Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի արդյունքում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Հովհաննես Ղազարյանը, ում իրավունքների պաշտպանությունը ստանձնել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը, 2021թ. հունվարին ՀՀ կառավարությունից ստացավ 1000 եվրո փոխհատուցում։
Դեռեւս 2016թ. հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած հավաքների մասնակից Հովհ. Ղազարյանը կալանավորվել էր՝ մեղադրվելով ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը)։ Այնուհետեւ, ՀՀ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հերթական անգամ երկարաձգել էր նրա նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը։
Հովհ. Ղազարյանը նշում է. «Երկու ոստիկան ցուցմունք են տալիս, որ ես քար եմ նետել ոստիկանի վրա եւ դրա հիման վրա ձերբակալում են ինձ. սա ինձ համար անընդունելի է, նրանք առնվազն պետք է պատասխանատվության ենթարկվեին»:
Վերաքննիչ դատարանը, քննելով գործը, առաջին ատյանի դատարանի որոշումը որակել էր անհիմն ու անօրինական՝ հատուկ ընդգծելով խափանման ամենախիստ միջոց կալանքը կիրառելու համար դատարանի ծանրակշիռ պատճառների բացակայությունը, բացի դրանից՝ հաշվի առնելով Ղազարյանին մեղսագրվող արարքի վտանգավորության ցածր աստիճանը, նախկինում նրա՝ դատապարտված չլինելը, ինչպես նաեւ այն պայմանները, որոնցում նա պահվել էր. խցերը ունեին շուրջ 30 քմ մակերես, որտեղ պահվել են 12-13 մարդ, ինչը հակասում է եվրոպական չափանիշներին: Վերաքննիչ դատարանը բավարարում է Անի Չատինյանի բողոքը՝ բեկանելով կալանքը եւս 2 ամսով երկարաձգելու որոշումը։ Հովհ. Ղազարյանն ազատ է արձակվում դատական նիստերի դահլիճից, իսկ 2018թ. հունիսին՝ արդարացվում։ Բացի դրանից՝ 2019թ.-ին Երեւանի առաջին ատյանի դատարանը բավարարում է Անի Չատինյանի հայցը՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջով՝ 2 մլն դրամի չափով։ Ի պաշտպանություն Հովհ. Ղազարյանի իրավունքների՝ Անի Չատինյանը դիմել էր ինչպես տեղական արդարադատության բոլոր օղակներ, այնպես էլ 2017թ.-ին ՄԻԵԴ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ (Ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք) եւ 11-րդ հոդվածների (Հավաքների եւ միավորման ազատություն) խախտման հիմքով։
Կարդացեք նաև
ՄԻԵԴ-ի որոշման հիման վրա հասնելով բարեկամական հաշտության՝ ՀՀ կառավարությունն ընդունել էր, որ խախտվել է Հովհ. Ղազարյանի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքը եւ փոխհատուցել էր պատճառված վնասը 1000 եվրոյի չափով։
«Հելսինկյան գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը շատ մեծ գործ կատարեց. իմ կալանքում գտնվելու ժամանակ հնարավորություն չունեինք ընտանիքով փաստաբան վարձելու, բայց լավ է, որ Հելսինկյան գրասենյակը օգություն ցուցաբերեց ի պաշտպանություն իմ իրավունքների»,- ասում է Հովհաննեսը։
ՀՀ դատարանները հիմնականում կիրառում են խափանման միջոցներից ծանրագույնը՝ կալանքը, երբ հնարավոր է ավելի մեղմ միջոցներ կիրառել։ Այս համատարած արատավոր պրակտիկան վերացնելու հարցում այս որոշումը առանցքային նշանակություն ունի։ Հատկանշական է, որ ՀՀ կառավարությունն ընդունել է Հովհ. Ղազարյանի նկատմամբ կալանք կիրառելու բավարար չափով չհիմնավորված լինելը եւ նրա իրավունքների խախտումը, եւ հարցը լուծվել է բարեկամական հաշտությամբ։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
«Առավոտ» օրաթերթ
03.06.2021