Ամեն ինչը մի ուրիշ անկյան տակ տեսնելու սովորություն ունեցող Արթուր Աբաղյանը հայոց բանակի սպա է: Ցանկացած դեպք, առարկա, երեւույթ, անգամ չնչին թվացող պահերին նայում է այլ տեսանկյունից ու իր բնավորության համաձայն՝ չի կենտրոնանում այլոց կարծիքների վրա։ Ասում է՝ եթե լսեր այդ կարծիքները, հաստատ գրիչ չէր վերցնի ու ոչ մի տող չէր գրի:
Արթուրը, լինելով զինվորական, ասում է, որ ծառայության մեջ փոքր-ինչ բարդ են պատկերացնում, որ հնարավոր է արվեստը համատեղել ծառայության հետ։ Բայց զրուցակիցս փաստում է, որ իրականում համատեղելը ոչ թե բարդ է, այլ վերին աստիճանի բարդություն է իրենից ներկայացնում, եթե չես ուզում թերանալ ծառայողական պարտականություններդ կատարելուց, բայց եւ միեւնույն ժամանակ ուզում ես արվեստի մեջ քո հետքը թողնել։
Նրա համար կարծրատիպեր կոտրելը սովորական է դարձել, որովհետեւ կյանքն այնքան կարճ է, որ ժամանակի պահով պետք է շտապել: «Որոշեցի համարձակություն ունենալ ու այն կարճ ժամանակահատվածում, երբ զենքը դրվում է զինանոց, վերցնել թուղթ ու գրիչ եւ խախտել սովորական դարձած սպայական լռությունը»,-ասում է Արթուր Աբաղյանը՝ ավելացնելով, որ հենց այդպես էլ ծնվեց իր հեղինակային առաջին՝ «Դավաճանությունից 30 րոպե առաջ ու հետո» գիրքը։
Հեղինակին շատ են հարցնում, թե երբ է հասցնում ծառայության ընթացքում անել այս ամենը։ Նույնօրինակ հարցիս Արթուրը պատասխանեց. «Իհարկե՝ քնի ժամին, հանգստի հաշվին»։ Առաջին գիրքը, որի վերնագիրն արդեն ասում է բովանդակության մասին, հայրենասիրական ճեղքվածքներ ունի։ Կարճ վիպակում հեղինակն անդրադառնում է ե՛ւ Արեւմտյան Հայաստանում կոտորածների թեմային, ե՛ւ Արցախյան առաջին պատերազմին, ե՛ւ 44-օրյա պատերազմին։ Այդ ամբողջ պատմությունն Արթուրը իրար է հյուսել գեղեցիկ սիրո պատմությունով։ Ամեն ընթերցող յուրովի կբացահայտի բառերի գաղտնիքը, հայրենիքին կարոտելու եւ սիրելու երեւույթը, իրականի եւ տարակերպի ամբողջականությունը։ Պատերազմից հետո լույս տեսած գրքի կողքին մոտ ժամանակներս նաեւ Արթուրի նոր` «Մեծ սուտասանը կամ ով եմ ես» գիրքն է, որը մարդկային բարդ ներաշխարհի ու ավելի բարդ արտաքին աշխարհի մասին է։
Գրքում հեղինակն անդրադարձել է մարդու ներսում կատարվող տարբեր երեւույթների, որոնք ուրիշների համար անտեսանելի են։ Ի տարբերություն առաջին գրքի, երկրորդում ժանրային թռիչք է արել եւ այս անգամ ընթերցողներին ներկայացնում է թրիլեր վիպակ։ Գլխավոր հերոսը աշխարհիս երեսի բոլոր մեղքերը շալակած, բոլոր պատվիրանները պարբերաբար խախտելով՝ փորձում է գտնել ուղին առ Աստված։ Դե իսկ ամեն ընթերցող, որպես դատավոր կարող է վերցնել մուրճը ու մեկ հարվածով վճռել` մեղադրել հերոսին, թե արդարացնել։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.06.2021