Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծանուն Վարդան Աճեմյանի ոչ ստեղծագործական կյանքից մինչեւ ծոռնուհու մենահամերգը՝ նվիրված մեծ պապի ծննդյան 115-ամյակին

Հունիս 04,2021 13:30

2020թ. համավարակի բուռն շրջանում ռեժիսոր Վարդան Աճեմյանի ծննդյան 115-ամյակը (սեպտեմբերի 15) աննկատ անցավ, բայց օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում անվանի արվեստագետի ծոռնուհին՝ դաշնակահարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Արուս Աճեմյանը հանդես եկավ մենահամերգով՝ նվիրված մեծ պապի հոբելյանին։ Նշենք, որ այս համերգը նախատեսված էր 2020թ.։

Մենք չէ, որ պետք է ներկայացնենք նման մեծության ստեղծագործական կյանքը, բայց դժվար է պատկերացնել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հարուստ տարեգրության մի երկարատեւ ժամանակահատված առանց նրա բարձրարվեստ բեմադրությունների։ Լայն ընթերցողին տեղեկացնենք, որ տարբեր տարիների Վարդան Աճեմյանը հանդիսացել է նաեւ Գյումրիի՝ այսօր իր անունը կրող թատրոնի եւ Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը։

(1905-1977թ.թ.)

Մինչ Արուս Աճեմյանի հետ մեր զրույցը ներկայացնելը նշենք, որ ռեժիսորի բուռն ստեղծագործական կյանքը զերծ չի եղել ինտրիգներից։ Մեզ հետ զրույցներում թատերարվեստի որոշ ներկայացուցիչներ «ոչ ստեղծագործական» փակագծեր են բացել՝ պատմելով Աճեմյանի կյանքից դրվագներ։ Մեր զրուցակիցների հավաստմամբ եւ նրանց որակմամբ՝ այդ բարի մարդը, աննկարագրելի դժվարությունների միջով էլ է անցել։

1938թ. հատուկ ծառայության մի խումբ աշխատակիցներ հայտնվում են Գյումրիի թատրոնում՝ Աճեմյանին բերման ենթարկելու եւ հետագայում աքսորելու նպատակով (ի դեպ, Աճեմյանը ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի ազգականն էր, որը հալածվել է իր քաղաքական հայացքների համար եւ սպանվել)։ Այդժամ, ի պաշտպանություն Աճեմյանի, ելույթ է ունենում թատրոնի դերասան Գուրգեն Հակոբյանը։ Ելույթն այնքան ազդեցիկ է լինում, որ տեղում ձերբակալում, ապա աքսորում են դերասանին։

Աքսորավայրից վերադառնալուց հետո Աճեմյանը նրան հրավիրում է Գ. Սունդուկյանի անվան թատրոն եւ շնորհիվ աճեմյանական բեմադրություններում նրա կերտած կերպարների՝ դերասանն արժանանում է վաստակավորի կոչման։ Խորհրդային տարիներին բնորոշ էր նաեւ Կենտկոմ անստորագիր նամակներ ուղարկելը։

Այդպիսի բազմաթիվ նամակներ տարբեր ժամանակներում գրվել են նաեւ Աճեմյանի դեմ։ Մեր զրուցակիցների խոսքերով՝ այդ անանիմկաներում պարզապես հորինված մեղադրանքներ էին, որոնք իրականությանը չէին համապատասխանում։ Դրանց հեղինակները մոռանում էին, որ այդ տարիների Կենտկոմի առաջին քարտուղարները, մեծ արվեստասեր լինելով, բաց չէին թողնում ոչ մի պրեմիերա։

Ավելին՝ նրանք հետաքրքրվում էին արվեստագետների նաեւ սոցիալական խնդիրներով։ Մեր զրուցակիցները նշեցին հատկապես Գրիգոր Հարությունյանի եւ Կարեն Դեմիրճյանի ղեկավարման տարիները։ Տարօրինակ զուգադիպությամբ նրանք երկուսն էլ նույնկերպ են վարվել Աճեմյանի հետ. հրավիրել են նրան Կենտկոմ, ցույց տվել «դոսյեների» տրցակը, ապա հայտնել, որ դրանք պահում են փակի տակ, ինչը ոչնչացնելուն համազոր է։ Կոմեդիայի թատրոնը ղեկավարած տարիներն էլ առանց միջադեպերի չեն եղել, որոնց պատճառով ընդամենը մի քանի տարի աշխատելուց հետո նա ստիպված հեռանում է, իր հետ Սունդուկյան «տանելով» այնպիսի դերասանների, ինչպիսիք էին Վերջալույս Միրիջանյանը, Թադեւոս Սարյանն ու Էդվարդ Հարությունյանը։ Իսկ Սունդուկյան թատրոնում էլ հանգիստ չէր. երեք դերասաններ (անունները չենք բարձրաձայնում՝ հարգելով նրանց վաստակը), որոնց «աճեցրել» էր ռեժիսորը՝ նրանց հասցնելով ոչ միայն ճանաչման, այլեւ հանդիսատեսի սիրուն, ոչ ավել-ոչ պակաս՝ «աչք ունենալով» Աճեմյանի աթոռին, սկսում են ինտրիգներ եւ Աճեմյանի դեմ, եւ միմյանց նկատմամբ։ Բանը հասնում է նրան, որ ելույթ է ունենում ժողովրդական արտիստուհիներից մեկը եւ հայտարարում, թե ինքը վայր կդնի պարտտոմսը, եթե հենց վաղը Վարդան Նիկիտիչը չհեռանա թատրոնից…

Հիմա անդրադառնանք Արուս Աճեմյանի հետ մեր զրույցին։ Նախ հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է պատկերացնում մեծ պապին, քանի որ նրա կերպարը ձեւավորվել է հոր՝ Վարդան Աճեմյանի, պապի՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի, մեծ տատի՝ դերասանուհի Արուս Աճեմյանի պատմածներով։ «Ծնվել եմ մի ընտանիքում, որտեղ առայսօր, առանց չափազանցության, թեւածում է մեծ պապիս շունչը։ Նրա մասին պատմություններն այնքան տպավորիչ են, որ կարծես ճանաչել եմ, նույնիսկ շփվել նրա հետ, ավելին՝ լսել նրա խորհուրդները»,- ասաց մեր զրուցակիցը։

Դիտարկմանը՝ մի կողմից իր բախտը բերել է, որ նման ընտանիքում է ծնվել, մյուս կողմից՝ դժվար է նման անհատականությունների զավակ լինելը, էլ չխոսենք ինտրիգների մասին, Արուս Աճեմյանը պատասխանեց. «Դա մի աննկարագրելի պատասխանատվություն է։ Ողջ կյանքդ կարծես նվիրում ես այն գաղափարին, որ այդ գերդաստանի անդամն ես։ Վստահ եմ, որ հանդիսատեսը ունկնդրելով իմ կատարումները, զուգահեռ պատկերացնում է իմ փառահեղ գերդաստանի մյուս անդամների գործունեությունը… Ինչ վերաբերում է ինտրիգներին, ասեմ, որ կարիերաս սկսել եմ շատ վաղ տարիքից եւ կարելի է ասել՝ մանկուց առնչվել ինտրիգ կոչվածի հետ։ Պատկերացնում եք, չէ՞, երեխայի համար ի՜նչ հոգեբանական սթրես է դա։ Բայց չզարմանաք, որ ասեմ, թե ինչ-որ տեղ ես դրանից նաեւ հաճույք եմ ստանում։ Եղել են պահեր, որ շատ ծանր եմ տարել, բայց ընտանիքս նման դեպքերում փորձել է ոչ թե խորհուրդ տալ, այլ սովորեցրել է պարզապես վեհ ու մեծահոգի լինել»։ Զրույցի ընթացքում մենք էլ փորձեցինք ինտրիգ ստեղծել, ասելով, թե ճանաչված ազգանունը, միեւնույն է, իր դերը խաղում է նույնիսկ բարձրակարգ մասնագետ լինելու դեպքում, փաստելով, որ դաշնակահարուհին ելույթներ է ունեցել ողջ աշխարհում։ Դրան ի պատասխան՝ Արուս Աճեմյանը ժպտալով ընդամենն ասաց. «Երկու երկրում բեմ չեմ բարձրացել՝ Ավստրալիայում եւ Ճապոնիայում»։

Իսկ կայացած երեկոյին դաշնակահարուհին բարձրարվեստ հնչեցրեց Շոպենի, Շոստակովիչի, Ռախմանինովի, Լիստի, Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի եւ կրտսեր Վարդան Աճեմյանի ստեղծագործությունները։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930