Փորձենք հասկանալ, թե ընտրություններին ինչ կարգախոսներով ու թեզերով են մասնակցում հիմնական «ոխերիմ» ախոյանները՝ Հայաստանի ներքաղաքական այն ուժերը, որոնք հավակնում են տեղ զբաղեցնել նոր խորհրդարանում: Թեզերը, կարծես թե, հայտնի են եւ այնքան պարզունակ, որ դժվար է դրանք քաղաքական գաղափարախոսություն անվանել.
Այսպես կոչված՝ «նորերի» կամ գործող իշխանության թեզն է «Ո՛չ նախկին թալանչիներին»:
Այսպես կոչված՝ «նախկինների» (որոնց տակ կարելի է հասկանալ ցանկացած ուժի, որը նախկինում եղել է խորհրդարանում կամ Կառավարության կազմում) հիմնական թեզը պարզունակությամբ չի զիջում առաջինների հայեցակետին. «Ո՛չ դավաճաններին ու կապիտուլյանտներին»:
Այսպես կոչված՝ «երրորդ» ուժերի թեզը, ովքեր ոչ նախկինում, ոչ ներկայում իշխանության մաս չեն կազմել, նույնպես ոչինչ չասող արտահայտություն է՝ «Ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին»։ Ըստ ճաշակի, այդ հայեցակետին կարելի է ավելացնել երրորդ ձեւակերպումը. «Ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին. ազգային ապագա» կամ «Ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին. քաղաքացու որոշում», կամ էլ «Ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին. դեպի լուսավոր Արեւմուտք» եւ այլն։ Կարելի է շարունակել ըստ ճաշակի եւ ըստ ընկալման պարզունակության։
Կարդացեք նաև
Ինչպես տեսնում ենք, Հայաստանի քաղաքական միտքը գնալով ավելի պարզունակ ու ավելի պոպուլիստական է դառնում։ Սակայն հանրության սպասելիքներն այլ են, որոնք վերաբերում են՝
Արցախի ապագային,
Հայաստանի սահմանների անվտանգությանը,
տնտեսության սպասվելիք կոլապսից խուսափելուն,
ահագնացող արտագաղթի տեմպերին,
հանրության բարոյահոգեբանական վիճակի փոփոխությանն ու հանրության պառակտման հաղթահարմանը։
Ցուցակը կարելի է շարունակել, սակայն դա չէ խնդիրը, այլ գոնե այդ հինգ հարցերի պատասխանները տալը, այսինքն՝ այդ հարցերը, թեկուզ թեզիսների մակարդակում, հանրությանն առաջարկելը։ Կա՞ արդյոք որեւէ նման առաջարկ, թե՝ չկա։
Սա է խնդիրը ու, կարծես թե, այդ հարցերը մնալու են օդում կախված, առանց պատասխանների։ Բնականաբար, դա քաղաքական մտքի ու կուսակցությունների սնանկացման հետեւանք է եւ մեր ներկայի հիմնական նկարագիրը:
Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի «Հայացք Երեւանից» կայքէջում