաղաքացիական անձանց մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ:

Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է թաքցնել գերիների իրական թիվը՝ հերքելով տասնյակ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման հանգամանքը։ Ավելին, Ադրբեջանը հերքում է նույնիսկ այն անձանց գերեվարումը, որոնց՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվելու վերաբերյալ առկա են հստակ ապացույցներ թե՛ տեսանյութերի և թե՛ հայրենադարձած գերիների վկայությունների տեսքով, ինչը մի շարք ծանր հանցագործությունների կատարման կասկածանքի հիմք է տալիս:

Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք պետք է շուտափույթ ազատ արձակվեն և հայրենադարձվեն առանց որևէ նախապայմանի:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930